«ԱՐԳԵԼՈՂԸ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ ՉԷ, ԱՐԳԵԼՈՂԸ ՀՀ ԸՕ-Ի ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացրել է «Ծառուկյան» դաշինքին քարոզարշավի ընթացքում դրամական կամ այլ աջակցություն հատկացնելու խոստումներ չտալ, քանի որ դա արգելվում է օրենքով: Բայց քարոզարշավների ժամանակ խոստումներից զերծ չեն մնում նաեւ մյուս կուսակցությունները: Ինչո՞ւ նրանք եւս չեն զգուշացվում, եւ ինչո՞ւ ԿԸՀ-ն չի արձագանքում իշխանության կողմից վարչական ռեսուրսների գործադրման դրսեւորումներին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ի զրուցակիցը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է:

-Պարո՛ն Մուկուչյան, ԿԸՀ-ի կողմից «Ծառուկյան» դաշինքին զգուշացնելուց հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ որեւէ մեկին որեւէ բան չի տրամադրվել, եւ մարդկային վերաբերմունքը ոչ մի աղերս չունի «ընտրակաշառք» ձեւակերպման հետ:
-Մենք հիմք ենք ընդունել ընտրական օրենսգրքի պահանջները, իսկ ԸՕ-ի պահանջները շատ հստակ են. նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է ինչպես անձամբ, այնպես էլ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք կամ մատուցել կամ խոստանալ մատուցելու ծառայություններ: Օրենսգրքի պահանջները շատ հստակ են, կա սահմանափակում: Նույնիսկ այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել կամ ասոցացվել կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարողանա իրականացնել այն համայնքներում, տվյալ պարագայում հանրապետությունում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները: ԿԸՀ-ն ընդամենը բարձրաձայնել է նշված օրենքի պահանջը, որը պետք է պահպանվի քարոզչությամբ զբաղվող բոլոր թեկնածուների կողմից:
-Զգուշացումից հետո Գագիկ Ծառուկյանը օգնության խնդրանքով իրեն մոտեցող քաղաքացիներին տեղեկացնում է, որ Դուք արգելել եք որեւէ օգնություն ցուցաբերել, եւ այդ քաղաքացիներին ուղղորդում է Ձեզ մոտ…
-Արգելողը Մուկուչյանը չէ, արգելողը ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներն են:
-Իսկ ինչո՞ւ ԿԸՀ-ն չի զգուշացնում ՀՀԿ-ին, չէ՞ որ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ քարոզչության ժամանակ խոստանում է ներդրումներ կատարել:
-Ես կարծում եմ՝ մենք խոսում են տարբեր հանգամանքների մասին, յուրաքանչյուր դեպքում հիմք են ընդունվում հանգամանքները, տվյալ պարագայում ես կարծում եմ՝ մենք տարբեր հանգամանքների մասին ենք խոսում:
-«Հայկական վերածնունդ» կուսակցությունն էլ իր հանդիպումների ժամանակ քաղաքացիներին խոստանում է ավանդները վերադարձնել: Դա ԸՕ-ի խախտու՞մ չէ:
-Ցանկացած կուսակցության ծրագրում բնականաբար ներկայացված են անելիքներ, թե ինչպիսին դրանք պետք է լինեն, եւ բնականաբար ԸՕ-ի պահանջները չպետք է մեկնաբանվեն այնպես կամ այն ծավալով, որ ընդհանրապես արգելվի կուսակցություններին ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, մոտեցումները եւ այլն: Տվյալ պարագայում խոսքը հստակ վերաբերում է դրամ, արժեթղթեր, ապրանքներ տրամադրելուն կամ խոստանալուն, ծառայություններ մատուցելուն կամ խոստանալուն, դրանք բոլորովին տարբեր բաներ են:
-Այդ հարցի շուրջ «Ծառուկյան» դաշինքից բացի՝ որեւէ այլ կուսակցության զգուշացվե՞լ է:
-Եթե որեւէ այլ թեկնածու կուսակցության մոտ նման հանգամանք նկատվեր, միանշանակ նույն վերաբերմունքը կդրսեւորվեր, եւ նույն կերպ ԿԸՀ-ն հանդես կգար՝ հրապարակային իր կարծիքը ներկայացնելով:
-Ընդդիմադիր կուսակցությունները բարձրաձայնում են, որ իշխանություններն օգտագործում են իրենց վարչական ռեսուրսները: Նման դեպքերին ինչո՞ւ չեք արձագանքում:
-Գիտեք, յուրաքանչյուր հանգամանք, որը բարձրաձայնվում է, պետք է կոնկրետ փաստական հանգամանքներով հիմնավորվի: Քարոզարշավին, որին որ մենք եւս հետեւում ենք, բնականաբար չենք կարող ներկա գտնվել բոլոր վայրերում, բայց զանգվածային լրատվության միջոցներով հետեւում ենք, այլ տեղեկատվական աղբյուրներով, ահազանգեր են լինում, ինչ-ինչ հանգամանքներ են ներկայացվում եւ այլն, այդ համատեքստում եթե ԿԸՀ-ն ինքը հայտնաբերի նշվածներով պայմանավորված ԸՕ-ի խախտումներ, ապա բնական է, որ օպերատիվ կարգով կձեռնարկի համապատասխան միջոցներ խախտումները կանխելու եւ հետեւանքները վերացնելու, իսկ կախված բուն փաստական հանգամանքներից՝ նաեւ վարչական վարույթներ հարուցելու ուղղությամբ:

 

 

 

 
ՊԵՏՈՅԱՆԸ ՆԱԽԱՆՁՈՒՄ Է ՎԱՐԱԳՅԱՆՆԵՐԻՆ

Խորհրդարանական ընտրություններին Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից է նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանը: «Ժողովուրդ»-ը թեկնածուի հետ զրուցել է նրա քաղաքական ապագայի եւ Վարագյանների հետ հնարավոր լարվածության մասին:

-Պարո՛ն Պետոյան, հաշվի առնելով, թե ովքեր են Ձեր ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
-Շատ լավ, նորմալ, որովհետեւ մեր Արթիկի շրջանում ՀՀԿ-ի միակ թեկնածուն ես եմ, այլ թեկնածու չկա:
-Շիրակի մարզում առաջադվել են նաեւ Մարտուն Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Վարդան Ղուկասյանը: Նրանց հետ պայքարն ինչպե՞ս եք պատկերացնում, բախումներ չե՞ն լինում:
-Չգիտեմ՝ ինչքանով եք ծանոթ՝ Գյումրին իր առանձնահատկություններն ունի, Արթիկն՝ իր, խոչընդոտներ կամ մրցակցություն մեկս մյուսի նկատմամբ չունենք, մեր տարածաշրջանի ժողովուրդն ուզում է ունենալ իր պատգամավորը, այնտեղ էլ՝ իրենցը:
-Այսինքն՝ տարածքների՞ եք բաժանել:
-Ո՛չ, դե, մենք բոլորս էլ փորձում ենք բոլոր տեղերից հարազատական կապեր կամ, չգիտեմ, ընտրազանգվածներ ունենալ, այնպես չէ, որ սահման է դրած, բայց բնականաբար հասկանում ենք, որ մեր կողմի ժողովուրդը կուզի իր համաքաղաքացին լինի, որ հեշտ լինի վաղը-մյուս օրն այդ մարդուն տեսնելը:
-Դուք Ձեզ տեսնու՞մ եք օրենսդիրում, թե՞ ընտրություններից հետո հնարավոր է՝ Ձեր մարզում որեւէ այլ պաշտոնի անցնեք:
-Գիտեք ինչ, այնպես չէ, որ պատգամավոր դառնալն ինձ համար երազանք է կամ գերխնդիր, պարզապես տեսնենք՝ ինչ հաջողություններ կունենանք, ինչպես ժողովուրդը կքվեարկի, կգնահատի նախկինում Արթիկում կատարած իմ աշխատանքները: Այնպես որ, ծանր չեմ տանի, եթե Ազգային ժողովում չլինեմ կամ մեկ ուրիշ պաշտոնում:
-Ձեր ընտրատարածքի թեկնածուներն այս շրջանում բավականին ակտիվորեն բարձրաձայնում են իրենց հանդիպումների մասին, իսկ Դուք լռում եք, ինչո՞ւ:
-Ո՛չ, ինչու, լավ էլ ակտիվություն դրսեւորում ենք, շտաբները բացված են, շատ հանդիպումներ են տեղի ունենում, պարզապես ես գիտեմ իմ ընտրազանգվածը, գիտեմ համայնքներն ու այդտեղ առկա խնդիրները: Այս պահի դրությամբ չգիտեմ՝ ով ինչ ամպագոռգոռ խոստումներ է տալիս, ինչպես յուրաքանչյուր ընտրություններից առաջ, ես նման բան երբեք չեմ արել ու չեմ էլ անելու, որովհետեւ գիտեք՝ խոսք տալ չանելը ինչ է նշանակում: Առաջին ու վերջին ընտրությանը չենք գնում, մեկ օրով չի պայմանավորված:
-Տեղեկություններ կան, որ այս շրջանում եւս լարված են Ձեր եւ Վարագյանների հարաբերությունները:
-Ո՛չ, չկա նման բան, բացարձակ անհանգստություն չկա, քաղաքական պրոցեսներ են, դե, գիտեք՝ իրենք Դաշնակցության ռեյտինգային ցուցակով են մասնակցում, որեւէ լարվածություն չեմ տեսնում:
-Բայց Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ից է, ավելին՝ ՀՀԿ-ի օգնությամբ նա ընտրվեց քաղաքապետ: Հիմա Դաշնակցությա՞նն է աջակցում:
-Այո՛, այդ իրավիճակն է, չգիտեմ, այդ հարցն իրենց պետք է ուղղեք, էլի:
-Որքան էլ մրցակիցներ էիք ժամանակին, դե ֆակտո Ձեզ պետք է սատարեր որպես ՀՀԿ-ի թեկնածու:
-Այո՛, էլի այդ հարցն իրենց պետք է ուղղեք, ես չեմ պատկերացնում՝ դա ինչպես է լինելու: Եթե հիշում եք՝ ՏԻՄ ընտրություններին ինքը ինքնառաջադրվել էր՝ լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, չգիտեմ՝ ես իմ կուսակցության որոշումները միշտ էլ հարգել եմ, ենթարկվել եմ:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՄՈՒԼՏԻՄԻԼԻՈՆԵՐԸ՝ ՍՅՈՒՆԻՔԻՑ
ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը գործազրկությամբ խայտառակ ցուցանիշներ ունեցող մեր երկրում 4 տեղ է աշխատում: Նա որպես եկամուտ հայտարարագրել է 4 վայրից ստացած աշխատավարձը. այսպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզպետը 48 մլն 655 հազար դրամ ստացել է «Քրոնիմետր Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ընկերությունից, 41 մլն 168 հազար դրամ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունից, 593 հազար դրամ՝ «Իստ Գեյթ Ռեսուրսես» ընկերությունից: Իսկ 1 մլն 886 հազար դրամ կազմել է մարզպետի աշխատավարձը:
Ի դեպ, 192 հազար եվրո, որպես փոխառություն, վարկ ստացել է «Սաբադելլ» բանկից: Նա գույք է վաճառել 55 մլն դրամի չափով, իսկ «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունից 50 հազար դրամ ապահովագրական հատուցում է ստացել: Նրա դրամական միջոցները կազմում են 36 մլն դրամ, 115 հազար եվրո եւ 191 հազար դոլար: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզպետը «Քրոնիմետր Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ընկերությունում ունի 10 տոկոս բաժնեմաս: Այսինքն՝ «Սուր եւ Ասպար» ընկերության հավատարմագրային կառավարիչն է:
Պատգամավորի 46-ամյա թեկնածուն հայտարարագրել է նաեւ իրեն պատկանող թանկարժեք գույքը՝ 17 հազար դոլար արժողությամբ «Hublot», 11 մլն դրամանոց «Vacheron Constantin», 12 մլն դրամանոց «Breguet» ժամացույցները: Նաեւ ունի Մարտիրոս Սարյանի 18 հազար դոլարանոց «Սեւան» ջրանկարը, Մարտիրոս Սարյանի յուղանկարը՝ 150 հազար դոլար արժողությամբ, 200 հազար դոլարանոց նկար Հովհաննես Այվազովսկուց: Նա ունի 2015 թվականի արտադրության «Lexus ES 250» մակնիշի ավտոմեքենա եւ 2015 թվականի արտադրության «Horley-Davidson night Rod Special» մոտոցիկլ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետը 90 քմ բնակարան ունի Իսպանիայի Ալիկանտե քաղաքում եւ հողամաս Երեւանում: Ահա Սերժ Սարգսյանի երիտասարդ, խոստումնալից միլիոնատերերից մեկը:

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐ
Մինչ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը զբաղված է նախընտրական քարոզարշավով՝ իր թեկնածությունն առաջադրելով ՀՀԿ ռեյտինգային ցուցակում, նրան պատկանող ընկերությունից դատական կարգով գումար են պահանջում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն, որը պատկանում է Ա. Սահակյանին, հայտնվել է դատական քաշքշուկի մեջ:Պարզեցինք, որ 2016թ. ապրիլի 18-ին Էրեբունի վարչական շրջանը դիմել է դատարան՝ «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ից պահանջելով գանձել 118 հազար 700 դրամ: Նշենք, որ «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ն զբաղվում է դեղերի ներմուծմամբ եւ վաճառքով, ուստի չի բացառվում, որ վերոնշյալ համայնքում գործել է դեղատուն, սակայն ընկերությունը դեղատան համար վարձակալած տարածքի գումարը չի վճարել եւ դատարանի միջոցով են նրանցից փորձում հետ ստանալ գումարը: 2014թ. էլ այս ընկերության դեմ դատական հայց էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարանը՝ այն ժամանակ էլ պահանջելով մոտ 1 մլն դրամ:




Լրահոս