Արտակարգ դեպք «Հրազդան» ՔԿՀ-ում. ինչ կապ ունի դատապարտյալի ինքնավնասման հետ Արթուր Օսիկյանի ազգականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` մարտի 18-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մանուկյանն ինքնավնասում է արել` գամելով ոտքերը:

Դեպքի առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց դատապարտյալի եղբոր` Գոռ Մանուկյանի հետ, ում ներկայացմամբ` Ալեն Մանուկյանը նման քայլի է դիմել ճարահատյալ:

Ըստ մեր զրուցակցի` եղբորը քրեակատարողական վարչության աշխատակիցները փորձել են ապօրինի տեղափոխել. «Առանց պետի իմացության` վարչության աշխատողները փորձել են տեղափոխել եղբորս: Եվ ի նշան բողոքի` նա նման քայլի է դիմել: ՔԿՎ աշխատակիցները փորձել են ետ պահել Ալենին, սակայն նրանց չի հաջողվել»,- ներկայացրեց Գոռ Մանուկյանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ` եղբոր նկատմամբ ՔԿ վարչությունը թշնամություն է անում, քանի որ նրա և վարչության պետ Արթուր Օսիկյանի ազգականի միջև տարաձայնություններ են եղել:

«Վարչության պետի ազգականը եղբորիցս գումար է վերցրել` խոստանալով ազատել պատժի կրումից, սակայն ստել և խոստումը չի կատարել: Արդյունքում եղբորս նկատմամբ անօրինական քայլեր են անում: Հիմա փորձում են «Հրազդան» ՔԿՀ պետի վրա գցել կատարվածը: Բայց նա հաստատ որևէ կապ չունի: Նա անգամ տեղյակ չի եղել, որ եղբորս ցանկանում են տեղափոխել»:

Գոռ Մանուկյանը կասկածներ ունի, որ այս կերպ դատապարտյալ եղբորը փորձում են լռեցնել:

Որքանով է սա մոտ իրականությանը: Ի պատասխան ArmLur.am-ի հարցի` «Հրազդան» ՔԿ հիմնարկի պետ Վահան Մարգարյանը վստահեցրեց` հիմնարկը որևէ կապ չունի. «Մենք որևէ կապ չունենք: Դատապարտյալն, այո′, ինքնավնասում արել է: Մնացած հարցերը խնդրում եմ ուղղեք լրատվական ծառայությանը»:

Մեր մյուս հարցադրումներին պետը հրաժարվեց պատասխանել:

Ի դեպ, ահազանգով ՔԿՀ է այցելել նաև ՄԻՊ արագ արձագանքման խումբը: ArmLur.am-ը փորձեց տեղեկանալ` ինչ է արձանագրվել օմբուդսմենի գրասենյակի կողմից:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը հաստատեց, որ նշված օրը ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ: Զոհրապ Եգանյանի փոխանցմամբ` աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել այնտեղ պահվող դատապարտյալ Ալեն Մանուկյանի հետ, ուսումնասիրել նրա իրավունքների ապահովման վիճակը:

«Այցի ավարտին Ա. Մանուկյանի կողմից բարձրացված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ պահանջելով պարզաբանումներ տրամադրել Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրված խնդիրների վերաբերյալ»,- ներկայացրեց ՄԻՊ խոսնակը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ ինքնավնասում արած դատապարտյալին բուժօգնություն է ցուցաբերվել: Նրա վիճակը լավ է: Ինչ վերաբերում է այդ քայլին դիմելու պատճառներին` Գոռ Ղլեչյանը մանրամասնեց, թե դատապարտյալը կարծել է` իրեն ուզում են տեղափոխել:

ArmLur.am-ը կհետևի իրադարձությունների զարգացմանը` հասկանալու համար` ինչ է իրականում տեղի ունեցել «Հրազդան» ՔԿՀ-ում:

Հ.Գ. Ալեն Մանուկյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման` խարդախություն կատարելու մեղադանքով:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս