Նոր մանրամասներ. ինչո՞ւ է Ապարանում դանակահարվել «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթական նախընտրական ծեծկռտուքի արդյունքում 2 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում մարտի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով դանակահարվել է Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը և դաշինքի համակիր Մանուկ Հովսեփյանը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ շտաբի պետ Արամ Ասատրյանի ներքին օրգանները ամբողջությամբ վնասվել են: Հիմա նա «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Ինչպես պարզեցինք, Ասատրյանը մեկ վիրահատության արդեն ենթարկվել է, շուտով պատրաստվում են երկրորդ վիրահատությունն անել:

Վիրավորներից մյուսը` Մանուկ Հովսեփյանը, ոտքի շրջանում է վնասվածք ստացել, այժմ գտնվում է Ապարանի հիվանդանոցում:
ArmLur.am-ի տեղեկություններով` վիճաբանությունը սկսվել է հոր ու որդու գաղափարական տարաձայնություններից: Հայրը Լյովա Խաչատրյանի կողմնակից է, որդուն ստիպել են այլ թեկնածուի համար աշխատել: Եւ ահա որդին հավաքել է մոտ 15 հոգու, եկել , շտաբի դիմաց, հայհոյել է հորը, որ «Ծառուկյան» դաշինքի համար է աշխատում ու հայհոյանքից էլ սկսվել է վիճաբանությունը, ծեծը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ագրեսիվ երիտասարդները զինված են եղել սուր կտրող ծակող գործիքներով, որոնցով լուրջ վնասվածքներ են հասցրել շտաբի պետ Արամ Ասատրյանին` որովայնի շրջանում:

Հ. Գ. ArmLur.am-ը տեղեկացավ, որ վիճաբանությունը ԲՀԿ-ական երկու թեկնածուների շտաբների միջեւ է տեղի ունեցել:




Լրահոս