Սթափվե՛ք, պարո՛ն, սա փոքր երկիր է. ինչու Սերժ Սարգսյանը Օլեգ Եսայանին վերստին նշանակեց դեսպանի պաշտոնում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Խաչատրանն ազատվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Յոթնամյա դեսպանության ընթացքում նրա գործունեության ամենահիշարժան եւ նկատելի դրվագը կապված էր «ուտող-խմող» եւ լավ կենացներ ասող Խաչատրյանի «խոհարարական տաղանդների» ներկայացման հետ բելառուսական մեդիայում: Դրանից զատ, ցավոք, դժվար է հիշատակել Արմեն Խաչատրյանի դիվանագիտական գործունեության որեւէ այլ ձեռքբերում:

Այս դեսպանի ծպտունը չլսվեց ոչ անցած տարի, երբ ապրիլին Բելառուսը հանդես եկավ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ խայտառակ կողմնակալ հայտարարությամբ, ինչի արդյունքում ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվեց ՀՀ ԱԳՆ, ոչ էլ անգամ տարեվերջին, երբ ծագեց ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վտանգը, եւ ավելի քան մեկուկես ամիս գործադրած ջանքերի արդյունքում Ադրբեջանն ի վերջո հասավ իր նպատակին:

Այնպես որ, Ա. Խաչատրյանին դեսպանի պաշտոնից ազատելը կարելի է համարել ողջունելի, թեեւ շատ ուշացած որոշում: Սակայն ամբողջ հարցն այն է որ նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանը Բելառուսում Հայաստանի դեսպան է նշանակել Օլեգ Եսայանին՝ ընդամենը օրերս Ռուսաստանում ՀՀ դեսպանի աթռին հրաժեշտ տված մեկ այլ «փայլուն» դիվանագետի՝ միաժամանակ նրան նշանակելով նաեւ Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ /այս պաշտոնը եւս նախկինում Խաչատրյանն էր զբաղեցնում/:

Թե ինչպիսի դեսպան էր Օլեգ Եսայանը, արդեն առիթ ունեցել ենք գրելու եւ ոչ մեկ անգամ: Այս «դիվանագետն» էլ առավելապես աչքի ընկավ վերջերս՝ Մոսկվայի իր նստավայրին հրաժեշտ տալու նախօրեին, երբ, ի վերջո, հարկ համարեց հանդես գալ հայտարարությամբ… իր գործունեությունը չհավանող ռուս լրագրող Սոլովյեւի հնչեցրած քննադատությանն ի պատասխան: Դրանից զատ Օլեգ Եսայանի ակտիվությունը որեւէ կերպ նկատելի չի եղել անցած տարիներին, երբ եղել են տասնյակ առիթներ՝ հրապարակային մակարդակում արձագանքելու հենց նույն ադրբեջանական լոբբինգին Ռուսաստանում, էլ չասած՝ ռուսների կողմից ՀՀ քաղաքացիների շահերի ոտնահարման կապակցությամբ:

Եվ հիմա հարց է առաջանում՝ Եսայանի այդ որ արժանիքի համար է Սերժ Սարգսյանը նրան վերստին նշանակում այս պաշտոնում /մինչ Մոսկվա գնալը Եսայանը արդեն եղել էր Բելառուսում ՀՀ դեսպանը/: Լավ, որքան կարելի է առաջնորդվել անձնական քմահաճույքով կամ սեփական թայֆայի անդամներին յուղոտ պաշտոններ տալով: Ի վերջո, խոսքը մի երկրի մասին է, որի հետ Հայաստանը դիվանագիտական շատ լուրջ աշխատանքի կարիք ունի: Ինչպես կարելի է այդքան անպատասխանատու մոտեցում դրսեւորել եւ ուղղակիորեն թքած ունենալ ՀՀ ազգային շահի վրա: Սթափվե՛ք, պարո՛ն, սա փոքր երկիր է:




Լրահոս