ԵՐԲ ԶԱՆԳ ԿԱԽԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՃԱՌ ԵՆ ԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ կողմերի հայտարարությունները հիշեցնում են հայտնի պատմությունը. «Եթե բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչը ո՞վ գողացավ»: Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն իրենց հերթին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հերթին պնդում են ԼՂ խնդրի կարգավորման գնալու պատրաստակամության մասին: Բայց երբ հերթը հասնում է խնդրի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր անելուն, հակամարտության կողմերը ետ են կանգնում բոլոր պայմանավորվածություններից:

Եւ այսպես՝ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ Իլհամ Ալիեւը՝ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին (ի դեպ, նախորդ շաբաթ էլ Սերժ Սարգսյանն էր Փարիզում հանդիպում ունեցել Օլանդի հետ): Այդ հանդիպումների ժամանակ քննարկումների առանցքային թեման եղել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Պուտինի հետ առանձնազրույցին հաջորդած ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Մանրամասն քննարկեցինք մեր տարածաշրջանում անվտանգության թեման՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԼՂ խնդրի կարգավորմանը, բանակցային գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողների ներդրումը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Տեղի ունեցած բանակցությունների ընթացքում կրկին ընդգծվել է 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանման եւ կատարման կարեւորությունը: Ընդգծվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Մենք համակարծիք ենք, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անթույլատրելի է եւ վնասում է խաղաղ գործընթացին»:
Իսկ Փարիզում Ալիեւն ասել է. «Հայաստանը չպետք է խուսափի բանակցություններից: Ստատուս քվոն անընդունելի է: Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ստատուս քվոն ընդունելի չէ: Մենք նույնն ենք ասում. ցանկանում ենք, որ ստատուս քվոն շուտափույթ փոխվի, հակամարտությունը դադարի, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, եւ տեղահանված ադրբեջանցիները կարողանան վերադառնալ իրենց հայրենի հողերը… ԼՂ-ն Ադրբեջանի հողն է, եւ մեր երկրի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների թեմա լինել: Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:
Փաստորեն, պետք է արձանագրենք՝ կողմերի հռետորաբանությունն այս ընթացքում ըստ էության չի փոխվել: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը շարունակում են միմյանց մեղադրել հիմնախնդրի կարգավորումը ձգձգելու մեջ՝ հայտարարելով բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամության մասին, բայց եւ միաժամանակ յուրաքանչյուրը թելադրելով իր պայմանները: Ասել է՝ իրականում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանն անկեղծ չեն հակամարտության կարգավորման գնալու իրենց հայտարարություններում: Բայց այս պահվածքն ամենեւին էլ նորություն չէ. բանակցային գործընթացից առաջ նրանք միշտ էլ նման «անզիջում» կեցվածք են ցուցաբերում, հետո համաձայնում են նստել բանակցային սեղանի շուրջ, Մադրիդյան սկզբունքների շուրջ քննարկումներ ծավալել ու վերջում կրկին չեն հանգում որեւէ պայմանավորվածության, եւ այդպես՝ արդեն ավելի քան 20 տարի:
Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. հիմա Հայաստանը դիվանագիտական առումով գտնվում է համեմատաբար շահեկան վիճակում: Ի վերջո, պաշտոնական Երեւանն Ադրբեջանից նախ եւ առաջ պահանջում է կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունները, ասել է, թե անել այն, ինչ Ալիեւը խոստացել է նաեւ միջազգային հանրությանը: Ու եթե այսքանից հետո Հայաստանին չի հաջողվում ստիպել Ադրբեջանին կատարել խոստումը, հատկապես, երբ Հայաստանի հետ համակարծիք է միջազգային հանրությունը, նշանակում է՝ խնդիրը մեր երկրի ու իշխանությունների թուլության մեջ է: Առավել եւս, երբ Վլադիմիր Պուտինը պնդում է՝ ՌԴ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտությունում փոխընդունելի լուծումների որոնման հարցում ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Երեւանի ու Բաքվի հետ ուղիղ կոնտակտների միջոցով: Օլանդն էլ իր հերթին է ասել. «Մենք համարում ենք, որ ընդհանուր ուրվագծերը հայտնի են, եւ կարելի է գտնել այդ ձգձգված հակամարտության կարգավորման ուղիները»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՀԱՍԿԱՑՆՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Սերժ Սարգսյանն իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ուշագրավ ակնարկներ է արել: Ս. Սարգսյանն ասել է, որ եթե ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն շատ քվե ստանա, ապա վարչապետի՝ իրենց թեկնածուն լինելու է կառավարության գործող ղեկավարը: Միաժամանակ, սակայն, Ս. Սարգսյանը հավելել է. «Եթե կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կարողանա նույն տեմպերով շարունակել բարեփոխումները մեր երկրում, ապա ես որեւէ մեծ խնդիր չեմ տեսնում, որ նույն վարչապետը շարունակի իր գործունեությունը»: Ուշադրություն դարձրեք՝ Ս. Սարգսյանը Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման հարցում խնդիր, այնուամենայնիվ, տեսնում է, պարզապես, «մեծ խնդիր» չէ: Եւ հետո Կ. Կարապետյանի հետագա պաշտոնավարումը նա կապում է բարեփոխումների տեմպերով: Միայն թե բոլորը գիտեն՝ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է այնպիսի ծանր իրավիճակում, որ դուրս բերելը չափազանց ծանր գործ է, եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլ ժամանակը հազիվ թե հերիքի: Այնպես որ, բարեփոխումների տեմպերի գոհացուցիչ չլինելու պատճառով միգուցե նաեւ Կ. Կարապետյանը ստիպված լինի հեռանալ: Եւ, վերջապես, Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում մեկ այլ ուշագրավ ակնարկ է արել. «Ես արդեն մի անգամ եղել եմ վարչապետ եւ գիտեմ, թե ինչպիսի տաժանակիր աշխատանք է դա: Դրա մասին երազում են նրանք, ովքեր մոտիկից երբեք չեն տեսել եւ չեն պատկերացնում, որ դա իրոք տաժանակիր աշխատանք է եւ ոչ թե վայելք»: Այն, որ Կարեն Կարապետյանն անթաքույց ցանկություն ունի 2018թ. ապրիլից հետո եւս շարունակել իր պաշտոնավարումը, ինքն էլ չի թաքցնում: Ու հիմա Սերժ Սարգսյանի ակնարկներն ուղղված են հենց նրան. այսպես Սարգսյանը պարզ հասկացնում է, որ Կարապետյանը դեռ մոտիկից ու ամբողջությամբ չի պատկերացնում իր աշխատանքը, այլապես այդքան չէր ձգտի այդ պաշտոնին:

 

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԿԵՆՏՐՈՆԸ՝ ՊՆ-ԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար Դիլիջանում կառուցված գերթանկարժեք ուսումնական կենտրոնը կփոխանցվի պաշտպանության նախարարությանը: Ավելին՝ այնտեղ կտեղափոխվի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: Բացի այս՝ ՀՀ կառավարության անցած տարվա դեկտեմբերի 29-ի որոշման համաձայն՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի ավագ դպրոցի կրթական ծրագրերն իրականացնելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, որի կապակցությամբ կրթահամալիրից տեղափոխված սաների եւ վարժարանի սաների հետ տարվող ռազմաուսումնական գործունեությունը կկազմակերպվի նշված կենտրոնում: Այս մասին որոշումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր կներկայացնի կառավարությանը: Այսինքն՝ ՊԵԿ-ի 15 մլրդ 660 մլն 317 հազար 643 դրամ հաշվեկշռային արժեքով ավարտված եւ անավարտ շինարարության օբյեկտները կամրացվեն ՊՆ-ին:

 

 

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
«Ընտրությունները բնականաբար ենթադրում են մրցակցություն, սակայն մրցակցության վերածումը բռնության որեւէ կերպ ընդունելի չի կարող լինել, եւ ես խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում ցանկացած անձի կողմից»: Այս մասին գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Facebook-ի իր էջում: «Անկախ քաղաքական պատկանելությունից, զբաղեցրած պաշտոնից կամ ճանաչելիությունից՝ բոլոր նրանք, ովքեր Ջրառատում խախտել են օրենքը, ենթակա են պատասխանատվության: Ես տեղյակ եմ, որ իրավապահ մարմինները արդեն իսկ իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ եւ քննչական գործողություններ՝ նշված դեպքին օբյեկտիվ եւ բազմակողմանի իրավական գնահատական տալու համար: Վստահ եմ, որ հետագա զարգացումների մասին օրենքով թույլատրելի շրջանակներում իրավապահ մարմինները դեռ լրացուցիչ հրապարակային տեղեկություններ կտրամադրեն»,-գրել է վարչապետը:

 

 

ՏԵՂԱՊԱՀՆ ԸՆՏՐՎԵՑ
Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Թուրքիայի ժամանակով երեկ 15:00-ին մեկնարկած տեղապահի ընտրությանը քվեարկելու իրավունք են ունեցել 30 հոգեւորականներ: Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններին ի սկզբանե հավակնում էին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը եւ Գերմանիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, սակայն, հանել էր իր թեկնածությունը՝ հայտարարելով Գարեգին Բեկչյանին սատարելու մասին: Երեկ կայացած ընտրությունը համարվում է Պոլսո պատրիարքի ընտրությանն ընդառաջ առաջին կարեւոր քայլը:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին: Զրուցակիցները քննարկել են նախընտրական ժամանակահատվածի քաղաքական իրավիճակին եւ ընտրությունների նախապատրաստական գործընթացին վերաբերող հարցեր:

 

 

ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Չարիմիրատ Պուրչեկովին, ով Հայաստան է ժամանել հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով: Զրուցակիցները կարեւորել են ՀՀ վարչապետի՝ առաջիկայում նախատեսված պաշտոնական այցը Թուրքմենստան, որի շրջանակում կողմերը կքննարկեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

 

ԴԻՏԱՐԿԵԼ ԵՆ
Մարտի 15-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արեւմուտք: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

 

 

ՄԵԴՎԵԴԵՎԻՆ ՀԱՐՑ ՉՈՒՆԵՐ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին առաջարկել է քննարկել ինտեգրման հարցերն ու երկկողմ առեւտրաշրջանառության ծավալները: Սարգսյանը հանդիպման ժամանակ կատակել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ՌԴ վարչապետին ուղղված հարցեր գրեթե չեն մնացել: Մեդվեդեւը հիշեցրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ վերջին հանդիպումը: «Մենք հաստատել ենք, որ չնայած ընթացիկ դժվարություններին՝ մեր երկու պետությունների միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է, ամեն դեպքում մեր երկիր Հայաստանից գյուղատնտեսական մթերքների մատակարարման տեսանկյունից»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ինտեգրումն իր պտուղներն է բերում:




Լրահոս