ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊՆԴՈՒՄ Է՝ ԱՆՈՐԱԿ ՎԱՌԵԼԻՔ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ անորակ դիզվառելիքի պատճառով զինտեխնիկայի չաշխատելու մասին, նոր զարգացումներ են ստանում: Սկանդալային այս թեման դարձել է ներիշխանական լուրջ հակասությունների պատճառ: Իսկ իրավապահ մարմինները, որ պետք է ընթացք տային Կ. Կարապետյանի հայտարարություններին՝ հերքելով կամ հաստատելով պատերազմի օրերին դիզվառելիքի պատճառով զինտեխնիկայի չաշխատելու փաստը, որեւէ քայլ չեն անում այդ ուղղությամբ: Բայց ամեն ինչի մասին սկզբից:

Եւ այսպես՝ ինչպես հիշում եք՝ մարտի 1-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետն ասել էր. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:
Կարեն Կարապետյանը մարտի 13-ին Ավանում ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ կրկին անդրադարձել էր այդ թեմային՝ շեշտելով. «Այո՛, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում»:
Եւ միայն դրանից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը aysor.am կայքի հարցմանն ի պատասխան՝ պաշտոնապես հերքել էր ապրիլյան պատերազմի օրերին զինտեխնիկայի խափանումների մասին վարչապետի խոսքերը: «Բանակում անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումների դեպքեր, ներառյալ 2016-ին, չեն արձանագրվել»,- ասված էր ՊՆ պաշտոնական գրության մեջ:
Վարչապետի խոսքերն օրերս հերքել էին նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ասվել էր. «Զորամասերի հրամանատարների բանավոր եւ գրավոր հաշվետվություններում չի նշվել անորակ վառելիքի պատճառով տեխնիկայի՝ շարքից դուրս գալու մասին, ինչպես քառօրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո»: Նման հայտարարություն Մ. Հարությունյանն արել էր նաեւ օրերս՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:
Թեման, սակայն, այսքանով չի ավարտվել: Կառավարության երեկվա նիստում Կարեն Կարապետյանը կրկին խոսել է անորակ վառելիքի մասին ու հայտարարել, թե կառավարության ուսումնասիրության արդյունքում բենզինի ու դիզվառելիքի որակի վերաբերյալ խնդիրներ են բացահայտվել, ավելին՝ դրանց վաճառքի գործում նաեւ չարաշահումներ են հայտնաբերվել: «Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաեւ գործնականում առկա որոշակի բացերով: Արդյունքում էական վնաս պատճառվում է սպառողներին ու շուկային»,- ասել է Կարապետյանը:
Ուշադրություն դարձրեք՝ Կարեն Կարապետյանը բանակին մատակարարված անորակ վառելիքի մասին ԱԺ-ում արած հայտարարությունը կրկնել էր ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ այն դեպքում, երբ ՀՀԿ ցուցակը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը (էլ չենք ասում այն մասին, որ այս ընտրություններին ՀՀԿ-ն հանդես է գալիս «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով): Իսկ Վիգեն Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունն էլ պաշտոնական գրությամբ միանշանակ հերքել է վարչապետի հայտարարությունները: Դրանից հետո վարչապետն այս հարցին կրկին անդրադառնում է ավելի բարձր ամբիոնից՝ կառավարության նիստում, որին ներկա էր նաեւ պաշտպանության նախարարը:
Համաձայնեք, իրադարձությունների նման զարգացումն ամենեւին էլ պատահական չէ, եւ լուրջ ենթադրությունների տեղիք է տալիս: Առավել եւս, երբ խոսք է գնում պետության համար կարեւորագույն թեմայի՝ երկրի պաշտպանունակության եւ անվտանգության մասին, ու այդ առումով Սահմանադրությամբ պետության երրորդ դեմքը հաղորդում է ներկայացնում լրջագույն հանցագործության մասին՝ հնչեցնելով կոնկրետ փաստեր ու մեղադրանքներ:
Հիշեցնենք, թե սովորաբար ովքեր են պատասխանատու զինված ուժերում տեղի ունեցողի համար: ԶՈՒ գլխավոր-գերագույն հրամանատարը Սերժ Սարգսյանն է, որն այս ոլորտի համար նաեւ քաղաքական պատասխանատվություն է կրում: 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ պաշտպանության նախարարն էր Սեյրան Օհանյանը (ի դեպ, Օհանյանը հերքել էր վարչապետի հայտարարությունը՝ ասելով. «Որակի հետ կապված խնդիրներ չեն եղել ապրիլյան պատերազմի ժամանակ: Մենք այդպիսի տեղեկություններ չունենք»): Այդ ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Յուրի Խաչատուրովն էր, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանն էլ ԳՇ պետի տեղակալն էր: Այդ օրերին Ալիկ Միրզաբեկյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետն էր. ի դեպ, ապրիլյան պատերազմից հետո նա ազատվեց աշխատանքից: Եւ, վերջապես, բանակին հիմնական վառելիք մատակարարողը Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխներից Բարսեղ Բեգլարյանն է՝ իր «Ֆլեշ» ընկերությամբ: Էլ չենք ասում ԼՂՀ ՊԲ հրամանատարի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասին:
Սովորաբար նման իրավիճակներում վարչապետի հայտարարություններին պետք է հետեւեին իրավապահ մարմինների՝ ՀՀ գլխավոր դատախազության, որի կազմում է նաեւ զինվորական դատախազությունը, ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի համապատասխան գործողությունները: Ու եթե իրավապահները պարզեին, որ վարչապետի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, ապա Կ. Կարապետյանը պետք է առնվազն ներողություն խնդրեր (չնայած, հազիվ թե վարչապետը նման լուրջ թեմայի վերաբերյալ ստեր, այն էլ մի քանի անգամ): Եթե վարչապետի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա պետք է քրեական գործ հարուցվեր, ու մեղավորները ենթարկվեին պատասխանատվության:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտի 2-ին հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով հայտնել, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկում վարչապետի հայտարարության հետ կապված: Սակայն մինչեւ հիմա պատասխան չի ստացվել, չնայած՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը հարցումներին պատասխանելու համար հնգօրյա ժամկետ է նախատեսում: Սա նշանակում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարզապես տեղում չէ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ՀՀԿ նախընտրական քարոզարշավով ակտիվորեն զբաղվում են նաեւ կուսակցական նախարարները: Միայն թե քարոզարշավով բացահայտ զբաղվում են ՀՀԿ ցուցակում ընդգրկված նախարարները՝ Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը: Իսկ մյուսները գերադասում են դա անել առանց երեւալու: «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց՝ լինելով ՀՀԿ-ական, ինքը զերծ է մնում ՀՀԿ քարոզչական աշխատանքներին մասնակցելուց, թե մասնակցում է աննկատ: «Ես ՀՀԿ-ական եմ, ես անում եմ իմ աշխատանքը, եւ իմ աշխատանքը կապված է գյուղացիական տնտեսության զարգացման հետ, դրանից ավել ես ի՞նչ պետք է անեմ, որ լավ լինի»,-ասաց նա: Դիտարկմանը, թե Արփինե Հովհաննիսյանի աշխատանքն է արդարդատության ոլոտով զբաղվելը, նախարարը նշեց. «Դա արդեն զուտ ներքին կուսակցական հանձնարարություն է: Իմ պահով ես կատարում եմ իմ աշխատանքը, եւ իմ կարծիքով՝ սրանից ավել պետք չէ անել»: Ասել է, թե գյուղնախարարին արգելել են զբաղվել քարոզչությամբ:

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նախագահի աշխատակազմում աշխատելու գայթակղությունը մարդկանց դարձնում է խարդախության զոհ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի բնակիչ Գեւորգ Սարոյանն իր ծանոթների շրջապատում ներկայացել է որպես պաշտոնատար անձ, որը կարող է մարդկանց տարբեր գերատեսչություններում աշխատանքի տեղավորել: Երեւանի բնակիչ Հայկանուշ Պռոշյանն էլ ցանկացել է, որ Գեւորգ Սարոյանը օգնի իր որդուն տեղավորել աշխատանքի ՀՀ նախագահի աշխատակազմում: Սարոյանը գործը գլուխ բերելու համար 2015թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում մաս-մաս Հ. Պռոշյանից վերցրել է մոտ 1 միլիոն 439 հազար դրամ, սակայն այդպես էլ որդուն աշխատանքի չի տեղավորել: Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ, Գեւորգ Սարոյանին մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ի դեպ, այս գործով նախաքննությունը վերջերս ավարտվել է, եւ այն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

 

 

 

ԱՆՏԵՂՅԱԿԸ
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանից փորձեց հետաքրքրվել՝ արդյո՞ք ՍԱՊԾ-ն ավարտել է քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ի կողմից բաժանվող կոնֆետների փաստով խոստացված ուսումնասիրությունները: «Ի՞նչ ուսումնասիրություն»,- պատասխանելու փոխարեն մեզանից հետաքրքվեց ՍԱՊԾ անտեղյակ պետը: Հիշեցնենք, որ ՀՀԿ կոնֆետների վրա պիտանելիության ժամկետի մասին գրառումներ չկան: Իսկ Կարապետյանը շտապեց տեղեկացնել. «Այդ մասով ինֆորմացիան հրապարակվել է»: Նկատենք, որ կատարված ուսումնասիրության մասին ոչ մի բառ անգամ չի հրապարակվել, ընդամենը նշվել է, որ ծառայության կողմից ուսումնասիրություն կկատարվի: Փաստորեն դա էլ ստել են:

 

 
ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Մինչ Արտակ Սարգսյանը` «ՍԱՍ»-ի Արտակը, իր կուսակից մյուս գործընկերներին փորձում է «փողով խեղդել», որպեսզի տպավորիչ ձայներով առաջընթաց գրանցի, նրա մրցակիցների վարկանիշը սկսել է առավել բարձրանալ: Մասնավորապես Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Արտյոմ Մովսիսյանի վարկանիշը բավականին աճել է: Նա եւս ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու է, եւ այս օրերին բակերում իրականացրած քարոզարշավը տվել է նրա համար ցանկալի արդյունք: Տարբեր հարցումների համաձայն՝ Արտյոմ Մովսիսյանը սպասվածից ավելի մեծ թվով ձայներ կհավաքի:

 

 

ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Ռուսաստանն առավելագույն ջանքեր է գործադրում որպես միջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պուտինը հիշեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ կայացած հանդիպումը՝ նշելով, որ Ռուսաստանն ու Հայաստանը որպես դաշնակիցներ աջակցում են միմյանց եւ առաջ տանում եվրասիական ինտեգրման գործընթացները: «Մեր երկու պետությունների միջեւ հաջող զարգանում է տնտեսական, առեւտրային, ներդրումային, ռազմատեխնիկական համագործակցությունը: Ռուսաստանը որպես միջնորդ առավելագույն ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»,-ասել է Պուտինը ՌԴ-ում ՀՀ դեսպանին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ:




Լրահոս