«Ժողովուրդ»-ը ոճաբան Արայիկ Գաբաջյանից հետաքրքրվեց, թե նրա գնահատմամբ՝ ովքեր են հայկական շոու-բիզնեսի թոփ 5 ամենաոճային կին ներկայացուցիչները, որոնք հետեւում են նորաձեւության միտումներին, հստակ տարանջատում են բեմական, առօրյա, տոնական զգեստները եւ վերջապես կիրառում են իրենց անհատական մոտեցումները: Այսպիսով` ներկայացնում ենք ոճաբանի գնահատականները:
5-րդ հորիզոնական` երգչուհի Հռիփսիմե Հակոբյան
Հռիփսիմեն փորձում է ոճային լինել, այդ նպատակով օգտագործում է մի շարք հետաքրքիր էլեմենտներ, օրինակ` մեծ ականջօղեր, որոնք իրեն շատ են սազում: Եթե համեմատենք 7-8 տարի առաջվա ոճի հետ, Հռիփսիմեի կերպարանափոխությունը զգալի կլինի: Գովելի է, որ նա ձգտում է իր կազմվածքին համապատասխան դետալներ կիրառել:
4-րդ հորիզոնական` դերասանուհի Լուիզա Ներսիսյան
Լուիզան միշտ մոդայիկ է հագնվում: Թե՛ առօրյայում, թե՛ բեմում նա վիզուալ առումով ավելի բարձրահասակ է երեւում. դա գրագետ հագնվելու արդյունք է: Նրա հետ աշխատելու հնարավորություն մի քանի անգամ ունեցել եմ եւ զգացել եմ, որ գիտի` ինչը փակել եւ ինչը ցուցադրել, որ իր համար շահեկան լինի: Լուիզան մշտապես փորձում է ցուցադրել ոտքերը, ընդգծում է կոնքերը, մեջքը: Ինչ վերաբերում է դերասանուհու դիմահարդարմանը, որոշ դետալների հետ մի փոքր համաձայն չեմ: Ես իրեն խորհուրդ եմ տվել ավելի նուրբ, աչքի չընկնող դիմահարդարում անել, որովհետեւ նա ունի ընդգծված այտոսկրեր եւ հաստ շուրթեր, որոնք պետք չէ շատ ընդգծել: Եթե խոսելու լինենք բեմական հագուստի մասին, ապա, օրինակ, այն, ինչ նա կրում է մրցանակաբաշխությունների ժամանակ, ինձ դուր է գալիս, բայց, օրինակ, հագուստները, որոնցով նա հանդես է գալիս ֆիլմերում, կարող էին ավելի ներկայանալի լինել (այդ դեպքում արդեն որոշողն ինքը չէ, այլ ոճաբանը):
3-րդ հորիզոնական` «Վիցե միսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյան
Լուսինեն միշտ ներկայանում է կանացի կերպարով: Գուցե դա իր եւ դիզայներ Վահան Խաչատրյանի ճիշտ համագործակցության արդյունքն է: Նա գերազանցիկ աշակերտուհու նման հանդես է գալիս ճիշտ գույնի, չափի զգեստներով: Համաձայն չեմ Լուսինեի սանրվածքի հետ, որը տարիներ շարունակ չի փոխվում: Այդ առումով թեկուզ աննշան փոփոխությունները հետաքրքիր կնայվեին: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Լուսինեն դիմահարդարվում: Նա երբեք չի ընդգծում դեմքի որեւէ հատված, միշտ ցույց է տալիս այն, ինչ տվել է իրեն բնությունը:
2-րդ հորիզոնական` դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյան
Եթե Լուսինեի դեպքում սանրվածքի փոփոխություն չի նկատվում, Նազենիի պարագայում` ճիշտ հակառակը: Ես նրան միշտ տեսել եմ երկար վարսերով, սակայն դերասանուհին կարողանում է ամեն անգամ ներկայանալ նորովի. մեկ ազատ է արձակում մազերը, մեկ հավաքում է, տարբեր հետաքրքիր սանրվածքներ ստանում: Ինքն իրեն այնքան լավ է ճանաչում, որ կարող է ինքնուրույն հարդարել վարսերը: Առհասարակ, նա շատ է աշխատում իր կերպարի վրա:
Նազենիի դիմահարդարման դեպքում մի փոքր խանգարում են ընդգծված շուրթերը: Բնական վիճակով նա շատ ավելի գեղեցիկ է: Շուրթերի ընդգծումը ավելորդ խնամվածության արդյունք է: Նազենին ունի մի առավելություն, որի մասին կերազեին շատ կանայք` ճակատը: Նաեւ ճակատի շնորհիվ է, որ նրան շատ սանրվածքներ են սազում: Նազենին ժամանակ առ ժամանակ չի խուսափում համարձակ կերպարներից, բայց գիտի` որտեղ դրանցով ներկայանալ:
1-ին հորիզոնական` երգչուհի Սիրուշո
Սիրուշոն, միանշանակ, գիտի ճիշտ հագնվել եւ ճիշտ ներկայանալ: Նա գիտի` ինչ հագնել ձայնասկավառակի շնորհանդեսին, եթե դա մոլերից մեկում է տեղի ունենալու, գիտի ինչպես ներկայանալ միջոցառմանը, եթե դա Օպերային դահլիճում է լինելու, ինչպես հանդես գալ, օրինակ, ֆաների հետ հանդիպմանը եւ այլն: Նույնիսկ նրա հրապարակած լուսանկարներից եւ տեսանյութերից կարող ենք հասկանալ, որ այս երգչուհին երբեք անխնամ որեւէ տեղ չի հայտնվում, իսկ եթե այնքան էլ պատրաստված չէ, կրում է ակնոց կամ գլխարկ:
Սիրուշոն, ինչպես մեր մի շարք աստղեր, երբեք երեկոյան հագուստով չի գնա գործնական հանդիպման. կհագնվի դասական, բայց հարմարավետ: Ինչ վերաբերում է նրա դիմահարդարմանը, ապա երբեմն համաձայն չեմ մեյքափի հետ, որով նա հանդես է գալիս բեմում: Սիրուշոն ունի դեմքի իդեալական կառուցվածք եւ կարող է ավելի թույլ եւ նատուրալ դիմահարդարմամբ ներկայանալ: Առօրյայում, օրինակ, նա հենց այդպես էլ անում է: Երգչուհու դեմքի ամենագրավիչ մասը, ըստ իս, այտերի փոսիկներն են, որոնք կհալեցնեն նույնիսկ ամենաանտարբեր մարդու սիրտը:
Աննա Բաբաջանյան