Հաղթողը գործունեությունը շարունակողն է. Սրբուհի Սարգսյանը` Դավիթ Չախալյանի` «Իքս ֆակտորից» դուրս մնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, ինչ  հերթական գալա համերգի ժամանակ «Իքս ֆակտոր 4» երաժշտական նախագծից դուրս մնաց Դավիթ Չախալյանը (Շուշանիկ Արեւշատյանի խումբ), հանրության շրջանում չեն դադարում դժգոհությունները: Մի ստվար զանգված պնդում է, որ վոկալային եւ կատարողական բարձր տվյալներով այդ մասնակցին պարզապես չէր կարելի նախագծից դուրս թողնել: Սակայն հանդիսատեսի դժգոհությունն ու քվեարկության արդյունքները միմյանց չեն համապատասխանում. ամենաքիչ ձայները ստացել էր հենց Դավիթը:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Իքս ֆակտոր 1» երաժշտական մրցույթից հայտնի դարձած երգչուհի Սրբուհի Սարգսյանի հետ, ով եւս չէր հաղթել մրցույթում, սակայն մինչ օրս գործում է դաշտում եւ վայելում հանդիսատեսի համակրանքը. «Հաղթողը մրցույթից հետո գործունեությունը շարունակողն է: Դա է հաջողությունը, այլ ոչ թե հաղթող ճանաչվելն ու սպառվելը, ոչինչ չանելը: Ամեն բան կախված է մարդու տեսակից, նրա ձգտումներից, նպատակներին հասնելու ցանկությունից»,-շեշտեց Սրբուհին` հավելելով, որ մրցույթը պետք է դիտարկել որպես մի հարթակ, որը քեզ ճանաչում է բերում:

Անդրադառնալով Դավիթ Չախալյանի` նախագծից դուրս մնալու հանգամանքին, երգչուհին նկատեց. «Դավիթն իսկապես շատ լավ տվյալներով երգիչ է եւ մտահոգվելու խնդիր չունի, քանի որ հանդիսատեսն իրեն սիրել է, նա նույնիսկ հրավերներ ունի արտերկրից. սա արդեն իսկ հաղթանակ է»:

Սրբուհին, այնուամենայնիվ, նշեց, որ լավ կլինի` մասնակիցների երկրպագուները ոչ թե ցավան կամ ափսոսեն, այլ քվեարկեն. «Մարդիկ պետք է ավելի ակտիվ լինեն: Այլապես շատ անգամ հանդիսատեսը, հեռուստադիտողը հավանում է այս կամ այն մասնակցին, սոցցանցերում դրական կարծիքներ է գրում, սակայն երբ գալիս է քվեարկելու պահը, հապաղում է: Արդյունքում լավ ելույթ ունեցած մասնակիցը հայտնվում է վտանգավոր գոտում: Պետք է հիշել, որ ամեն ձայնը շար կարեւոր է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս