Ինչ որ ասել է Մուկուչյանը, հենց այդպես էլ շարժվում ենք. Առաքել Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիր մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինա Բաղումյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Բանն այն է, որ մարտի 17-ին նշված գյուղի դպրոցի դահլիճում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, հանդիպել է ուսուցիչների եւ ծնողների հետ, ինչի ժամանակ քարոզչություն է իրականացրել: Մինչդեռ քարոզարշավի շրջանակներում նախապես տրամադրված դահլիճների ցանկում չի եղել նշված դպրոցի դահլիճը: Ինչի արդյունքում տնօրեն Բաղումյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Թաիրովի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինա Բաղումյանի հետ, սակայն նա լսելով հարցը` կոպիտ տոնով փոխանցեց. «Ես հեռախոսով չեմ ցանկանում խոսել: Այդ հանդիպումը ժամը 18.10-15 րոպեին է տեղի ունեցել: Ես պարտավոր չեմ Ձեզ մեկնաբանել: Ուսումնական հաստատությունում քարոզչություն չեն իրականացնում, իսկ հանդիպումը եղել է ժամը 18.00-ից հետո: Մենք ըստ օրենքի ստացել ենք շրջաբերականներ: Հարգելի՛ս, օրենքի սահմաններում քարոզչություն ընդհանրապես իրավունք չունենք անելու, ես տեղյակ եմ եւ հետեւում եմ դրան»: Ապա անջատեց հեռախոսը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի հետ: Սակայն վերջինս լսելով հարցը՝ անմիջապես հայտարարեց. «Ես երեք օր է, ինչ աշխատանքի չեմ գնում, մի փոքր վատառողջ եմ եւ չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել: Զանգե՛ք պատասխանատուին»: Սակայն, ցավոք, պատասխանատուն, տվյալ դեպքում մարզպետարանի կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանը, ո՛չ քաղաքային եւ ո՛չ էլ բջջային հեռախոսահամարներին չէր պատասխանում: Հետաքրքրիր է, թե ինչով էր նա զբաղված:

Ի դեպ, Առաքել Մովսիսյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերոնշյալ դեպքի հետ կապված նախազգուշացում է ստացել: Ինչպես է վերաբերվում թեկնածուն իր նկատմամբ կիրառված նախազգուշացմանը, Մովսիսյանը արդարացավ. «Մարդ ենք, ամեն պահ էլ կարող ենք սխալվել: Նման հարցեր մի՛ տվեք ինձ, ինչ որ ասել է Մուկուչյանը, հենց այդպես էլ շարժվում ենք. օրենքին համապատասխան են մեր գործողությունները»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս