ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՇՏՎԵԼԸ ՆՈՐՄԱԼ ԵՐԵՎՈՒՅԹ Է. Ս. ՕՀԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարտի 14-ին Ջրառատում փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ ՕՐՕ դաշինքի համակիրների միջեւ տեղի ունեցած բախման կապակցությամբ Լեւոն Երանոսյանը եւ այդ բախման հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած տուժողներից մեկի հայրը հանդիպել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ եւ որոշել հաշտվել:

Տեղյա՞կ են արդյոք այդ մասին ՕՐՕ-ի առաջնորդները. այս հարցի պատասխանը պարզելու համար «Ժողովուրդ»-ը որոշեց այցելել դաշինքի շտաբ: Ներկայանալով՝ տեղեկացրինք, որ ցանկանում ենք զրուցել Ս. Օհանյանի կամ Վ. Օսկանյանի հետ: Երբ շտաբի աշխատակիցներից մոտեցան այդ մասին հաղորդելու Վարդան Օսկանյանին, վերջինս նախ՝ փորձեց խուսափել մեզ հետ հանդիպելուց, ապա՝ մեր հարցը լսելուն պես հորդորեց անջատել ձայնագրիչը եւ հեռացավ շտաբից: Այդ պահին մեզ մոտեցան դաշինքի համակիր երիտասարդներ եւ սկսեցին հետաքրքվել, թե ինչ հարցով ենք եկել, ապա հորդորեցին դուրս գալ: Մենք, սակայն, շտաբի միջանցքում նկատեցինք Սեյրան Օհանյանին եւ մոտեցանք նրան: Վերջինս եւս սկզբում հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, սակայն մեր համառ հարցադրումներին, ի վերջո, համաձայնեց արձագանքել:
Նշենք, որ դաշինքում հավաքվածները՝ տեսնելով, որ զրուցում ենք Օհանյանի հետ, շտապեցին «փրկել» իրենց առաջնորդին, առանց բարեկրթության նորմերը հաշվի առնելու միջամտել խոսակցությանը, չգիտես ինչու՝ լրագրողիս անձնական տվյալներով հետաքրքրվել: Օհանյանի հետ պայմանավորվելուց հետո, երբ արդեն միջանցքում սպասում էինք զրուցելու համար, նույն «փրկիչները» մեզ դուրս հրավիրեցին դաշինքի շենքից՝ ասելով, որ դրսում սպասենք: Մոտ մեկ ժամ սպասելուց հետո ներս կանչեցին, սակայն Օհանյանը կրկին փորձում էր դիմադրել՝ «բայց ես ինչ իմանամ, թե դու ով ես» արտահայտությամբ: Լրագրողի անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո միայն նախկին նախարարը տեղի տվեց եւ համաձայնեց զրուցել: Նկատենք, որ այդ ժամանակ եւս նրա համախոհ երիտասարդները, այդ թվում նաեւ երիտասարդ աղջիկներ, հյուրընկալողին ոչ վայել պահվածք էին դրսեւորում՝ փորձելով հեռախոսը վերցնել լրագրողից:
-Պարո՛ն Օհանյան, Ձեր համակիրները նմա՞ն կերպ են ընդունում դաշինքի շտաբ այցելած հյուրերին: Ինձ ստիպում էին, որպեսզի ես այս եղանակին դրսում սպասեմ:
-Ընդհանուր առմամբ, ե՛ւ դաշինքի, ե՛ւ անձամբ ինձ մոտ բարեկրթությունը եւ քաղաքակիրթ վերաբերմունքը ցանկացած մարդու նկատմամբ գերակայող է: Հիմա կարող է այսպիսի վրիպումներ լինեն, առավել եւս, որ երբ Դուք մոտեցաք ինձ, մենք դրսից էինք գալիս, այսինքն՝ մենք միջոցառում ունեինք, նոր էինք գալիս, եւ երեւի թե ասել են՝ մի քիչ սպասեք, տեղում չեմ եղել: Դուք դրա մեջ որեւ մի հետին բան մի՛ տեսեք:
-Դա եղավ Ձեզ հետ պայմանավորվելուց հետո, այսինքն՝ Ձեր՝ տեղում չլինելու հետ կապ չէր կարող ունենալ: Ինչեւէ: Անցնենք բուն հարցերին: Տեղյա՞կ եք, որ Ջրառատում տեղի ունեցած դեպքի մասնակից կողմերը հաշտվել են:
-Ես դեպքի հենց առաջին օրն էլ եղել եւ խոսել եմ Լեւոն Երանոսյանի հետ, այնուհետեւ երեկ եղել եմ հիվանդանոցում, տեսել եմ, թե ինչ վիճակում են մեր համակիրները: Խոսակցության ընթացքում մենք շեշտել ենք, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի զարգացումներ չլինեն, բայց միեւնույն ժամանակ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում: Երկու կողմերը փորձում են հաշտության պայմանագիր կնքել, նրանք նույն բնակության վայրում են ապրում, եւ ապրիլի երկուսով չի ավարտվում, չէ՞, մեր կյանքը, նույն համայնքում մարդիկ պետք է շարունակեն ապրել, առավել եւս հարեւաններ են: Ես կարծում եմ, որ հաշտվելը նորմալ երեւույթ է, մնացածը օրինական ընթացքով, իր հունով կգնա:
-Դո՞ւք եք միջնորդել, որ հաշտությունը կայանա:
-Ես չեմ միջնորդել եւ առաջին օրն եմ ասել, որ այդպիսի միջադեպերն անընդունելի են, եւ ամեն ինչ պետք է անել, որ զարգացումներ չլինեն:
-Տեղյա՞կ եք, որ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը եւ տուժողներից մեկի հայրը հանդիպել են Վլադիմիր Գասպարյանի հետ:
-Ես տեղյակ չեմ, որ Վլադիմիր Գասպարյանի մոտ հանդիպել են եւ եթե հանդիպած էլ լինեն, դա համապատասխան գործընթացների շրջանակներում է, ես դրան նորմալ եմ նայում:
-Նորմա՞լ եք համարում այն փաստը, որ ընդդիմադիր դաշտում գործող դաշինքը կոմպրոմիսի է գնում իշխանության հետ:
-Իսկ ո՞վ է ասել, որ մենք ընդդիմադիր դաշտում … չէ՞ որ մենք սահմանադրորեն վերապահված մեր իրավունքների շրջանակներում նոր երեւույթի հետ ենք առնչվում եւ գնում ենք ընտրությունների, ընտրությունների ընթացքում է երեւալու՝ ով է իշխանությունը, ով ընդդիմությունը: Եթե հարցը վերաբերում է այսօրվա իշխանություններին որպես ընդդիմություն, իհարկե, այսօրվա իշխանություններին ժողովրդի մեծամասնությունն է ընդդիմություն:
-Իսկ ինչո՞ւ դաշինքը իշխանության հետ գնաց կոմպրոմիսի:
-Գիտեք, այստեղ խնդիրը նրանում է, որ չթողեինք, որպեսզի համայնքում զարգացումներ լինեին, մնացածը օրինական ընթացք կտրվի:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ ոստիկանապետը որեւէ կերպ չարձագանքեց տեղի ունեցածին:
-Իրենք գործում են իրենց պարտականությունների շրջանակներում, թող այդպես էլ գործեն, պարզապես մենք բոլորս էլ կցանկանայինք, որ Հայաստանի Հանրապետությունում գերակայեր օրենքը:
-Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ ընդհանրապես կրակողներին ողջ-առողջ չգտնեն: Այս ամենը շարունակություն ունենալո՞ւ է:
-Մենք ամեն ինչ պետք է անենք, որ շարունակություն չունենա:
-Երբ մամուլը գրեց, որ Դուք առաջին օրը զրուցել եք Լեւոն Երանոսյանի հետ, կարծես թե Ձեր համակիրները փորձում էին հերքել դա, սակայն մի քանի օր անց ինքներդ դա հաստատեցիք: Ինչո՞ւ էիք իրարամերժ հայտարարություններ անում:
-Ընդհակառակը, մենք հայտարարություն ենք արել, որ ես եղել եմ տեղում, ես անձամբ եմ գնացել եւ հանդիպել իրենց, հենց Երանոսյանենց տանը ամեն ինչ արել, որպեսզի հանգստացնենք եւ ամեն ինչ արել, որ օրինապահ մարմինները գործեն օրենքի շրջանակներում:
-Ըստ տեղեկությունների՝ Դուք նաեւ Լեւոն Երանոսյանից հենց այդ օրը ներողություն եք խնդրել:
-Ես ներողություն չեմ խնդրել: Բայց ես ինչի համար պետք է ներողություն խնդրեմ, եթե մեր համակիրներին հայհոյել են եւ փորձել են հետ քաշել այդ հանրահավաքից:
-Հակառակ կողմն էլ ընդհանրապես այլ բան էր պատմում:
-Հիմա ինչո՞ւ եք զարգացնում, ես պատասխանեցի, հիմա ինքներդ հրահրում եք, որ զարգացում լինի: Վերջացնենք:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ՈՒԴՈՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ՞. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ

ՀՀ վարչապետ, ՀՀԿ քարոզչության պատասխանատու Կարեն Կարապետյանը երեկ աշխատանքային այցով գտնվում էր Գեղարքունիքի մարզում՝ այցն ամփոփելով գավառում բնակիչների հետ հանդիպմամբ:

Գեղարքունիքի համայնքներում վարչապետին ուղղված հարցերն ու խնդրանքները բազմաթիվ էին: Օրինակ՝ Սեւանի բնակիչները Կարապետյանի հետ հանդիպմանն իրենց մտահոգությունը հայտնեցին Սեւանի համայնքապետարանի կուտակած պարտքերի պատճառով սպասվող 102 մլն դրամի բռնագանձման վերաբերյալ: Սեւանում հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը վարչապետին պատմեց, որ 2016թ. հոկտեմբերի 2-ին կայացած քաղաքապետի ընտրություններից հետո պարզ է դարձել, որ Սեւանի քաղաքապետարանը տարբեր կազմակերպությունների պարտք է շուրջ 150 մլն դրամ:
Սակայն վարչապետը հիշեցրեց, որ ինքը դատաիրավական համակարգի վրա ազդեցություն պետք է չունենա: «Եթե միջամտեմ, պետք է միջամտեմ, որ միջնորդեմ, որպեսզի դատարանն անկողմնակալ լինի: Եթե համայնքը պարտք է, իր պարտավորությունները պետք է կատարի, եթե համայնքապետն իր լիազորությունները գերազանցել է, պետք է պատասխան տա»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Սեւանի նախկին քաղաքապետը Ռուդիկ Ղուկասյանն էր, որը 2016թ. հոկտեմբերի 2-ին չվերընտրվեց:
Վարդենիսում էլ բնակիչներից մեկը բողոքեց ջրաչափերից՝ ասելով, որ քաղաքում տարին 7-8 ամիս ցուրտ է անում, չի բացառվում՝ խողովակները պայթեն, եւ նոր խնդիր առաջանա: Վարչապետն էլ նշեց, որ առաջիկայում «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչները Վարդենիսում են լինելու, եւ վարդենիսցիները կարող են այդ հարցը բարձրաձայնել:
Արդեն Գավառում ամփոփելով այցը՝ վարչապետը նշեց, որ Գեղարքունիքի մարզում 2017թ. նախատեսվում է 45 միլիոն դոլարի ներդրում: «Գեղարքունիքի մարզին հատկացվող 45 միլիոնով մենք փորձում ենք իրականացնել 31 ծրագիր, բացել շուրջ 1500 աշխատատեղ: Մտադիր ենք ստեղծել «Սեւան-ձուկ» ՓԲԸ եւ օրինականացնել ձկնորսությունը, որպեսզի մարդիկ, որոնք ձկնորսությամբ ընտանիք են պահում, կարողանան գործել օրինական դաշտում, իսկ մենք էլ ապահովենք նրանց անվտանգությունը», – եզրափակեց վարչապետը:
Հավելենք, որ այսօր ՀՀԿ-ականները՝ վարչապետի գլխավորությամբ, կլինեն Տավուշի, իսկ վաղն էլ Լոռու մարզերում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 
ՀՀԿ-Ի ՄԱՍԻՆ ՈՉ ՄԻ ԽՈՍՔ
Երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի՝ 2016թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով ԳԱԱ այցելած Սերժ Սարգսյանը զերծ է մնացել որեւէ ելույթ ունենալուց: Նա նշել է, որ ելույթից զերծ է մնում՝ հաշվի առնելով ներքաղաքական իրադարձությունները եւ նշել է, որ հարցերին տրվող պատասխանները իբրեւ քարոզչություն չընկալել: Նկատենք, որ նախընտրական այս շրջանում Սարգսյանը իրեն հեռու է պահում ՀՀԿ-ից՝ այդ կերպ, իհարկե, ցանկանալով առաջինը օգնել իրեն եւ կուսակցությանը, որովհետեւ ակնհայտ գիտակցում է, որ հասարակության մոտ ամենաքննադատված եւ սպառված կերպարն է. ի դեպ, այդ մասին ինքը խոստովանել է ակադեմիկոսների հարցերին պատասխանելիս: Նա խոստովանել է, թե երկրում ամենից քննադատվող կառույցը նախագահականն է, ամենաքննադատվող անձը՝ ինքը: «Դրանից ոչ ոք հաճույք չի ստանում, միայն կարող է մազոխիստը հաճույք ստանալ»: Եթե Սարգսյանն իրականում այդքանը գիտակցեր, շատ հետեւություններ արած կլիներ ու դրանից հետո դժվար այդ պաշտոնին մնար:

 

 

ԿՈՆՖԵՏԻ ՓՈՂԸ ՉԵ՞Ն ՏՎԵԼ
«Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով հանդես եկող Հանրապետական կուսակցությունը դեռ շարունակում է ՀՀ քաղաքացիներին առանց մակնշման շոկոլադե սալիկներ եւ սառնաշաքարային կարամելներ բաժանել: Ինչպես հայտնի է՝ առանց մակնշման սննդամթերքը ռիսկային է համարվում ժամկետի եւ որակի հարցում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սակայն, ուսումնասիրություններ է իրականացրել եւ պարզել, որ կոնֆետների մակնշումը առկա է միայն տուփերի, այլ ոչ թե հենց կոնֆետների վրա, եւ երեկ հայտարարել է, թե ՀՀԿ-ի քաղցրավենիքը վտանգավոր չէ: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ խոսքը իշխող կուսակցության մասին է, իշխանական այս օղակից նման պատասխանը սպասելի էր: Մինչ այդ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ի քարոզչական նպատակների համար սառնաշաքարային կարամելները եւ շոկոլադե սալիկները արտադրվել են «Գրանդ Քենդի» ընկերությունում: Այս պահին դեռ հստակ չէ, թե կուսակցությունը որքան գումար է ընկերությանը հատկացնելու կոնֆետների համար: ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբիկ Թադեւոսյանը այս թեմայի շուրջ ասաց. «Հանգիստ քնե՛ք գիշերները, ամեն բանի համար էլ կուսակցությունը վճարելու է»:

 

 

ԱՆԻՄԱՍՏ ԾԱԽՍ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ նախագահականը Հանրային խորհրդի համար տարածքի վարձակալության նպատակով «Էրեբունի-Պլազա» ընկերությանը յուրաքանչյուր ամիս մոտ 2.6 մլն դրամ՝ 5.3 հազար դոլար է վճարում: Տարեկան այդ գումարը կազմում է մոտ 31.2 մլն դրամ կամ 64 հազար դոլար: Ու սա մի կառույցի համար, որը ոչ միայն արդյունավետ չի գործում, այլեւ որի կարծիքը նույն իշխանությունները հաշվի չեն առել այս տարիների ընթացքում: Ավելին՝ նշվածը միայն տարածքի վարձավճարն է, իսկ, ընդհանրապես, ՀԽ-ի համար բյուջեից մեծ գումարներ են ծախսվում:




Լրահոս