Քննիչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Անդրանիկ Աբրահամյանի տված հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները:

Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Անդրանիկ և Արտյոմ Աբրահամյանների կողմից ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչ Դ. Շահբազյանը ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածքում խուզարկել է Անդրանիկ Աբրահամյանի ավտոմեքենան, որի ընթացքում հայտնաբերել է «Վերտու» ապրանքանիշի բջջային հեռախոս:

Սակայն քննիչը, նշված հեռախոսն ավազակային հարձակման ժամանակ հափշտակված լինելու վարկածը ստուգելու և դրա հետ կապված անհրաժեշտ այլ քննչական և դատավարական գործողություններ կատարելու փոխարեն, թաքցրել է դրա հայտնաբերման փաստը և այն չի կցել քրեական գործի նյութերին. ավելին, հեռախոսն ապօրինի վերցրել և 4 ամիս շահագործել է իր կարիքների համար:
Հետագայում, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, Դ. Շահբազյանն ապօրինի մերժել է Ա. Աբրահամյանի` «Վերտու»-ն վերադարձնելու վերաբերյալ իրեն ներկայացրած միջնորդությունը` անհիմն պատճառաբանելով, թե, իբր, դեպքի վայրի զննության և ավտոմեքենայի խուզարկության ժամանակ բջջային հեռախոս չի հայտնաբերել` թաքցնելով այն իր կողմից տևական ժամանակով շահագործելու հանգամանքը:

Այսպիսով, քննիչ Դ. Շահբազյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` էական վնաս հասցնելով ինչպես պետության, այնպես էլ Ա. Աբրահամյանի օրինական շահերին ու իրավունքներին, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվելու է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:




Լրահոս