Ինչ նպատակով են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները մեկնել Ստեփանակերտ. ԱՄՆ համանախագահը բացահայտել է ծրագիրը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվից Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, երեկ հանդիպելով Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Նալբանդյանի հետ, ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների մասին. «Հանդիպման մասնակիցները կարեւորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաեւ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը»,- տեղեկացնում են պաշտոնական հաղորդագրությունները: Մինչդեռ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում համանախագահները այլ առավել ուշագրավ շեշտադրումների վրա են կենտրոնացել:

Մասնավորապես ԱՄՆ համանախագահ Ռ. Հոգլանդը հայտնել է, որ համանախագահներն այսօր մեկնելու են Ստեփանակերտ՝ «համոզվելու, որ յուրաքանչյուր ոք տեղյակ է, թե ինչ [հակամարտության կարգավորման] հնարավորություններ կան»: Նկատենք, որ սա ինքնին հետաքրքիր ձեւակերպում է, քանզի «յուրաքանչյուր ոք», այսպես թե այնպես, չի կարող տեղյակ լինել հակամարտության կարգավորման հնարավորություններին, քանի որ բանակցային փաստաթուղթն, ինչպես հայտնի է, ամբողջությամբ հրապարակված չէ եւ չի էլ կարող լինել:

Ուստի այս պարագայում հնարավորությունների մասին տեղյակ լինելու շուրջ հիշատակումը եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք սովորականի, ապա կնշանակի, թե միջնորդները գնում են Արցախ՝ համոզվելու, որ այնտեղ իրապես տեղեկացված են եւ գիտակցում են, թե ինչ կարող է լինել, եթե հավանություն չտան խնդրի կարգավորման՝ միջնորդների առաջարկած ներկայիս տարբերակին:

Իսկ թե ինչ տարբերակի մասին է խոսքը, այս հարցի շուրջ Հոգլանդը եւս ուշագրավ բացահայտումներ է արել երեկ: Այսպես՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ թե իրոք այսօր սեղանին, այսպես կոչված, Լավրովյան ծրագիրն է, նա ասել է. «Մենք այն չենք կոչում «Լավրովի ծրագիր», սակայն, անշուշտ, սեղանին դրված է ծրագիր»:

Հստակեցնող հարցին՝ արդյոք այդ ծրագիրը մշակվել եւ ներկայացվել է Ռուսաստանի կողմից, Հոգլանդը այսպես է արձագանքել. «Թե ով է կամ որ երկիրն է հեղինակել այդ ծրագիրը, չեմ պատրաստվում մեկնաբանել, սակայն կարող եմ ասել, որ այն շատ լավն է եւ միջազգային հանրության կողմից հավանության է արժանացել: ԵԱՀԿ-ն, համանախագահները եւ համանախագահների կառավարությունները հավանություն են տվել այդ ծրագրին: Սեղանին առկա ծրագիրը շատ մանրամասն է, հստակ է, եւ ես վստահ եմ, որ բոլոր կողմերի իշխանությունները հասկանում են, թե ինչ կա դրանում»:

Այսպիսով՝ Հոգլանդը գրեթե բացահայտ ասում է, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները մեկնել են Ստեփանակերտ՝ Լավրովի ծրագրի մասին Արցախի դիրքորոշումը լսելու, եւ հընթացս նաեւ բացատրելու, թե ինչ հեռանկար կարող է սպասվել այդ ծրագրից հրաժարվելու դեպքում:




Լրահոս