Որքան ունեցվածք ունեն ՕՐՕ դաշինքի առաջնորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ ներկայացնում է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածուների պաշտոնական հայտարարագրերը:

Առանց գույքի

Պարզվում է` ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անշարժ, թանկարժեք եւ շարժական գույք չունի: Նա որպես եկամուտ հայտարարագրել է պաշտպանության նախարարությունից ստացած 4 մլն 713 հազար դրամ աշխատավարձը, նաեւ ՊՆ-ից ստացած կենսաթոշակը՝ 5 մլն 531 հազար դրամ: Օհանյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 18.5 մլն դրամ:

Գլենդելում տուն ունի, Երեւանում՝ ոչ

ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի՝ ԿԸՀ ներկայացրած պաշտոնական հայտարարագրից պարզ դարձավ, որ ինքը ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում ունի մեկ առանձնատուն, իսկ Երեւանում գրասենյակային մեկ տարածք, որի 60 տոկոսի սեփականատերն է: Շարժական եւ թանկարժեք գույք չունի: Օսկանյանը որպես եկամուտ հայտարարագրել է ԱԺ-ից ստացած աշխատավարձը՝ մոտ 5.5 մլն դրամ: Նրա դրամական միջոցները կազմում են 10 մլն դրամ, 50 հազար դոլար:

Անեկամուտ

ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու առանձնատուն ունի: Չունի շարժական եւ թանկարժեք գույք: Նրա դրամական միջոցը կազմում է ընդամենը 25 մլն դրամ: Թեկնածուն եկամուտ չի հայտարարագրել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս