ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Իսակովի պողոտայում

Իհարկե, անհասկանալի է, թե այս մեքենայի վարորդը որտեղից է ձեռք բերել այս համարանիշը, բայց փաստ է, որ նա անկաշկանդ շրջում է Երեւանում: Մնում է ենթադրել, որ այս՝ «TEST 01» համարանիշով ավտոմեքենային կա՛մ չի հանդիպել որեւէ ճանապարհային ոստիկան, կա՛մ էլ հանդիպելու դեպքում չնկատելու դրսեւորում է ցուցաբերել:

 

 

 
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ եկեղեցի մտնելու համար կանայք պետք է գլխաշոր կրեն: Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է կարելի, եւ ի՞նչ չի թույլատրվում անել եկեղեցում: Բացի գլխաշոր կրելուց՝ քրիստոնյաներն ի՞նչ տեսքով պետք է մտնեն եկեղեցի:

Սիրանույշ Սարգսյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱԽԱՆ. Հայտնում ենք, որ եկեղեցին, ինչպես արդեն նշել ենք, Աստծո եւ աղոթքի տուն է, մարդու եւ Աստծո հանդիպման ամենամերձ վայրը: Այդ կարեւոր հանդիպումը կայանում է աղոթքով, երբ մարդ իր սրտի դռներն անկեղծորեն բացում է Աստծո առջեւ՝ երկրային իրականությունից տեղափոխվելով ուրիշ աշխարհ՝ Աստծո աշխարհը: Եկեղեցում Աստծո սուրբ եւ զորավոր ներկայության գիտակցությունը մարդուն, անկախ տարիքից եւ պահի անհրաժեշտությունից, պետք է թելադրի զուսպ եւ պատշաճ կեցվածք ունենալ: Երբ կարեւոր տեղ ենք գնում, առավելագույնս ձգտում ենք համապատասխան կեցվածք ունենալ եւ լավ տպավորություն թողնել՝ նույնիսկ հետեւելով մեր հագուստին, շարժուձեւին, քայլվածքին: Ավելի կարեւոր տեղ չկա, քան եկեղեցին, եւ ավելի կարեւոր հանդիպում չկա, քան հանդիպումը մեր Արարչի հետ:
Հետեւաբար, եկեղեցի մտնելիս առավել եւս պետք է ուշադրություն դարձնել հագուկապին (կանայք եկեղեցում պետք է գլխաշոր կրեն) եւ ունենալ պատշաճ կեցվածք, տարվել ոչ թե խոսակցություններով, ծանոթ-անծանոթների հետ բարեւների ու ողջույնների փոխանակումով, աչքերի զննողական փնտրտուքներով, այլ մտասուզվել աղոթքի մեջ:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ պատշաճ է եկեղեցուց դուրս գալ դեմքով դեպի Խորանը՝ խաչակնքումով, քանի որ Խորանն Աստծո բնակավայրն է, եւ վայել չէ մեջքով դարձած հեռանալ Աստծո տնից:

 

 

 
ՀԱՐՑ. Անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը վաղուց վերացել է: Խնդրում եմ ասեք՝ ներկայումս ի՞նչ գործընթաց է ենթադրում վերջինս:

Եպրաքսիա Մելքոնյան (49 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ 2012 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի գործարքները հնարավոր է կնքել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում՝ առանց նոտարական գրասենյակ այցելելու:
Այդ նպատակով անշարժ գույքի նկատմամբ որեւէ գործարք կնքելու մտադրություն ունեցող անձինք պետք է նախ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերից ընտրեն իրենց գործարքին համապատասխանող պայմանագրի տեսակը, լրացնեն օրինակելի պայմանագրի մեջ լրացման ենթակա տվյալները եւ անձամբ ներկայանան կադաստրի պետական կոմիտեի որեւէ սպասարկման գրասենյակ, որտեղ համապատասխան պաշտոնատար անձի ներկայությամբ պետք է ստորագրեն կազմված պայմանագիրը:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ գործարքներից, այդ թվում՝ առքուվաճառքի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը:




Լրահոս