ՀՅԴ-ի ծանր հրետանին. ինչպիսին է Աղվան Վարդանյանի գործունեությունը

ՀՅԴ-ի ծանր հրետանին. ինչպիսին է  Աղվան Վարդանյանի գործունեությունը

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է անդրադառնալ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորների գործունեությանը: Այսօր կվերհիշենք  նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանի խորհրդարանական գործունեությունը:

Աղվան Վարդանյանը ՀՅԴ-ի ծանր հրետանիներից է, որը ՀՅԴ անդամ է 1990 թվականից, իսկ որպես պատգամավոր աշխատել է 1999-2003թթ.: 2003-08թթ. Վարդանյանը եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Ի դեպ, նա նաեւ ստեղծագործում է, հեղինակ է բանաստեղծական ժողովածուների, այս ոլորտում արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` 1989թ. ՀԼԿԵՄ կենտկոմի գրական մրցանակ, 2006թ. «Անանիա Շիրակացի» մեդալ:

Նա ամբողջովին կրում է իր կուսակցության վարած քաղաքականության պատասխանատվությունը, պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, 2008թ. մարտի 1-ից հետո համաձայնել Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելուն:

Վարդանյանը վերջերս նույնիսկ հայտարարեց, թե բացի ՀՅԴ-ից՝ մնացած բոլորը «շան տղեք են»: Թերեւս նա պիտի կողմնորոշվի` ՀՀԿ-ին նույնպե՞ս այդ պատվին է արժանացնում, թե՞ ոչ` հաշվի առնելով վերջինիս հետ կոալիցիոն գործակցությունը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ լինելով` նա ՊՊԾ գնդի գրավման օրերին կշտամբում էր «Սասնա ծռերին»` պնդելով, որ «զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու»:

Ոգեւորիչ է, որ պատերազմի օրերին գերագույն գլխավոր հրամանատարին ու Պնախարարին կախելու քարոզ տանող, բենզինի շշերով իշխանափոխություն իրականացնելու ձգտում ունեցող եւ մայրաքաղաքի հրապարակներում ցույցեր անող կուսակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եկել է այսպիսի համոզման: Թերեւս նրա այդ կարծիքը նոր չէ, եւ դրա արմատները պետք է գտնել նրա խորհրդարանական «դեմ ըլլալով կողմ ըլլալու» գործունեության մեջ:

Այսպես՝ նա ԱԺ-ում կողմ է քվեարկել 393 անգամ, իսկ ձեռնպահ` 245: Դեմ լինելով 73 անգամ` նա քվեարկություններից հրաժարվել է 83 անգամ եւ բացակայել 170 նիստերից: Ինչ խոսք, 32 անգամ հանդես է եկել հարցերով եւ 23 անգամ էլ խոսել ԱԺ ամբիոնից:

Ն. Հովսեփյան