ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք չենք հոգնի աշխատել խաղաղության ուղղությամբ, բայց պարտավոր ենք պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական կողմը չի հոգնի աշխատել խաղաղության ուղղությամբ, սակայն պարտավոր է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Մենք չենք հոգնի աշխատել խաղաղության ուղղությամբ, բայց մենք պարզապես պարտավոր ենք պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման, որովհետև, ցավոք, իմ գնահատմամբ, Ադրբեջանում ամբողջովին բացակայում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողության համակարգը: Իսկ դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը կարելի է գնահատել 0-ից 100 տոկոս: Որովհետև այդ որոշումը ոչ մի բանով պայմանավորված չէ և սահմանափակված չէ»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձերը պարբերաբար տապալվում են Ադրբեջանի կողմից, որը չի ձգտում լուծում գտնել, այլ ձգձգում է հակամարտության կարգավորումը՝ մշտապես ավելացնելով սպառազինությունը և տարածելով հակահայկական հռետորաբանություն: Ատելության նման մակարդակում սեփական հասարակությանը պատրաստել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փոխզիջումային լուծման հնարավոր չէ, հայտարարել է Վիգեն Սարգսյանը:

«Իհարկե, ցանկություն կա հուսալ, որ Բաքվում լավ հասկանում են, որ ցանկացած լարվածության աճ կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի, որը կարող է քաոս ստեղծել, բայց, միևնույն ժամանակ, չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որովհետև այդ խնդիրը չունի ռազմական լուծում: Դա միանգամայն ակնհայտ է՝ հաշվի առնելով այն, որ խնդիրը հորինված չէ, այն իրական է, մարդիկ, ովքեր ապրում են այնտեղ, միանգամայն իրական են, և ենթադրել, որ նրանք կարող են պարզապես հետ կանգնել իրենց երկրում իրենց օրենքներով ապրելու իրենց իրավունքից, պարզապես անհավանական է»,- ասել է նա:

Հայկական կողմը բաց է բանակցային գործընթացի համար, դրան ակտիվ մասնակցում է, սակայն կարծում է, որ լուծման ուղիների որոնումն ուղղակիորեն կապված է հենց ինքնորոշման իրավունքի ճանաչման հետ, հավելել է Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ մնացած բոլոր հարցերն այդ հարցի ածանցյալն են, և դրանք պետք է որոշվեն՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը և ազատ զարգանալու նրանց իրավունքը:




Լրահոս