ՇԻՐԽԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահն այդպես էլ դաս չեղավ իրավապահ մարմինների համար: Հիշո՞ւմ եք՝ չնայած առողջական ծայրահեղ ծանր վիճակին, նրան «Սասնա ծռերի» գործով քննիչը դատարանի միջոցով կալանավորեց, որի դեմ բողոքելու համար Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարեց: Այն բերեց առողջության վերջնական քայքայման ու մահվան:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ այս օրերին ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը կալանավորվել էր դեռ 2015թ-ին բացահայտված զինված խմբավորման գործով: Շիրխանյանն այլեւս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, ավելին՝ նրա մոտ ի հայտ են եկել նոր հիվանդություններ, որոնք ավելի են սրում իրավիճակը: Ու չնայած այս ամենին, Շիրխանյանին շարունակում են պահել կալանքի տակ:
«Ժողովուրդ»-ը արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունից էլ հետաքրքրվեց՝ ինչ զննություն է անցել Շիրխանյանը եւ ինչ բուժում է ստանում. «Բացի քրեակատարողական հիմնարկում ստացած խորհրդատվություններից, բուժումից եւ կատարած զննություններից՝ Վ. Շիրխանյանը բազմիցս, այդ թվում նաեւ իր նախընտրած բուժհաստատություններում, իր նախընտրած մասնագետների կողմից ենթարկվել է ռեւմատոլոգի, անգիովիրաբույժի, նյարդավիրաբույժի, սրտաբանի, ուրոլոգի, նյարդաբանի զննության, կատարվել են համապատասխան լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ»: Նման հետազոտություններ անցկացվելու են նաեւ առաջիկա օրերին: Ավելին՝ հիմա Վ. Շիրխանյանը գտնվում է դինամիկ հսկողության ներքո եւ ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում: Մինչդեռ նրա հարազատները հակառակն են պնդում` Շիրխանյանը չի բուժվում, եւ նրան խոշտանգելու գործընթացը շարունակվում է:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Միկմետալ» ընկերությունը «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով սնանկ ճանաչել: Բանն այն է, որ «Հայասի գրուպ» ընկերությունը գումար է պարտք «Միկմետալ»-ին: Խոսքը շուրջ 2.5 մլն դրամի մասին է: «Ժողովուրդ»-ին «Միկմետալ» ընկերությունից հայտնեցին, որ իրենք դեռեւս 2015 թվականին «Հայասի գրուպ»-ին ամրան եւ ամրալար են վաճառել, ընկերությունը ապրանքը ստանալուց հետո խոստացել է, որ կվճարի, սակայն մինչ օրս դեռ չի վճարել: Ուշագրավն այն է, որ «Միկմետալ» ընկերության հիմնադիրը Միխայիլ Հարությունյանն է, որը Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է եւ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբայրը: Ի դեպ, «Միկմետալ» ընկերության տնօրեն Վահան Հարությունյանը նույնպես ՀՀԿ-ով առաջադրված թեկնածու է: Իսկ «Հայասի գրուպ»-ը ինչպես արդեն նշեցինք, ՀՎԿ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն է:

 

 
ՊԵԿ-ը պատրաստվում է առաջիկայում հարկային համաներում կիրառել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ համաներման ամփոփիչ վիճակագրությունը կներկայացվի 10 օրից: «Համաներումից օգտվում են այն սուբյեկտները, որոնք օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրվա ընթացքում, ներկայացրել են ճշգրտված հաշվարկ կամ կատարել են հարկի վճարումը, որպեսզի տույժերից կամ տուգանքներից ազատվեն: Մոտ 10 օրից ամփոփ ձեւով Ձեզ կներկայացնենք, թե որ տնտեսվարող սուբյեկտներն են, որ ճշգրտված հաշվարկ են ներկայացրել, հարկի ավել գումար են ցույց տվել, որ ֆիզիկակական անձինք են, որ երկրորդ գույքի օտարումից ունեն վճարումներ եւ ազատվել են դրանից, քանի տնտեսվարող սուբյեկտի անձնական հաշվի քարտից են սոցապահովագրության վճարներն ու եկամտահարկը նվազեցվել, վիճակագրությունը ամբողջական կտրամադրվի Ձեզ»,- տեղեկացրել է Միրումյանը:

 

 
«Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Բաբայանին ու եւս երկու հոգու ձերբակալել է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ Հայաստան բերելու առթիվ գործի շրջանակներում: Ըստ մեր տեղեկությունների՝ այս գործի համար հիմք են հանդիսացել հեռախոսային գաղտնալսումները: Չի բացառվում, որ այս գործի շրջանակներում լինեն նոր ձերբակալություններ եւս: Բաբայանին երեկվա դրությամբ դեռ մեղադրանք չէր առաջադրվել, բայց չի բացառվում, որ դա արվի ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո, եւ նա կալանավորվի: Նշենք նաեւ, որ Բաբայանն ԱԱԾ-ում հրաժարվել է որեւէ ցուցմունք տալուց, ավելին՝ փաստաբանի խոսքերով՝ նա ընդհանրապես չի ճանաչում այդ գործի շրջանակներում ձերբակալված անձանց: Հավելենք, որ Վրաստանի ՊՆ-ն երեկ մի հայտարարություն տարածեց, որով բավականին անհարմար դրության մեջ դրեց Բաբայանի «գործը կարած» ԱԱԾ-ին: Ըստ Վրաստանի ՊՆ-ի. «Տարածված տեղեկություններն այն մասին, որ ռուսական ռազմական տեխնիկան իբր Վրաստանի տարածքով ուղեւորվում էր Հայաստան, չեն համապատասխանում իրականությանը»:

 

 
ՄՐԻՑ՝ ՄՐՋՈՒՐԸ
Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Խաչատրյանն ազատվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Յոթնամյա դեսպանության ընթացքում նրա գործունեության ամենահիշարժան եւ նկատելի դրվագը կապված էր «ուտող-խմող» եւ լավ կենացներ ասող Խաչատրյանի «խոհարարական տաղանդների» ներկայացման հետ բելառուսական մեդիայում: Դրանից զատ, ցավոք, դժվար է հիշատակել Արմեն Խաչատրյանի դիվանագիտական գործունեության որեւէ այլ ձեռքբերում: Այս դեսպանի ծպտունը չլսվեց ոչ անցած տարի, երբ ապրիլին Բելառուսը հանդես եկավ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ խայտառակ կողմնակալ հայտարարությամբ, ինչի արդյունքում ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվեց ՀՀ ԱԳՆ, ոչ էլ անգամ տարեվերջին, երբ ծագեց ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վտանգը, եւ ավելի քան մեկուկես ամիս գործադրած ջանքերի արդյունքում Ադրբեջանն ի վերջո հասավ իր նպատակին:
Այնպես որ, Ա. Խաչատրյանին դեսպանի պաշտոնից ազատելը կարելի է համարել ողջունելի, թեեւ շատ ուշացած որոշում: Սակայն ամբողջ հարցն այն է որ նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանը Բելառուսում Հայաստանի դեսպան է նշանակել Օլեգ Եսայանին՝ ընդամենը օրերս Ռուսաստանում ՀՀ դեսպանի աթոռին հրաժեշտ տված մեկ այլ «փայլուն» դիվանագետի՝ միաժամանակ նրան նշանակելով նաեւ Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ /այս պաշտոնը եւս նախկինում Խաչատրյանն էր զբաղեցնում/: Թե ինչպիսի դեսպան էր Օլեգ Եսայանը, արդեն առիթ ունեցել ենք գրելու եւ ոչ մեկ անգամ: Այս «դիվանագետն» էլ առավելապես աչքի ընկավ վերջերս՝ Մոսկվայի իր նստավայրին հրաժեշտ տալու նախօրեին, երբ, ի վերջո, հարկ համարեց հանդես գալ հայտարարությամբ… իր գործունեությունը չհավանող ռուս լրագրող Սոլովյեւի հնչեցրած քննադատությանն ի պատասխան: Դրանից զատ Օլեգ Եսայանի ակտիվությունը որեւէ կերպ նկատելի չի եղել անցած տարիներին, երբ եղել են տասնյակ առիթներ՝ հրապարակային մակարդակում արձագանքելու հենց նույն ադրբեջանական լոբբինգին Ռուսաստանում, էլ չասած՝ ռուսների կողմից ՀՀ քաղաքացիների շահերի ոտնահարման կապակցությամբ:
Եվ հիմա հարց է առաջանում՝ Եսայանի այդ որ արժանիքի համար է Սերժ Սարգսյանը նրան վերստին նշանակում այս պաշտոնում /մինչ Մոսկվա գնալը Եսայանը արդեն եղել էր Բելառուսում ՀՀ դեսպանը/: Լավ, որքան կարելի է առաջնորդվել անձնական քմահաճույքով կամ սեփական թայֆայի անդամներին յուղոտ պաշտոններ տալով: Ի վերջո, խոսքը գնում է մի երկրի մասին, որի հետ Հայաստանը դիվանագիտական շատ լուրջ աշխատանքի կարիք ունի: Ինչպես կարելի է այդքան անպատասխանատու մոտեցում դրսեւորել եւ ուղղակիորեն թքած ունենալ ՀՀ ազգային շահի վրա: Սթափվե՛ք, պարո՛ն, սա փոքր երկիր է:




Լրահոս