«ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԷԼ ՈՒՐ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարեց, թե «Ծառուկյան» դաշինքը ընդդիմություն չէ: Նա որպես իրական ընդդիմադիր ուժեր նշեց «Ելք» դաշինքին, ՀԱԿ-ին եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը: «Ժողովուրդ»-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանից փորձեց պարզել, թե ինչպես է դաշինքն արձագանքում Խոսրով Հարությունյանի այդ հայտարարությանը:

-Տիկի՛ն Զոհրաբյան, այսօր (հեղ.-երեկ) լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարեց, թե «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն չէ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:
-Անկեղծ ասած, երբեմն լինում են հայտարարություններ, որոնց մեկնաբանելուց մտածում ես՝ ինչ ասես, որ ադեկվատ լինի ասվածին, այսինքն՝ լինում են դեպքեր, որ մտածում ես՝ մեր օպոնենտների, մեր գործընկերների երեւակայությունը մինչեւ էլ ուր կարող է հասնել: «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն է, «Ծառուկյան» դաշինքը դրել է խնդիր՝ ապրիլի 2-ի ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության: Ես չգիտեմ, թե օրը քանի անգամ այդ հայտարարությունը պետք է արվի, որ մեր հարգարժան գործընկերների համար որեւէ հարց «Ծառուկյան» դաշինքի ծրագրերի եւ քաղաքական օրակարգի հետ կապված չլինի:
Իսկ եթե իմ հարգարժան գործընկեր Խոսրով Հարությունյանը նման պաշտոնական հայտարարություն է անում, ուրեմն Խոսրով Հարությունյանը հավաստի տեղեկություններ ունի, որ գործող կառավարության բոլոր անդամները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են: Եթե ինքը նման տեղեկություն ունի, ապա խնդրում ենք, որ ինքը այդ կիսվի մեզ հետ, որովհետեւ միայն այս դեպքում է հնարավոր, որ «Բարգավաճ Հայաստան»-ը լինի ոչ թե ընդդիմություն, այլ իշխանություն: Որեւէ այլ տարբերակում դա հնարավոր չէ:
-Տիկի՛ն Զոհրաբյան, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ «Ելք» դաշինքը միակ ուժն է, որը բացառում է կոալիցիան ՀՀԿ-ի հետ: «Ծառուկյան» դաշինքը հիմա բացառո՞ւմ է ՀՀԿ-ի հետ համագործակցությունը, թե՞ ոչ:
-Գիտեք, երբեմն ինձ թվում է, որ մեր որոշ գործընկերներ մատներով փակում են ականջները, որպեսզի չլսեն մյուսների ձայնը՝ մտածելով, որ այդ դեպքում իրենց ձայնն ավելի լսելի է դառնում: Քանիցս ասվել է, եւ մեկ անգամ եւս իմ հարգարժան գործընկեր Էդմոն Մարուքյանի համար նորից կրկնեմ, որ «Ծառուկյան» դաշինքը գործող իշխանության հետ կոալիցիա չի կազմելու, ասվել է մի քանի անգամ, կրկնեմ եւս մեկ անգամ:
-Ձեր դաշինքը իշխանության գալու դեպքում խոստանում է այնպես անել, որ 18 տարեկանները սահմանը չպահեն: Նման խոստում է տալիս նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, բայց այն շատերը համարում են անիրատեսական եւ պոպուլիստական՝ նշելով, որ առաջիկա տարիների ընթացքում նման բան հնարավոր չէ:
-Ուրեմն, դրա լուծման շատ պարզ տարբերակը կա: Ես Ձեր լրատվամիջոցի միջոցով հրավիրում եմ բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ովքեր պոպուլիզմ են տեսնում առաջադրած տասնհինգ դրույթներում, ովքեր կասկածի տակ են դնում մեր դրույթների իրականանալի լինելը կարճաժամկետ ժամանակահատվածում, հրավիրում եմ մեր տնտեսագետների հետ քաղաքակիրթ բանավեճի: Ես հույս ունեմ, որ այդ բանավեճից իրենք դուրս կգան վստահ այն համոզմունքով, որ որեւէ պոպուլիզմ մեր դրույթների մեջ չկա:
-Նախօրեին ԱԱԾ-ն ձերբակալեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին, որը համարվում էր ՕՐՕ դաշինքի համակարգողը: Այդ դաշինքը հայտարարում է, որ Բաբայանի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ այդկերպ ցանկանում են ճնշել դաշինքին: Ըստ Ձեզ՝ Բաբայանը ի՞նչ վտանգ էր ներկայացնում, որ իշխանությունները ցանկանային նրան հեռացնել խաղից:
-Գիտեք, ես քանի դեռ չեմ տիրապետում փաստերի, չեմ տիրապետում հստակ տեղեկատվության նշյալ դեպքի վերաբերյալ, ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական տալուց, սա այն դեպքը չէ, որ ենթադրություններով, կարծիքներով, մտածելով, եթեներով գնահատական տրվի: Երբ որ մենք կտիրապետենք հստակ տեղեկատվության, թե ինչ է եղել իրականում, այդ ժամանակ էլ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները կտան գնահատական:

 

 

 

 
ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵ՞Ն

Թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Դավիթաշեն, Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջանները, ՀՅԴ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի համահիմնադիր Անահիտ Հարությունյանը, ով տարիներ առաջ ԲՀԿ-ի անդամ էր: Ի՞նչը ստիպեց Հարությունյանին ԲՀԿ-ից հետո դառնալ ՀՅԴ-ի համակիր, արդյոք որեւէ գաղափարական նմանություն է տեսել այս երկու կուսակցությունների միջեւ: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Անահիտ Հարությունյանի հետ:

-Տիկի՛ն Հարությունյան, Դուք ՀՅԴ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եք թիվ 2 ընտրատարածքում: Դուք նախկին ԲՀԿ-ական եք եղել, ի՞նչը ստիպեց Ձեզ դառնալ ՀՅԴ-ի համակիր:
-Դա անձնական խնդիր է, ես ՀՅԴ-ի համակիր եղել եմ միշտ, իմ ողջ գիտակցական կյանքում, եւ իմ ընտանիքի անդամներն էլ եղել են եւ կան դաշնակցական, իմ պապերի մեջ էլ են եղել, եւ ընդհանրապես ես համարում եմ, որ ամեն հայ ինչ-որ տեղ դաշնակցական է: Իսկ ԲՀԿ-ում եղել եմ մի տարուց մի քիչ ավելի, դուրս եմ եկել անձնական խնդիրների պատճառով, չեմ ուզում դրա մասին խոսել:
-Երկու կուսակցությունները գաղափարական ի՞նչ նմանություն ունեն, որ ԲՀԿ-ից հետո նախընտրել եք ՀՅԴ-ն:
-Դուք ի՞նձ եք տալիս այդ հարցը:
-Իհարկե, չէ՞ որ Դուք եք ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածուն, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է եղել: Սկզբունքորեն պետք է գաղափարական նմանություններ ունենան կուսակցությունները, որ մեկը թողնեք եւ մյուսը նախընտրեք:
-Դա որեւէ նշանակություն չունի: Նախ՝ ես կուսակցության անդամ չեմ, երկրորդը՝ Դաշնակցության գաղափարներն այսօր չեն ստեղծվել, 127 տարի է, ինչ կա, եւ այս իմաստով համեմատություններ անել որեւէ այլ կուսակցության հետ, ես չեմ ուզում, կարծում եմ՝ անիմաստ է դա:
-Շատերն են լքում իրենց հարազատ կուսակցությունը, որովհետեւ նրանց չեն ցանկացել առաջադրել:
-Ես այնտեղ չեմ եղել արդեն 6 տարի, ինչպես կարող էին չուզենալ առաջադրել: Եթե ես վեց տարի առաջ դուրս եմ եկել, իրենք ինչպես կարող էին ուզել կամ չուզել առաջադրել:
-Դե, հնարավոր է՝ 2012 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ: Ինչեւէ: Դուք նշում եք, որ Ձեր հարազատները, նաեւ հայրը դաշնակցական է, իսկ այս փաստը հաշվի չէիք առե՞լ դեռեւս տարիներ առաջ, երբ որոշել էիք անդամագրվել ԲՀԿ-ին:
-Դա բոլորովին չի խանգարել, որովհետեւ ես ինքս չեմ եղել Դաշնակցական կուսակցության անդամ, ես ինքս որոշել եմ՝ տեսնելով ինչ-որ հեռանկարներ, ոգեւորվելով ԲՀԿ-ի գործունեությամբ… հետո դուրս եմ եկել, զուտ անձնական պատճառներով:
-Լավ, անդրադառնանք արդեն այս ընտրապայքարին: Ի վերջո, հաշվի առնելով Ձեր մրցակիցներին, ինչպես եք գնահատում Ձեր շանսերը:
-Դե, բնական է, որ շանսերը հաշվի են առնում համեմատության մեջ, որովհետեւ թեկնածուները շատ-շատ են ու տարբեր: Նաեւ մեթոդներն են տարբեր աշխատելու, բայց ես իմ շանսերն անձամբ շատ բարձր եմ գնահատում, որովհետեւ շատ եմ ես շփվում մեր ազգաբնակչության հետ, շատ հանդիպումներ եմ ունենում: Տեսնում եմ առաջինը շատ մեծ վստահություն ՀՅԴ-ի հանդեպ, որի կողմից ես առաջադրված եմ, եւ երեւի, ինձ թվում է, նաեւ ճանաչելով իմ անձը: Կարծում եմ, որ արդյունքները լավ կլինեն:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
«ՄՈՒՐԱԴԸ ԿԱՏԱՂԵԼ Է»
Նախօրեին ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Արարատի մարզ կատարած այցի ժամանակ հանդիպմանը ներկա չէր այդ մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից Մուրադ Մուրադյանը: Ինչո՞վ է պայմանավորված Մուրադյանի բացակայությունը վարչապետի կողմից իրականացվող ՀՀԿ-ի քարոզարշավին, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց պատգամավորից:
-Նախ վարչապետը պետք է գար Մասիս 12-ին 10 պակաս, ինձ փոխմարզպետն ասեց, որ վարչապետը գալու է 12-ին մինչեւ 12:30: Վարչապետը պետք է գար Մասիսի երաժշտական դպրոց, բայց եկել էր ոչ թե 12-ին 10 պակաս, այլ 11-ին 5 պակաս, կես ժամից գնացել է, ինձ համար էլ է անհասկանալի եղել՝ ոնց եղավ, մեզ կանչում են 12-ին, ինքը գալիս է 11-ին 5 պակաս: Եւ հետո, որ զանգել ասել են, որ գնանք, միանանք Արարատ, որ գանք Արտաշատ, ես էլ չեմ գնացել, այսքան բան:
-Հնարավո՞ր է` վարչապետը չի ցանկացել, որ այնտեղ լինեք:
-Վարչապետն ինձ տենց բան չի ասել՝ արի կամ մի արի: Տենց բաներ ոնց կարան ինձ ասեն, ուղղակի մի ժամ շուտա եկել, հո մեկ ժամ առաջ չէի գնալու, սպասեի: Էդ ով որ կազմակերպելա հանդիպումները, իմ նման շատ մարդիկ, որ 12-ին պետք է գնային, ուշացած են եղել, չեն գնացել:
-Չե՞ք հետաքրքրվել, ինչո՞ւ են Ձեզ սխալ ժամ ասել:
-Իմ ինչ գործնա, ես իմ քարոզչությամբ եմ զբաղվում: Հիմա որ պետք է գնայի ըտեղ յանի… Արարատ, Արտաշատ… գնամ ընդեղ, ի՞նչ անեմ:
-Վրդովվա՞ծ եք այդ միջադեպի պատճառով…
-Դե, պատգամավորներն արդեն էնքան… ով ուզի, արգելումա, հա՞, պատգամավորին, տենցա, հա՞, արդեն դրած, այ քեզ բա՜ն: Պետք է չմոռանաք՝ առաջինը ով է նախկին վարչապետներին հելել, քննադատել ամբիոնից, որ ուշադիր նայեք, կտեսնեք, եղա՞վ:

 

 

ԱԼ ԿԱՐՄԻՐ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն անցել է ճոխ գնումների: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ մոտ 1 մլն դրամ այս նախարարությունը հատկացրել է գրասենյակային տարբեր ապրանքներ գնելու համար: Ըստ այդմ, 200 հազար դրամ ծախսվել է բլանկներ, 300 հազար դրամ՝ թղթապանակներ գնելու համար: 36 հազար դրամ այս նախարարությունը ծախսել է 5 հատ կաշվեպանակների համար: Բայց ամենաշատ գումարը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հատկացրել է շնորհավորական բացիկներ գնելու համար՝ 455 հազար դրամով նրանք ձեռք են բերել ալ կարմիր գույնի, դեկորատիվ թղթով, թավշյա ծածկույթով բացիկներ:




Լրահոս