ԱԱԾ-Ն ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալումը հետաքրքիր երանգներ է ստանում: Մինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, թե ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Վրաստանից Հայաստան ռազմական տեխնիկայի տեղափոխումը:

Չի ընդունում
Մարտի 22-ին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ հայտնաբերվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով: Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի /ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով/ եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով /խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով/ հարուցվել է քրեական գործ:
Կատարված քննչական գործողությունների արդյունքում հրթիռը Հայաստան տեղափոխող 3 անձ ձերբակալվել է, այդ թվում է նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Ըստ ԱԱԾ-ի. «Նշված զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով»:
Երեկ արդեն տեղի է ունեցել Սամվել Բաբայանի հարցաքննությունը: Նա չի ընդունել այն կասկածանքը, ինչի համար իրեն ձերբակալել են, այն է՝ հրթիռը Հայաստան տեղափոխող անձինք գործել են իր պատվերով:

Վրաստանը հերքում է
Ու մինչ երեկ ԱԱԾ-ն փորձում էր արժանահավատություն հաղորդել «կատարված գործին՝ ինչ-ինչ քննչական գործողություններ իրականացնելով` հասկանալու համար, թե ձերբակալված անձանցից յուրաքանչյուրը ինչ մասնակցություն է ունեցել «Իգլա» բերելու գործընթացին, Վրաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց` փշրելով գործի «ողջ հմայքը»:
«Սպուտնիկ Գրուզիա»-ն հրապարակել էր Վրաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, որտեղ նշվել էր. «Տարածված տեղեկություններն այն մասին, որ ռուսական ռազմական տեխնիկան իբր Վրաստանի տարածքով ուղեւորվում էր Հայաստան, չեն համապատասխանում իրականությանը: Այն քաղաքացիական եւ ոչ թե ռազմական նշանակության տեխնիկա է: Պաշտպանության նախարարությունը թույլտվություն է տալիս ռազմամթերքի տարանցման համար, սակայն այդ դեպքում նման թույլտվություն չի եղել»:
Այսպիսով՝ ԱԱԾ-ի եւ Վրաստանի պաշտոնական հաղորդագրությունները հակասում են միմյանց, եւ այստեղ առավել հիմնավորվում են այն կասկածները, որ Սամվել Բաբայանին Հայաստան հրթիռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալելը ըստ էության քաղաքական հրահանգի արդյունքում կազմակերպված «շոու» է:
Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Վրաստանում «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նուգզար Ցիկլաուրին հայտարարել էր, որ Բոլնիսի շրջանում (Քվեմո Քարթլի տարածաշրջան) նկատվել են ռուսական համարներով մեքենաներ, որոնք բեռ էին տեղափոխում: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, դա եղել է «ԲՈՒԿ» ինքնագնաց զենիթահրթիռային համալիր: Ըստ նրա՝ բեռը Ռուսաստանից Հայաստան էր տեղափոխվում:
Լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների համաձայն՝ ստեղծված իրավիճակը Վրաստանում եւս բուռն քննարկումների առիթ է տվել. արդյո՞ք մեր հարեւան երկրով զինտեխնիկա անցկացվել է, թե՞ ոչ:

Ինչ են ստուգում իրավապահները
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ին այս գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, որ ԱԱԾ-ի ձեռքում են հայտնվել այնպիսի խոսակցությունների ձայնագրություններ, որոնք ամենայն հավանականությամբ առաջիկայում նոր ձերբակալությունների առիթ կդառնան: Ասել է, թե «այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»: Ի դեպ, նախաքննությունը իրականացնող մարմինը երեկ հարցաքննել է ոչ միայն Սամվել Բաբայանին, այլ նաեւ այս գործով ձերբակալված երկու անձանց:
Հավելենք, որ Սամվել Բաբայանին դեռեւս մեղադրանք չի առաջադրվել: Բայց իրավապահ մարմիններից ստացված տեղեկությունների համաձայն՝ Սամվել Բաբայանին կկալանավորեն: Սարքված գործի հիմքում կլինեն հեռախոսային խոսակցությունները, որտեղից նա, իբրեւ թե, ինչ-որ հրահանգներ է ստացել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԴԱՏԱՎՈՐԻՆ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԿԱՇԱՌԵԼ
ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության նախկին աշխատակիցը փորձել է կաշառել դատավորին, որպեսզի նա կալանավորի նկատմամբ մեղմ դատավճիռ կայացնի:
Եվ այսպես, պարզեցինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արեն Ծերունյանը ցանկացել է ազատության մեջ հայտնվել եւ դիմել է իրեն ծանոթ, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի աշխատակիցներ Գագիկ Մաթեւոսյանին եւ Կարո Հովհաննիսյանին, որպեսզի օգնեն, որ դատավորը մեղմ դատավճիռ կայացնի, ինչի համար պատրաստակամություն է հայտնել վճարել 8.000-10.000 ԱՄՆ դոլար: Արդյունքում վերոնշյալ անձինք կալանավորին օգնելու համար դիմել են ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության նախկին աշխատակից Գեղամ Աղաբաբյանին:
Բանն այն է, որ Գեղամ Աղաբաբյանը ոստիկանության աշխատակիցներին ասել է, թե Արեն Ծերունյանի գործը քննող Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի հետ ծանոթ է եւ կարող է գործը գլուխ բերել: Այսպիսով՝ կալանավոր Ծերունյանը իր ծանոթ ոստիկանների միջոցով գումարը փոխանցել է Աղաբաբյանին, իսկ վերջինս էլ ասել է, թե դատավորի հետ պայմանավորվածություն ունի, որ նա գործը գլուխ կբերի: Սակայն իրականում Աղաբաբյանը խաբեությամբ հափշտակել է 8000 ԱՄՆ դոլարը:
Այս արարքի համար Գեղամ Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ 3 մասի առաջին կետով՝ խարդախություն, որը պատժվում է 4-8 տարի ժամկտով:
Իսկ ոստիկանության աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 հոդվածի` հանցափորձ եւ 313 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ կաշառքի միջնորդություն: Ինչ վերաբերում է կալանավոր Արեն Ծերունյանին, ապա նրան էլ մեղադրանք է առաջադրվել 34 հոդվածի` հանցափորձ եւ 312 հոդվածի` կաշառք տալ հատկանիշներով:
Հավելենք, որ Արեն Ծերունյանը կալանավորվել է հափշտակության համար, եւ 2015 թվականից մինչ օրս նրա գործով դատական նիստերը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

370 ԿՐԱԿՈՑ
Մարտի 22-ին եւ լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 370 կրակոց:

 

 

ԵՂԵԼ Է, ՉԻ ԵՂԵԼ
Aravot.am-ի տեղեկացմամբ՝ նախօրեին Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում գրանցվել է հերթական նախընտրական միջադեպը` ՀՀԿ համակիրների անմիջական մասնակցությամբ: Կայքի տեղեկություններով՝ մարզի ճանապարհային ոստիկանության տարածքային բաժանմունքի նախկին պետի որդի Տավրոս Սափեյանը, որը ՀՀԿ թեկնածու Նաիրի Սահակյանի մտերիմն է, իր համախոհ մի խումբ երիտասարդների հետ արդեն մի քանի օր է «զավթել» է գյուղամեջը: …Տավրոս Սափեյանը նույնիսկ հայտարարել է. «Գյուղը նվիրում եմ Նաիրոյին»: Նույն օրը՝ երեկոյան, նույն երիտասարդների խումբը տապալել է նաեւ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Խաչիկ Մանուկյանի ընտրարշավը գյուղում, եւ սպառնացել են, որ այդպես կլինի ցանկացածի դեպքում: ArmLur.am-ի հետ զրույցում, սակայն, Աշնակի համայնքապետ Խաչիկ Տոնոյանը հայտարարել է, որ ինքը քարոզարշավի ողջ ընթացքում տեղում է եղել, եւ որեւէ միջադեպ չի արձանագրվել. «Ամեն ինչ շատ խաղաղ է անցել, լավ է անցել: Նաիրի Սահակյանը եկավ, քարոզարշավ արեց, գնաց»,- վստահեցրել է համայնքապետը:

 

 

ԵՐԿՐՈՐԴ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության եւ «Տարոն-Ավիա» ավիաընկերության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորվելու, կանոնավոր եւ ոչ կանոնավոր թռիչքներ է սկսելու իրականացնել հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրողը՝ «Տարոն-Ավիա»-ն: Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնարկել էր մի շարք քայլեր, մասնավորապես 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մեկնող ուղեւորներից ելքի 10.000 դրամ տուրքը չի գանձվում, 2017 թ. հունվարի 1-ից աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով, իսկ օդերեւութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն 2017 թվականին նախատեսում է իրականացնել շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների ու ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման նպատակով:

 

 

ԹԻՎԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է
Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ նշելով նաեւ ըստ գտնվելու վայրի ընտրողների եւ հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Ըստ այդմ, քվեարկության օրվանից 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն 2.564.795 է, որից ըստ գտնվելու վայրի ընտրողների եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 20.387, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 646:




Լրահոս