ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԵԿ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչությունների ղեկավարները այս օրերին ՊԵԿ են ներկայացնում տվյալներ, թե ովքեր կարող են հարկային համաներումից օգտվել: Ավելին՝ մեզ հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ասաց, որ 10 օրից կներկայացվի համաներման ամփոփիչ վիճակագրությունը:

Եվ այսպես՝ դեռեւս 2016 թվականի հոկտեմբերի 27-ին գրել էինք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում քննարկվում է անցած տարիներին կուտակված հարկային պարտավորությունները «համաներելու» հարցը: Խոսքը իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների եւ ֆիզիկական անձանց այն պարտավորությունների մասին Է, որոնց բռնագանձելու բոլոր իրավական հնարավորությունները վաղուց սպառվել են, բայց շարունակում են ՊԵԿ-ի հաշվարկներում արտացոլվել: Ի դեպ, այս գործընթացը պատահական չէր սկսվել, ինչպես տեղեկացել էինք ՊԵԿ լրատվական ծառայությունից այս հանձնարարականը տրվել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից. «Այս պահին կա վարչապետի հանձնարարականը ՀՀ ՊԵԿ-ին եւ կառավարությանը քննարկել իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների եւ ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունները «համաներելու» նպատակահարմարությունը: Ներկայում ուսումնասիրություններ են ընթանում»,-նշել էին ՊԵԿ-ից:
Եվ ահա շուրջ մեկ ամիս տեւած ուսումնասիրության արդյունքում արդեն իսկ հստակեցվել է, թե կոնկրետ որ անձանց վրա է տարածվելու համաներումը: Գրել էինք, որ համաներումը կտարածվի ֆիզիկական այն անձանց վրա, որոնք տեղյակ չեն եղել, որ հարկային պարտավորություններ են ունեցել եւ դրանք չվճարելով՝ հայտնվել են տույժ-տուգանքների հորձանուտում: Իսկ ի՞նչ անտեղյակության մասին է խոսքը: Օրինակ՝ եղել են քաղաքացիներ, որոնք 1 տարվա ընթացքում 2 անգամ ինչ-որ գույք են վաճառել՝ ինքնաբերաբար հայտնվելով հարկային տիրույթում: Եվ հիմա ՊԵԿ-ը ստիպված է լինելու նոտարական գրասենյակներին տրամադրել հատուկ հուշաթերթիկներ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք գույք են վաճառում, տեղյակ լինեն, թե որ դեպքում են հայտնվելու հարկային դաշտում:
Դեռեւս 2016 թվականի դեկտեմբերից սկսված գործընթացը առաջիկայում կունենա իր հանգուցալուծումը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչության ղեկավարները ՊԵԿ են ներկայացնում տվյալներ, թե, օրինակ, իրենց տարածքային վարչությունում քանի անձ է օգտվելու համաներման գործընթացից: Առայժմ, սակայն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ոչ բոլոր տարածքային հարկային տեսչությունների ղեկավարներն են ներկայացրել տվյալներ, թե իրենց ղեկավարությամբ գործող տեսչությունում քանի անձ կարող է օգտվել համաներումից: Իսկ թե ընդհանուր առմամբ քանի մարդ է օգտվել այդ հնարավորությունից, պարզ կդառնա ամբողջական թվերը ներկայացնելուց հետո:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի հետ զրուցեց համաներման գործընթացի եւ այլ հարցերի շուրջ:
-Պարո՛ն Միրումյան, ի՞նչ փուլում է գտնվում պետական եկամուտների կոմիտեի կողմից հայտարարված համաներումը, եւ, առհասարակ, քանի քաղաքացի է օգտվելու այդ հնարավորությունից:
-Կարծում եմ, որ մոտ 10 օրից մենք ամփոփիչ վիճակագրությունը կունենանք, ինչո՞ւ, քանի որ համաներումից օգտվում են այն սուբյեկտները, որոնք օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրվա ընթացքում, ներկայացրել են ճշգրտված հաշվարկ կամ կատարել են հարկի վճարումը, որպեսզի տույժերից կամ տուգանքներից ազատվեն: Մոտ 10 օրից ամփոփ ձեւով Ձեզ կներկայացնենք, թե որ տնտեսվարող սուբյեկտներն են, որ ճշգրտված հաշվարկ են ներկայացրել, հարկի ավել գումար են ցույց տվել, որ ֆիզիկակական անձինք են, որ երկրորդ գույքի օտարումից ունեն վճարումներ եւ ազատվել են դրանից, քանի տնտեսվարող սուբյեկտի անձնական հաշվի քարտից են սոցապ վճարներն ու եկամտահարկը նվազեցվել, վիճակագրությունը ամբողջական կտրամադրվի Ձեզ:
-Պետական եկամուտների կոմիտեում չափանիշների փոփոխման արդյունքում նոր բացահայտում էր եղել, որ «ԱՐԱԳԳ» ընկերությունը վառարանային վառելիքը փորձել էր իրացնել իբրեւ կերոսին ու դիզելային վառելիք: Կոնկրետ ինչ չափանիշների փոփոխության մասին է խոսքը:
-Խոսքը չի վերաբերում ՊԵԿ-ի չափանիշների փոփոխությանը, խոսքը վերաբերում է ընդհանրապես ռիսկային սուբյեկտների կամ ռիսկային չափանիշների վերանայմանը, որը կիրառվում է մաքսային սահմանին ապրանքների ներմուծման փուլում: Չափանիշը դա մեկ չափանիչ չէ, չափանիշը կախված է, թե դա որ երկրից է ներմուծվում, ինչ ապրանքատեսակ է ներմուծվում, որ տնտեսվարող սուբյեկտն է ներմուծում, բոլորը չափանիշների համախումբ են, որոնց արդյունքում ձեւավորվում է այդ ռիսկը, եւ իրականացվում է համապատասխան գործողություն:
-Արդյո՞ք այդ փոփոխությունները իրականացվեցին անորակ վառելիքի մասին ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո:
-Միգուցե այդ ժամանակ չափանիշներն են վերանայվել, չեմ կարող ասել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՍՆԱՆԿԱՑԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՂՋԱՆԱ՞

«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, թե ովքեր են կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող, բայց արդեն սնանկացած «Վինար» ընկերության պարտատերերը:

Նշենք, որ անցած տարվա հոկտեմբերի 27-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել էր Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Եվ դեկտեմբերի 9-ին ընկերությունը նույն դատարանի որոշմամբ սնանկ էր ճանաչվել: «Վինար» ընկերության սնանկության գործերով կառավարիչ Տիգրան Հարությունյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է այս տարվա մարտի 31-ին: Նշենք, որ կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող «Վինար» ընկերությունը Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներին պարտք է 67 մլն 800 հազար դրամ մթերած խաղողի դիմաց:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Վինար» ընկերությունը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին պարտք է մոտ 11 մլն դրամ, իսկ «Շահումյան-Վին» ընկերությանը՝ մոտ 25.5 մլն դրամ: Ընկերությունը պարտքեր ունի նաեւ ՀՀ առեւտրային բանկերին. «Պրոմեթեյ բանկ»-ին ունեցած պարտքը կազմում է 27 հազար դոլար, «Հայբիզնեսբանկ»-ին՝ 119 մլն 293 հազար դրամ:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ սնանկացած ընկերության տնօրեն Ավետ Գալստյանի հետ: Վերջինս շտապեց հայտարարել, որ այժմ իրենք աշխատում են ընկերության առողջացման ծրագրի վրա: «Ընկերությունը ոտքի կկանգնի: Հավանաբար երկու ամսվա մեջ այդ հարցերը լուծում կստանան: Այդ պարտքերը կմարենք»,- հավաստիացրեց գործարարը:
Նշենք, որ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասով «Վինար»-ի տնօրեն Ավետ Գալստյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ գործն այժմ ՊԵԿ-ում է եւ գտնվում է նախաքննության փուլում: «ՊԵԿ-ի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Նաեւ պարտքերի մասով մարման ժամանակացույց կա: Այդպես կմարենք պարտքերը»,- նկատեց մեր զրուցակիցը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
«ՔԵՖՉԻՆԵՐԻ» ՎԵՐՋԸ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչուհի Հասմիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարի 24-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, նույն գյուղի բնակիչ Վաչագան Մխիթարյանի կամքին հակառակ, ապօրինի մուտք է գործել վերջինիս առանձանատուն: Հ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով («Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը»): Սույն քրեական հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է 50-100 հազար դրամի չափով տուգանքով կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանքով: Հ. Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկելու է մարտի 24-ին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վաչագան Մխիթարյանը նշված ժամանակ եղել է Ռուսաստանում, իր զավակի մոտ: Նրա հետ անբարյացակամ հարաբերություններ ունեցող Հ. Գալստյանը, օգտվելով նրա բացակայությունից, Մխիթարյանի տուն մտնելով, այնտեղ իր մտերիմների հետ քեֆ է սարքել: Արտերկրից իր տուն վերադառնալով՝ տանտերն այնտեղ խառնաշփոթ է նկատել եւ կարծել, որ գողություն է կատարվել: Պարզվել է, սակայն, որ գողություն չի կատարվել, այլ հարեւան աղջիկը ապօրինի մուտք է գործել Վ. Մխիթարյանի տուն:

 

 

ՄԹԵՐՄԱՆ ԱՆԼՈՒԾԵԼԻ ԽՆԴԻՐԸ
Նոյեմբերյանի տարածաշրջանի այգեգործները դժվարություններ են կրում Դեբեդի հովտում աճեցրած դեղձն իրացնելու գործում: Այրումի պահածոների գործարանը, որը խորհրդային տարիներին 60 միլիոն պայմանական տուփ պահածո էր արտադրում, վերջին տարիներին անգործության է մատնվել, այգեգործներից դեղձ չի մթերում: Մարտի 18-ին Նոյեմբերյանի մշակույթի տանը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ Դեբեդի հովտի Արճիս գյուղի մի բնակչուհի վարչապետից աջակցություն խնդրեց դեղձի մթերումը կազմակերպելու գործում: Արճիս գյուղը մաս է կազմում խոշորացված Այրում համայնքի: Կառավարության ղեկավարը Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանին հարցրեց, թե համայնքի զարգացման պլանում նախատեսվա՞ծ է պահածոների գործարանի հիմնում: Ա. Պարանյանն ասաց, որ իրենք նախատեսել են պահածոների արտադրության ստեղծում: Վերջին տարիներին Դեբեդի հովտի այգեգործները շատ անգամ են բարձրացրել աճեցրած դեղձի մթերման խնդիրը: Տարբեր պաշտոնյաների կողմից պտղաբույծներին սատարելու խոստումներ են տրվել, սակայն հարցն այդպես էլ չի լուծվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս