Ինչ վիճակում է իրականում գտնվում Վահան Շիրխանյանը. նրան հալածո՞ւմ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի որդին` Գրիգոր Շիրխանյանը, պնդում է, որ հոր առողջական վիճակն օրեցօր վատանում է, իսկ հիվանդանոցի բժիշկներին ստիպում են դրական եզրակացություն գրել:

Հիշեցնենք, որ 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից բացահայտված «հանցավոր խմբավորման» գործով կալանավորված Վահան Շիրխանյանի առողջության մասով ՀՀ գլխավոր դատախազությունն օրերս հայտարարել էր, թե Վահան Շիրխանյանին տրամադրվել եւ շարունակվում է տրամադրվել բուժօգնություն:

-Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ Վահան Շիրխանյանին տրամադրվել է բուժօգնություն ինչպես ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, այնպես էլ իր հրավիրված բժիշկ-մասնագետների կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ո՛չ, դա չի համապատասխանում իրականությանը: Փաստ է, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակն օրեցօր վատանում է: Նա ձերբակալվելու ժամանակ առողջ էր, հիմա չի կարողանում քայլել, վերջին հետազոտությունների արդյունքում, որը կատարվեց «Էրեբունի» ԲԿ-ում հայտնաբերվեց, որ նա ունի մոտ 15 հիվանդություն: Հաց բերողի հետ կապված բազմաթիվ հայտարարություններ լսեցինք, որ առողջական խնդիր չկա, կալանքին չի խանգարում: Նույնատիպ, նույն գործելաոճով շարունակվում է նաեւ նրա հանդեպ: Կլինիկական պատկերն այն է, որ օրեցօր նրա վիճակը վատանում է:

-Դեռեւս նախաքննության ընթացքում Վ. Շիրխանյանի առողջական վիճակը եւ նրան պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Ի՞նչ տվեց այս հանձնաժողովը:

-Անցած տարի, երբ նրան նոր էին ձերբակալել, դեռեւս հունվար ամսվա վերջերին, երջանկահիշատակ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը դիմումներ էր ներկայացնում, որ նրան ուղարկեն ստուգման: Հետո հայտարարեցին, որ ստուգել են նրա առողջական վիճակը, եւ ամեն ինչ նորմալ է: Այդ հայտարարությունը ծիծաղի առարկա դարձավ փաստաբանների համար, քանի որ եթե ԱԱԾ-ում սարքավորումներ չունեն, ապա ինչպես են ստուգել: Արդեն մարտ ամսին նրան մահամերձ վիճակում տարան վիրահատության:

Պարզվեց, որ տարել է թոքերի ինֆարկտ, տրոմբները օրգանիզմում այնքան են շատացել, որ յուրաքանչյուր րոպե կարող էր սրտի կաթված ստանալ: Այդքանից հետո նոր միայն տարան: Էստեղ կա երկու կարեւոր հանգամանք. նախ՝ այդ վիճակում նա 3-4 օր «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում է եղել: Եվ այդ օրերին բացառապես որեւէ օգնություն չի ցուցաբերվել նրան: Խցակիցները սկսել են ոտքերով դռներին հարվածել:

Հազալուց արյուն է եկել, խցակիցները գոռացել են, նոր բժիշկ են կանչել: Առավոտյան բժիշկը ցուցում է տվել՝ արագ շտապօգնության մեքենայով եւ պատգարակով ուղարկել վիրահատության: Բայց բժշկի ցուցումին հակառակ՝ նրան տարել են ԱԱԾ, մինչեւ երեկո պահել են էնտեղ, երեկոյան նոր տեղափոխել են հիվանդանոց: Խոսքը 2016թ. մարտի մասին է: Մեր բազմաթիվ բողոքներից հետո նրանք նշանակեցին դատաբժշակական հանձնաժողով:

-Բայց Ըստ դատախազության՝ նշված փորձաքննության եզրակացության՝ Վ. Շիրխանյանի առողջական վիճակը եղել է բավարար:

-Դա ամբողջովին կեղծիք է: Բժշկության հետ որեւէ կապ չունեցող հանձնաժողով է եղել: Դա պատվիրված հանձնաժողով է եղել: Նրանք ուղղակի թքել են բժշակական էթիկայի եւ իրենց տված «Հիպոկրատ»-ի երդման վրա ու տվել են այդ եզրակացությունը: Նման բան չի եղել: Թոքի ինֆարկտից հետո մարդը ստանում է ռեանիմացիոն բուժում, ամիսներով վերականգնում են հիվանդի առողջությունը: Սակայն նա 3-4 օր այդ վիճակում մնացել է կալանավայրում:

Նրանք պահել են, բայց ինչ, ինչի համար են պահել, երբ որ րոպեների ընթացքում կարող էին տրոմբներն առաջացնել սրտի կաթված: Հանձնաժողովի նույն գործելաոճը վերցրեց նաեւ «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ն եւ հայտարարություն տվեց, որ նրան վիրահատել են փետրվարի կեսերին: Դա բացահայտ կեղծիք է: Վիրահատությունը եղել էր մարտ ամսին:

-Քրեական գործի դատական քննության ընթացքում «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ից դատարան ուղարկված փաստաթղթերի համաձայն՝ Վահան Շիրխանյանը գտնվում է բավարար առողջական վիճակում, կարող է ինքնուրույն տեղաշարժվել, եւ վերջինիս պատգարակով դատարան տեղափոխելու անհրաժեշտությունը բացակայում է: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Դատախազությունը կոծկում է պետական մարմինների կողմից կատարված անօրինական գործողությունները: Փաստ է, որ Վահան Շիրխանյանը, առողջ, սեփական ոտքով մտնելով ԱԱԾ, չի կարողանում այդտեղից քայլելով դուրս գալ, դատարան ներկայանալ: Նա չի կարողանում ներսում քայլել, զբոսնել:

Մեծ խնդիր է դառնում պետության համար, որ մարդուն հասցրել են հաշմանդամության եւ ուզում են կոծկել: Իսկ դատաբժշկական ինչ հանձնաժողով էլ որ լինի, սկսած բժիշկներից մինչեւ պալատական բուժքույրեր, նրանք բոլորը գտնվում են պետական հսկողության տակ, եւ իրենք ամեն հայտարարության տակ կստորագրեն:

-Այսինքն՝ հանձնաժողովն ուղղորդվա՞ծ է:

-Միանշանակ: ԱԱԾ-ից ինչպես հրահանգեն, կատարում են: Մեզ մնում է ֆիքսել բժիշկների անունները, որ հետագայում անպատիժ չթողնենք:

-Կասե՞ք մի քանի բժշկի անուն, որոնք բավարար են գնահատել Վ. Շիրխանյանի առողջական վիճակը:

-Այս պահին չեմ կարող հայտնել, բայց մեզ մոտ գտնվող բոլոր փաստաթղթերում կան նշված բժիշկների անունները: Միայն կարող եմ ասել, որ ԱԱԾ-ի բժիշկ Սուրեն Սաֆարյանի բժշկական հսկողության ներքո Վահան Շիրխանյանը ձեռք է բերել 10-ից ավել հիվանդություն:

-2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Վ. Շիրխանյանը հրաժարվել է ինչպես նշանակված դեղորայքի մի մասի ընդունումից, այնպես էլ քրեակատարողական հիմնարկ այցելած սրտաբանի, նյարդաբանի եւ թերապեւտի կազմակերպած խորհրդատվություններից եւ հետազոտումներից: Ինչո՞ւ:

-Պատճառն այն է, որ երբ կարիք է եղել՝ բժիշկները նրան օգնեն, որեւէ օգնություն չեն ցուցաբերել, երկրորդը՝ ԱԱԾ-ի բժշկի կողմից արված բոլոր բուժումների արդյունքում իր վիճակը գնալով ավելի վատ է դառնում: Իսկ ինչ վերաբերում է նրանց կողմից տրամադրված դեղորայքին, ապա նրան գրեթե դեղորայք չեն տրամադրել, ամբողջ դեղորայքը գնել է իր ընտանիքը: Կրկնում եմ՝ իրենց նշանակած բուժումներով հորս վիճակը գնալով ավելի վատ է դառնում: Ինքը մեկ անգամ գրել էր, որ 4 հազարից ավել հաբ է ընդունել, ինչն էլ իր հերթին այլ խնդիրներ է առաջացրել: Այսինքն՝ այս բուժումները ոչ թե օգուտ են տվել, այլ վնաս, դրա պատճառով հայրս հրաժարվել է:

-2017 թվականի փետրվարի 23-ից Վ. Շիրխանյանը գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում՝ «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղից ստացիոնար բուժման անհրաժեշտություն չլինելու պատճառով մարտի 3-ին դուրս է գրվել, եւ վերջինիս նկատմամբ նշանակվել է նեղ մասնագետների հսկողություն: Ի՞նչ եք Դուք արձանագրել «Էրեբունի» ԲԿ-ում:

-Նախ՝ ինչու են նրան տեղափոխել հիվանդանոց ստուգումների, այլ ոչ թե բուժման: Երբ Եվրոպական դատարանը հարց էր ուղղել ՀՀ կառավարությանը հորս մասին, իրենք մյուս օրը Վահան Շիրխանյանին տեղափոխեցին հիվանդանոց, չնայած, որ մենք տարուց ավելի պահանջում էինք, որ տեղափոխեն, չէին անում: Երբ տարան հիվանդանոց, նույն ԱԱԾ-ի բժիշկ Սուրեն Սաֆարյանը բժիշկներին հրահանգել էր, որ դուք բուժում չեք անելու, միայն ստուգելու եք:

7 օր հիվանդանոցում մնալուց, ստուգումների մի մասը անցնելուց հետո իրան դուրս գրեցին, քանի որ անընդհատ ԱԱԾ-ից, արդարադատության նախարարությունից իրենց հսկող անձանց զանգահարում էին՝ ասելով, որ շուտ արե՛ք, հանե՛ք, եւ այդ մարդիկ գնում էին, բժիշկներին ստիպում էին, որ արագ թղթերը գրեն, որ հանեն:

-Այսինքն՝ անգամ ստուգումներն են կիսատ իրականացվե՞լ:

-Այո՛, բավականին շատ հետազոտություններ կիսատ են մնացել: Ինչեւէ, բժիշկներին ստիպել են վերջին րոպեներին գրել եզրակացություն, որ իրեն տանեն: Իմ ընտանիքի աչքի առաջ է եղել, թե ինչպես են ստիպել, որ կնիք բերեն, խփեն ու դուրս գրեն: Եթե, ինչպես իրենք են նշում, մարդը խնդիր չունի, ինչու են մասնագետի հսկողության տակ պահում: Մենք պնդում ենք, որ բժիշկները կեղծում են թղթերը, կեղծում են ստիպված, քանի որ հրահանգում են իրենց:

Դեռ սեպտեմբեր ամսին մենք ունեինք բժշկի ցուցումը, որ հայրիկիս պետք է ստացիոնար բուժում, մենք ունեինք Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը, որ նրան տեղափոխեն հիվանդանոց եւ պատժեն բոլոր այն պաշտոնյաներին, որոնք մարդու առողջությունը հասցրել են այս աստիճանի: Արդարադատության նախարարությունը այս բոլոր ցուցումների հետ կապված որեւէ գործողություն չի իրականացրել:

-Ըստ դատախազության՝ Վ. Շիրխանյանի պաշտպանը, ի հիմնավորումն իր պաշտպանյալի բացակայության, փորձաքննություն նշանակելու միջնորդություն չի ներկայացնում, մեղադրող դատախազն ինքը միջնորդել է նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար Վ. Շիրխանյանի՝ դատարան ներկայանալու, դատական նիստերին մասնակցելու հնարավորությունը:

-Մեր փաստաբան Հայկ Ալումյանը բազմիցս միջնորդություններ է ներկայացրել եւ նշել է, որ Վահան Շիրխանյանը ուզում է ներկա լինել դատարանում, եւ ինքը ուզում է հայտարարություն անել դատարանում, ընդամենը տրամադրեք իրեն մի պատգարակ:

Դատարանը չի ուզում տրամադրի այդ պատգարակը: Իրենք գիտեն, որ առանց այդ պատգարակի Շիրխանյանը չի գա դատարան, հիմնվում են փաստի վրա, որ դատական նիստերը հետաձգեն:

-Այսինքն՝ միտումնավո՞ր են նիստերը հետաձգվում:

-Այո՛: Քանի որ գիտեն՝ Վահան Շիրխանյանը դատարանում անելու է հայտարարություններ, մեկուսացնում են, ինչպես չթողեցին, որ դեկտեմբերին կալանավայրում ասուլիսը կայանար: Նա ամենախիստ քննադատությանն է ենթարկում հանրապետության նախագահին: Մինչեւ հիմա որեւէ ցուցմունք չի տվել, իր պայքարը տանում է Եվրոպայի դատարանում, իրեն ենթարկում են ինֆորմացիոն բլոկոդայի:

Հ.Գ. ՀՀ ՔԿՎ հանրային կապերի բաժինը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Կալանավորված անձ Վահան Շիրխանյանի պաշտպանը լրատվամիջոցներին իր պաշտպանյալի առողջական վիճակի և նրան տրամադրվող բժշկական օգնության եղանակների ու բուժման ընթացքի վերաբերյալ տված հարցազրույցում Քրեակատարողական ծառայությանը մեղադրել է կես ճշմարտություն ասելու մեջ` մասնավորապես նշելով, թե իբր «իր պաշտպանյալի նկատմամբ իրոք դեղորայքային բուժում է նշանակվել, չորս պրոֆիլային բժիշկների հսկողության տակ գտնվելու ու երկու հետազոտություն անցկացնելու ցուցումներ են տրվել: Սակայն, քրեակատարողական հիմնարկը ստում է՝ ասելով, թե իբրև կատարվում են բոլոր ցուցումները:

Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ Վահան Շիրխանյանին չորս դեղամիջոց է նշանակվել, որից երեքը չի տրվել քրեակատարողական հիմնարկի կողմից, ընդ որում, երկուսն ընդհանրապես չի տրվել, իսկ երրորդը, որը Վ.Շիրխանյանի հարազատներն են բերել, ընթացքում վերջացել է»:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը:

Իհարկե, ցանկալի կլիներ, որ այնուամենայնիվ, պաշտպանը կողմնորոշվեր, թե ի վերջո քանի դեղամիջոց է նշանակվել Վ. Շիրխանյանին և ավելացներ, թե ինչու դրանց մի մասը քրեակատարողական հիմնարկի կողմից չի տրվել իր պաշտպանյալին, որովհետև ցանկացած արհեստավարժ փաստաբան շատ լավ գիտի դեղամիջոցների տրման կարգը, համաձայն որի` որոշ դեղամիջոցներ, ընդգրկված չլինելով Ֆինանսների նախարարության կողմից հաստատված գնումների, այդ թվում` դեղորայքի միասնական անվանացանկում, չեն կարող տրամադրվել կալանավորված անձին կամ դատապարտյալին:

Այդուհանդերձ, ի գիտություն բոլոր շահագրգիռ անձանց, չենք զլանա ևս մեկ անգամ հանրությանը իրազեկել, որ կալանավորված անձ Վ. Շիրխանյանին նշանակված 7 անուն դեղորայքից տրվել են նրանք, որոնք ընդգրկված են վերոնշյալ անվանացանկում:

Ի դեպ եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ կալանավորված անձ Վ. Շիրխանյանը ՀՀ ԱՆ <<Երևան Կենտրոն>> քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու օրվանից մինչ այսօր ընկած ժամանակահատվածում 11 անգամ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում քաղաքացիական տարբեր բժշկական հաստատություններում, այդ թվում` իր նախընտրած կենտրոններում և իր նախընտրած բժիշկ-մասնագետների կողմից ենթարկվել է 20-ից ավելի տարատեսակ հետազոտությունների (ստորին վերջույթների դուպլեքս, համակարգչային, մագնիսա-ռեզոնանսային հետազոտություններ, լաբորատոր տարաբնույթ քննություններ և այլն):

Ինչ վերաբերում է պաշտպանի այն դիտարկմանը, թե << համարյա երեք շաբաթ բացի ՔԿՀ բժշկից ոչ մի նեղ մասնագետ բժիշկ չի գնացել Շիրխանյանի մոտ: Այդ պրոֆիլային բժիշկներն այցելել են միայն այն բանից հետո, երբ պաշտպանը հերթական բողոքներն է ներկայացրել Արդարադատության նախարարություն ու Քրեակատարողական վարչություն>>, ապա նշենք, որ թերևս ցանկացած բժիշկ կփաստի, որ պրոֆիլակտիկ բժիշկների հսկողության տակ գտնվելու ցուցումը չի ենթադրում նեղ մասնագետների ամենօրյա այցելություն:

Ի դեպ կալանավորված անձ Վ. Շիրխանյանին <<Դատապարտյալների հիվանդանոց>> քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ թույլտվությունը տրվել է դեռևս ս/թ մարտի 27-ին, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխվել` պատճառաբանելով, որ համապատասխան որոշում կկայացնի իր փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո միայն:

Հավելենք, որ Քրեակատարողական ծառայությունը 27.03.2017թ. կրկին դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում Վ. Շիրխանյանի հերթական հետազոտությունը (ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի ՄՌՏ հետազոտություն) կազմակերպելու նպատակով:

Եվ վերջում. վերոշարադրյալը վկայում է, որ Հ. Ալումյանը Վ.Շիրխանյանի հետ կապված կես ճշմարտությունն է ասել»:

Զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս