ՀՀԿ-ականները սկսել են միմյանցից զգուշանալ, որ քվեները չգողանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ԸՕ քննարկումների ժամանակ ռեյտինգային այս ընտրակարգին դեմ արտահայտվեցին ընդդիմադիր կուսակցությունները, սակայն այն շատ ավելի լուրջ անհանգստություն է առաջացրել իշխող ՀՀԿ-ի ներսում:

Հանրապետական թեկնածուները մտավախություն ունեն, որ ձայների հաշվարկի ժամանակ իրենց քվեները կարող են պարզապես գողանալ, ընդ որում՝ գողացողներն էլ լինելու են հենց իրենց կուսակից ընկերները: Եւ այս առումով չի բացառվում, որ ապրիլի 2-ից հետո հետընտրական «ռազբորկաներ» ու բախումներ սկսվեն հենց ՀՀԿ ներսում՝ միեւնույն ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային թեկնածուների միջեւ:

Ինչպես հայտնի է՝ ռեյտինգային այս ընտրակարգով քաղաքացին քվեարկում է քաղաքական ուժի տարածքային ընտրացուցակի թեկնածուներից որեւէ մեկին` այդպես ձայն տալով նաեւ տվյալ կուսակցությանը: Ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ սկզբում հաշվարկվելու է կուսակցությունների օգտին տրված ձայները, որից հետո առանձին-առանձին հաշվարկվելու են տվյալ կուսակցության ռեյտինգային թեկնածուների ստացած քվեները: Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ կետի. «Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկները եւ անվավեր քվեաթերթիկները տեսակավորվում են առանձին-առանձին:

Քվեաթերթիկները ըստ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկների տեսակավորելուց եւ հաշվարկելուց հետո ստացված թվերը բարձրաձայն հայտարարվում, գրանցվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության վավեր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը (ըստ առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունների) հաշվարկում է ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը»:

Ու հիմա ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները լուրջ մտավախություն ունեն, որ տեղամասերում, որտեղ ազդեցիկ է լինելու ՀՀԿ-ական այլ թեկնածու, իրենց օգտին քվեարկված թերթիկները կհայտնվեն հենց նրա անվան տակ: Առավել եւս, երբ ՀՀԿ-ականները միմյանցից են ձյան փախցնելու՝ առանց վնասելու ընտրությունների մասնակից մյուս քաղաքական ուժերին, առանց նրանցից քվե գողանալու: Իսկ այդ պարագայում չի բացառվում, որ հանձնաժողովներում այլ կուսակցությունների ներկայացուցիչները շահագրգռված չլինեն հետեւելու, թե ՀՀԿ-ականներից ո՞ւմ քվեաթերթիկն ում անվան տակ դրվեց, եւ հազիվ թե ցանկանան աղմուկ բարձրացնել ու պայքարել նրանց իրավունքների պաշտպանության համար՝ լուռ հրճվելով, թե ինչպես են տարիներ շարունակ ընտրությունները կեղծած ՀՀԿ-ականներն արդեն մեկը մյուսից քվե գողանում. ինչպես ժողովրդական խոսքն է ասում. «Գողը գողից գողացավ, Աստված վերեւ զարմացավ»:

Դրան գումարած մեկ այլ հանգամանք էլ կա. ԸՕ համաձայն՝ ռեյտինգային թեկնածուները չեն կարող վստահված անձինք ունենալ: Այդ իրավունքը տրված է միայն կուսակցություններին, ու ստացվում է, որ թեկնածուները չեն կարողանա վերահսկողություն իրականացնել՝ ապավինելով հանձնաժողովականներին: Էլ չենք ասում այն մասին, որ նոր ընտրակարգով դժվար է ասել՝ քանի քվե է պետք թեկնածուին պատգամավոր դառնալու համար. այդ ամենը կախված է լինելու նաեւ մյուս մարզերում իրենց կուսակիցների ստացած ձայների հարաբերակցությունից, հետեւաբար՝ յուրաքանչյուրի համար մեկ քվեն անգամ շատ կարեւոր է լինելու:

Եւ ահա նման իրավիճակում չի բացառվում, որ, օրինակ, Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի տեղամասերում Արայիկ Գրիգորյանի օգտին քվեարկված թերթիկները դրվեն Մուրադ Մուրադյանի անվան տակ, քանի որ վերջինս այնտեղ «ավելի ուժեղ է», կամ հակառակը՝ Արարատում Մուրադյանի քվեաթերթիկները հայտնվեն Գրիգորյանի անվան տակ. սա հատկապես նրանց միջեւ տեղի ունեցած հայտնի բախումից հետո: Նման զարգացումներ կարող են լինել նաեւ այլ ընտրատարածքներում եւս. Ավան համայնքի տեղամասերում Միհրան Պողոսյանի կամ ռեյտինգային մյուս թեկնածուների քվեաթերթիկներից մի քանիսը հայտնվեն Ռոբերտ Սարգսյանի թերթիկների տրցակում, քանի որ այդ տարածքի հանձնաժողովականները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու նշանակած մարդիկ են:

Նույնը կարող է լինել Զեյթունում, երբ Միհրան Պողոսյանի անվան տակ դրվեն մյուս ՀՀԿ-ականների թերթիկները: Նման զարգացումներ չեն բացառվում նաեւ թիվ 2 ընտրատարածքում, հատկապես Արաբկիրում, որը ՍԱՍ-ի Արտակի՝ Արտակ Սարգսյանի տիրապետության տակ է, եւ հանձնաժողովներում ՀՀԿ անդամները նրա մարդիկ են: Կամ Սյունիքում մարզպետ Վահե Հակոբյանն իրենով անի ջերմուկցի Աշոտ Արսենյանի քվեները, առավել եւս: Եւ այդպես կարող է լինել Հայաստանի բոլոր 13 ընտրատարածքներում անխտիր:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական թեկնածուներից ոմանք այս օրերին փորձում են «լեզու գտնել» մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ խնդրելով հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուշադիր լինել նաեւ իրենց քվեաթերթիկների նկատմամբ, կամ գոնե հատուկ կարծիք գրել, որպեսզի հետագայում վերահաշվարկի պահանջ ներկայացնելու հնարավորություն լինի: Նույնիսկ կան թեկնածուներ այլ՝ ընդդիմադիր կուսակցություններից վստահված անձանց են խնդրում օգնել իրենց:

Բայց անկախ ամեն ինչից, մեծ է հավանականությունը, որ հանրապետականները չդիմանան գայթակղությանն ու իրարից քվե փախցնեն, ինչն էլ ընտրություններից հետո հաշիվներ մաքրելու եւ նոր բախումների առիթ դառնա: Չնայած՝ այս դեպքում հակաքայլ կա՝ թեկնածուները կարող են վերահաշվարկի պահանջ ներկայացնել, ու այդ դեպքում կբացահայտվեն սխալ հաշվարկները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս