ԲՀԿ-ի հեռացող պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը արդեն իսկ մտել է եզրափակիչ փուլ: Թերեւս ամենազանգվածային հանդիպումներն անցկացնող «Ծառուկյան» դաշինքի հիմնական կորիզը ԲՀԿ-ն է, որի ոչ բոլոր պատգամավորներն են, սակայն, հայտնվել դաշինքի ընտրական ցուցակում, ինչպես օրինակ` Վահագն Մախսուդյանն ու Մուրադ Գուլոյանը, մինչդեռ Վահան Կարապետյանը առաջադրված է թե՛ ռեյտինգայինով, թե՛ համամասնականով:

Վահագն Մախսուդյանը ԲՀԿ պատգամավոր է 2007թ-ից` համամասնական ընտրակարգով: Մախսուդյանը այնքան էլ հայտնի չէ հանրությանը` հաշվի առնելով նրա հրապարակային քաղաքական գործունեության պասիվությունը: Տեսակետ կար, որ նա պատգամավոր է դարձել իր խնամի, Իրաքում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանի աջակցությամբ: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` նա համարվում է միլիոնատեր պատգամավոր: 2013թ. պարզվել էր, որ ԱԺ-ում որպես իր օգնական նա գրանցել էր սեփական որդուն` Վահան Մախսուդյանին: Ինչ վերաբերում է նրա քաղաքական կեցվածքին, արժանահիշատակ է ԲՀԿ-ի կազմում Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների դեմ նրա պայքարը, ապա կարճ ժամանակ անց այդ փոփոխությունների օգտին հակվելը: Մախսուդյանը մեկն էր այն 104 պատգամավորներից, որոնք ԱԺ-ում կողմ էին քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը:

Այս պատգամավորի օրենսդրական գործունեությունը 2012-17թթ. խորհրդարանում հակասական է: Օր.` նա կողմ է քվեարկել ԱԺ կանոնակարգ-օրենքին, «1000 դրամների» նախագծին, սակայն դեմ եղել «Բյուջե 2017»-ին: Նրա կողմ քվեարկությունները կազմել են շուրջ 52 տոկոս, իսկ դեմ եւ ձեռնպահ է եղել համապատասխանաբար` 71 եւ 165 անգամ: 108 անգամ հրաժարվելով քվեարկություններից` Մախսուդյանը բացակայել է 118 նիստերից: Այդ ամենով հանդերձ` 20 անգամ հանդես է եկել հարցապնդումներով, իսկ ԱԺ ամբիոնին մոտեցել լոկ 1 անգամ: Նման ոչ վատ ցուցանիշներով, սակայն, Մախսուդյանը չի ընդգրկվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակում: Այդ փաստը նա բացատրել է նրանով, որ ցանկանում է բիզնեսով զբաղվել: Մախսուդյանը դժգոհում է, որ գյուղատնտեսության մասին իր օրենքը իշխանությունների կողմից այդպես էլ չի ընդունվում, եւ այդ պատճառով էլ իրեն խաբված ու չգնահատված զգալով` որոշել է կրկին խորհրդարան չգնալ:

Մուրադ Գուլոյանը Գագիկ Ծառուկյանի խնամին է, որի որդին այսօր Կոտայքի մարզպետն է: Մ. Գուլոյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է 2003 թվականից, ՀՀԿ-ի համամասնական ցուցակով: 2007թ. նա արդեն ԲՀԿ-ի պատգամավորն էր, իսկ 2012թ. մանդատ ստացավ թիվ 27 ընտրատարածքից: Նա նույնպես 2015թ. լքեց ԲՀԿ-ն, որի շարքերում մինչ այդ պայքարում էր սահմանադրական փոփոխությունների դեմ: Սակայն խորհրդարանում նա եւս կողմ քվեարկեց այդ նախագծին: Գուլոյանի ունեցվածքի մասին մամուլը բազմիցս է գրել` նրան վերագրելով բիզնեսներ ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում, ինչպես, օրինակ, Բելգիայում: Հիշենք, որ «Վիկիլիքսի» հրապարակումներից մեկում, որն առնչվում էր բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին, շոշափվում էր նաեւ Գուլոյանի անունը: Ըստ փաստաթղթի` Այվազյանը «Global gold» ընկերությանը ոսկու հանքավայրի լիցենզիայից չզրկվելու դիմաց պահանջել էր 3 մլն ԱՄՆ դոլար եւ գումարն առաջարկել էր փոխանցել Գուլոյանին:

2012-17թթ. ընթացքում Գուլոյանը բացակայել է Աժ նիստերի մոտ 30 տոկոսից: Նա կողմ է քվեարկել 366 անգամ, դեմ` 38, ձեռնպահ` 51: 225 անգամ էլ նա հրաժարվել է քվեարկություններից: Ի դեպ, կողմ է քվեարկել իշխանության գրեթե բոլոր աղմկահարույց նախաձեռնություններին, այդ թվում` «Բյուջե-2017», «Աժ կանոնակարգ-օրենք», «1000 դրամների» նախագիծ եւ այլն: Նա այս տարիների ընթացքում երբեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, հարցեր չի տվել, ԱԺ ամբիոնից չի խոսել: Այս ընտրություններում էլ չի առաջադրվել` պայմանավորելով դա իր ցանկությամբ: Նա հերքում է մամուլում տարածված տեղեկությունները, թե իր չառաջադրվելը պայմանավորված է ՀՀԿ-ի հանդեպ իր որդու հակվածությամբ: Այդուհանդերձ, Գուլոյանը պնդում էր, որ պատրաստվում է զորավիգ լինել ԲՀԿ-ի հաղթանակին:

Ն. Հովսեփյան




Լրահոս