ԱՅՍՕՐ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇԱՆՍԵՐԸ ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց «Ծառուկյան» դաշինքի անդամ, թիվ 16 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Տիգրան Ստեփանյանի հետ:

-Պարո՛ն Ստեփանյան, Դուք երկու անգամ արդեն եղել եք ԱԺ պատգամավոր: Հիմա երրորդ անգամ եք պատգամավոր դառնալու հայտ ներկայացրել, ինչո՞ւ: Ի՞նչ գործ է կիսատ մնացել:
-Պետք է նշեմ, որ 2007 թվականին Ազգային ժողովի պատգամավոր եմ դարձել մեծամասնական ընտրակարգով, իսկ 2012 թվականին՝ ԲՀԿ համամասնական ընտրացուցակով եմ դարձել Ազգային ժողովի պատգամավոր: Իմ պատգամավորական գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել եմ կուսակցության որդեգրած սկզբունքներով, որում առաջնահերթ կարեւորվում է մարդու հանդեպ սրտացավ վերաբերմունքը: Որպես ժողովրդի քվեն ստացած անհատ՝ փորձում եմ միշտ ուշադրության կենտրոնում պահել ժողովրդին հուզող հարցերը:
-Մասնավորապես ի՞նչ հարցերի մասին է խոսքը:
-Մեր տարածաշրջանի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, այդ իսկ պատճառով իմ հնարավորության շրջանակներում փորձել եմ օգտակար լինել նրանց խնդիրների լուծմանը: Գյուղացին այսօր բազմաթիվ խնդիրներ ունի: Անբավարար վիճակում են գյուղատնտեսական տեխնիկան, վառելանյութը, թունաքիմիկատները, ոռոգման ջուրը: Նաեւ իմ անձնական միջոցներով եւ օժանդակությամբ կատարվել են մի քանի գյուղերի ոռոգման եւ խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ, սակայն այս ոլորտում կան լուծման կարոտ որոշ հիմնախնդիրներ եւս, որոնց մասին առաջարկությամբ դիմելու եմ կառավարությանը: Նշեմ, որ մեր բնակիչները շատ են դիմում նաեւ առողջական խնդիրներով: Այս տարիների ընթացքում ես կարողացել եմ ինձ դիմող բնակիչներին օգնել, որպեսզի անվճար բուժզննում անցնեն եւ վիրահատություններ կատարեն: Այս ամբողջ ընթացքում մեր ընտրատարածքի բնակիչներին մշտապես աջակցել է մեր կուսակցության առաջնորդի կողմից ստեղծված «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Երեւանի տարբեր ուսումնական հաստատություններում սովորող Մասիսի եւ հարակից գյուղերի ուսանողներին տարիներ շարունակ տրամադրվում են անվճար երթեւեկության կտրոններ: Որքան էլ որ կատարվածը շատ է, անավարտ գործեր եւս շատ կան, որոնք կյանքի կկոչվեն կրկին ընտրվելու դեպքում:
-Դուք ռեյտինգային կարգով առաջադրվել եք «Ծառուկյան» դաշինքի կողմից: Ստացվում է` Ձեր հաղթանակի շանսերն այդպիսով ավելացել են:
-Պետք է հպարտությամբ փաստեմ, որ հիմա առավել քան երբեւէ մեր հաղթանակի շանսերը մեծ են: «Ծառուկյան» դաշինքը եւ ռեյտինգային ցուցակում ընդգրկված անձինք ժողովրդի կողմից հարգված եւ ընդունված անձնավորություններ են: Չեմ ուզում անհամեստ երեւալ, բայց ես նույնպես ընդունված ու հարգված եմ իմ ընտրողների կողմից, քանի որ միշտ հասանելի եմ եղել ժողովրդի համար եւ տեղյակ եմ եղել նրանց հոգսերին ու խնդիրներին: Փորձել եմ որոշ չափով նրանց մատից փուշ հանել: Ժողովուրդը գիտե, տեղյակ է մեր աշխատաոճին, այդ իսկ պատճառով այսօր մեր շանսերն ավելի մեծ են:
-Հնարավո՞ր է ընտրվեք, բայց Ազգային Ժողով չգնաք, այլ գործադիրում ինչ-որ աշխատանքի անցնեք:
-Միանգամից ասեմ՝ ո՛չ, ես ինձ գործադիր իշխանությունում չեմ տեսնում: Ես Ազգային ժողովում շատ անելիքներ ունեմ եւ ընտրվելու դեպքում պետք է շարունակեմ զբաղվել օրենսդիր գործունեությամբ՝ ի բարօրություն ՀՀ քաղաքացիների:
-Դուք ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք, Ձեր կարծիքով՝ ՀՀ քաղաքացու իրավունքները մեր երկրում պաշտպանվա՞ծ են:
-Ասեմ, որ բազմիցս արձանագրվել է, որ մեր քաղաքացիների իրավունքները խախտվում են հատկապես իրավապահ մարմինների հետ առնչվելիս՝ դատախազության, դատարանների հետ կապված: Պետք է ասեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են, սակայն դեռեւս չենք հասել այն արդյունքին, ինչը կցանկանայինք: Կարծում եմ, որ ապագա խորհրդարանում այնպիսի օրենսդրական գործունեություն կծավալենք, որպեսզի կարողանանք լիարժեք պաշտպանել ՀՀ քաղաքացու իրավունքները:
-Ձեր կանխատեսմամբ՝ «Ծառուկյան» դաշինքը որքա՞ն ձայն կհավաքի:
-Դուք հարց եք ուղղում, որին դժվար է հստակ պատասխանել, սակայն պետք է ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը ու իր թիմակիցները այնպիսի հեղինակություն են վայելում, որ կարող են մեծամասնություն կազմել խորհրդարանում: Մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժողովրդի հետ իր հանդիպումներում եւս նշում է, որ եթե ժողովուրդը իր 50+1 տոկոս քվեն տա «Ծառուկյան» դաշինքին, մենք կձեւավորենք կառավարություն, եւ երկրի վիճակը կտրականապես կփոխվի: Այսինքն՝ ՀՀ քաղաքացին հնարավորություն կունենա ապրել բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

 

 
ՀՅԴ-ԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ

ՀՀ Սյունիքի մարզի հին հայկական բնակավայրերից Օխտարի դաշնակցական գյուղապետը թեեւ առաջադրված թեկնածու չէ, բայց այժմ գտնվում է արձակուրդում: Նրա խոսքերով՝ արձակուրդ է մեկնել ընտրական գործընթացներին մասնակցելու նպատակով: Նշենք, որ Օխտարը 22 ընտանիք ունեցող գյուղ է:

«Ժողովուրդ»-ը այս եւ այլ թեմաների շուրջ զրուցել է Օխտարի գյուղապետ Վաղարշակ Համբարձումյանի հետ:
-Պարո՛ն Համբարձումյան, Օխտարի բնակիչները պատրաստվո՞ւմ են խորհրդարանական ընտրություններին:
-Շատ անկանախատեսելի ընտրություններ են: Չեմ կարող ասել, թե մարդիկ ինչպես են տրամադրված: Քվեարկության նոր կարգը, թեկնածուները… ամեն բան խառնվել է իրար: Բայց ընտրական հանձնաժողովի անդամները, որոնք սերտիֆիկատ են ստացել, մասնակցել են քննություններին, օգնում են բնակիչներին, պատասխանում են հարցերին, բացատրական աշխատանքներ են տանում իրենց հետ:
-Դուք դաշնակցակա՞ն եք…
-Այո՛, եւ ես աշխատելու եմ ՀՅԴ-ի համար: Բայց գյուղապետի իմ գործոնը ես չեմ օգտագործելու ընտրություններին: Անձամբ ոչ ոքի չեմ ստիպելու, որ ընտրեն ՀՅԴ-ին: Գյուղացին իմ աշխատանքը գնահատելով, իմ խաթր է, որ իմ կուսակցությանը ձայն է տալու:
-Նախընտրական շրջանում քաղաքական ուժերից որեւէ թեկնածու այցելե՞լ է գյուղ, հանդիպե՞լ է բնակիչների հետ:
-Առայժմ ոչ մի թեկնածու չի այցելել գյուղ: Երեւի մտածում են, որ փոքր գյուղ է, դրա համար չեն գալիս: Կամ էլ կարծում են, որ գյուղապետը դաշնակցական է, վախենում են՝ մոտենան գյուղին (ծիծաղում է-Ս.Հ.):
-Հայ հեղափոխական դաշնակցությունից էլ չե՞ն այցելել գյուղ:
-Պետք է գան, գուցե վաղը, մյուս օրը գան: Իրենք նախապես տեղյակ կպահեն:
-Ձեր կուսակցությունը ի՞նչ խոստումներ է տվել: Գյուղի համար ի՞նչ է անելու:
-Դեռ խոստում չի տվել կուսակցությունը: Որեւէ քաղաքական ուժ մեզ խոստում չի տվել:
-Պարո՛ն Համբարձումյան, Դուք արձակուրդո՞ւմ եք:
-Այո՛: Իմ հերթական արձակուրդի ժամկետն էր, բայց մարտի 28-ին կգնամ աշխատանքի:
-Ընտրական գործընթացների հետ կապված ե՞ք արձակուրդում գտնվում:
-Ես չեմ մտնում քարոզչությունների մեջ, այլ տեղեր չեմ գնում քարոզչություն կատարելու նպատակով: Իմ գյուղի բնակիչը գիտի՝ եթե ես մի անգամ խնդրել եմ, որ ինքը իմ կուսակցությանը ձայն տա, հետո էլ չեմ անհանգստացնում:
-Արձակուրդի ընթացքում գյուղապետարա՞ն էլ ելումուտ չեք անում:
-Բա տանը նստեմ, ի՞նչ անեմ: Այցելում եմ, բայց քարոզչություն չեմ անում: Կարող եմ գյուղացիների հեռախոսահամարները Ձեզ տալ, զանգե՛ք, հարցրե՛ք՝ գյուղապետը քարոզո՞ւմ է, տներով պտտվո՞ւմ է:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԿՕԳՆԻ՞, ԹԵ՞ ՉԻ ՕԳՆԻ
Մարտի 23-ին Իջեւան քաղաքում կայացավ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը իջեւանցիների հետ: Ծառուկյանի ելույթից առաջ եւ դրանից հետո հարյուրավոր մարդիկ նամակներ փոխանցեցին նրա կուսակիցներին: Չկար մեկը, որ ուզենար նամակ հանձնել ու նրա ծրարը չվերցնեին: Տարբեր հոգսեր ունեցող մարդիկ Ծառուկյանին էին դիմել առողջական խնդիրների լուծմանը օգնելու, ուսանողների ուսման վարձը վճարելուն աջակցելու եւ բազում այլ հարցերով: Նամակներ հանձնողները հույս ունեին, որ մեծահարուստ Ծառուկյանը կօգնի իրենց: Հավաքի մասնակիցների մեջ իջեւանցի միջին տարիքի մի տղամարդ կար, ով այդ հարցում թերահավատ էր: Նա շրջելով ամբոխի մեջ՝ ասում էր, որ Ծառուկյանը չի օգնի՝ հավելելով՝ կյանքը ցույց կտա:

 

 

 

ԴԵՂԵՐ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ
Մարտի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի դատավարությունը: 26-ամյա Արսեն Խոջոյանը մեղադրվում է 2016թ. հունիսի 24-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանին սպանելու մեջ: Ա. Խոջոյանը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Նրա պաշտպան Աննա Մեժլումյանն ասաց, որ Ա. Խոջոյանի կալանքը մեկ ամսով երկարաձգելու միջնորդության քննարկման ժամանակ Արսենը դատավորին բողոքել է, որ իր մաշկային հիվանդության՝ փսորիազի բուժման համար քրեակատարողական հիմնարկում իրեն դեղորայք չեն տալիս, իսկ իր ընտանիքն էլ դեղեր գնելու համար ֆինանսական միջոցներ չունի: Աննա Մեժլումյանը հայտնեց, որ Արսենին այլ անձ դեղեր է տրամադրել, որից հետո քրեակատարողական հիմնարկը եւս նրան դեղեր է տվել: Մարտի 22-ի դատական նիստը չի կայացել, որովհետեւ քրեական գործով մեղադրող Հայկուշ Բաղդասարյանն այդ օրը այլ քրեական գործով վերաքննիչ դատարանում նիստի է մասնակցել: Արսեն Խոջոյանը, նիստի հետաձգումից զայրացած, ասել է, որ ինքն այլեւս դատական նիստերին չի մասնակցելու: Արսեն Խոջոյանի եւ Աստղիկ Հանիսյանի հարազատներից ոչ մեկը դատական առաջին նիստին չի մասնակցել: Դատին ներկա է եղել «Հայ օգնության ֆոնդի» ներկայացուցիչը, քանի որ Ա. Հանիսյանը եղել է ՀՕՖ-ի խնամակալության ներքո: Ըստ քրեական գործի նյութերի՝ մինչեւ աղջկա դանակահարությունը Արսեն Խոջոյանը եւ Աստղիկ Հանիսյանը Բերդի սրճարաններից մեկում են եղել, տաքսի ավտոմեքենայով մեկնել են Վերին Կարմիրաղբյուրի տարածք, ուր սեռական հարաբերություն են ունեցել: Հավելենք, որ Արսեն Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից ապրիլի 10-ը գտնվել է Ադրբեջանի տարածքում: Աստղիկ Հանիսյանի սպանության գործով դատական հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 4-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս