ՏՆՕՐԵՆՆԵՐԸ՝ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից տարածված ձայնագրությունները, որոնք փաստում էին, որ 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ են հավաքում, մեծ աղմուկ բարձրացրին:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձայնագրություններից մեկը առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, մինչդեռ նշված մյուս ձայնագրությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում:
Իսկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն էլ իր հերթին հայտարարություն տարածեց, որ նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանձնարարել է վերոնշյալ ցանկում ընդգրկված ավագ դպրոցների տնօրեններին սեղմ ժամկետում պարզաբանումներ ներկայացնել հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ:
Մինչ դպրոցների տնօրենները սեղմ ժամկետներում ԿԳՆ-ին կներկայացնեն իրենց պարզաբանումները, «Ժողովուրդ»-ը փորձեց այդ պարզաբանումները լսել հենց նրանցից:

Երեւանի Հակոբ Կարապենցու անվան հ. 6 հիմնական դպրոցի տնօրեն Սիրանույշ Վարդանյան (հրապարակված ձայնագրության մեջ խոստովանել է, որ ներկայացրել է 172 հոգանոց ցուցակ, որի մեջ մտնում են նաեւ աշխատողների հարազատները):
-Տիկի՛ն Վարդանյան, Դուք եւս դպրոցի այն տնօրեններից եք, ովքեր հայտնվել են սկանդալում եւ խոստովանել, որ Հայաստանի հանրապետական կուսակցության համար մարդկանց են ցուցակագրել…
-Ես հեռախոսով հարցերի չեմ պատասխանում (անջատեց հեռախոսը ու այլեւս որեւէ զանգի չպատասխանեց, երեւի արդեն «հեռախոսի ֆոբիա» է ձեռք բերել):

Վաղարշապատի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Հունան Մարտիրոսյան (խոստովանել է, որ մարզպետարաններ է ներկայացրել 2 ցուցակ Վահրամ Բաղդասարյանի եւ Սեյրան Սարոյանի համար):
-Պարո՛ն Մարտիրոսյան, վերջին իրադարձությունների մասին ենք ուզում խոսել Ձեզ հետ…
-Ո՞ր դեպքերի մասին է խոսքը:
-Խոսքը օրերս հրապարակված ձայնագրությունների մասին է: Կատարված ձայնագրության մեջ Դուք խոստովանում եք, որ ցուցակագրել եք մարդկանց եւ ներկայացրել մարզպետարաններ…
-Ես որեւէ ինֆորմացիա… աշխատանքի մեջ եմ… աշխատանքի ժամ… ժամը վեցից հետո կզանգեք, խնդրեմ:
-Իսկ այդ հարցով զանգողներին ինչու՞ չասացիք, որ աշխատանքային ժամին չանհանգստացնեն Ձեզ, ավելի ուշ զանգեն, թե՞ Հայաստանի հանրապետական կուսակցությունից էին ներկայացել, դրա համար:
-Ժամը 6-ից հետո, ես աշխատանքի ժամին որեւէ բանով չեմ զբաղվում:
-Այնուամենայնիվ, մի՞թե վատ չեք զգում, մի՞թե դպրոցների տնօրեններն էլ պետք է քաղաքականցվեն, քաղաքականացվա՞ծ սերունդ եք մեծացնում:
-Ի սեր, Աստծո, եթե աշխատանքային պրոցես է, նախընտրական շրջանում ես որեւէ բանով չեմ զբաղվում:
-Բայց հրապարակված ձայնագրություններն այլ բան են ասում:
-Ներեղություն, այդ ձայնագրությունը, դրանք բոլորը… դրանց համար պատասխան տվողը կտա:
-Իսկ ի՞նչ են արել, որ պատասխան տան, պարզապես փորձել են ճշգրտումներ կատարել Ձեր կողմից ներկայացված ցուցակների մասին, Դուք էլ անկաշկանդ խոստովանել եք:
-Դրանք երբ որ սարքում են, կեղծիք է ամբողջովին, դրա համար հետո կխոսենք, լավ… (պարոն Մարտիրոսյանը անսպասելի անջատեց հեռախոսը):

Երեւանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի տնօրեն Ռուզաննա Գրիգորյան (խոստովանել է, որ ցուցակները ներկայացրել է թաղապետարան եւ պատրաստվում է մեկ ցուցակ եւս տրամադրել):
-Տիկի՛ն Գրիգորյան, ո՞վ է Ձեզ հրահանգել զբաղվել ընտրողների ցուցակագրմամբ, դրա մասին խոստովանել եք հայտնի ձայնագրությունում՝ նշելով, որ ցուցակները ներկայացրել եք թաղապետարան եւ պատրաստվում եք մեկն էլ ներկայացնել: Դուք դպրոցի տնօրեն լինելով՝ ինչպե՞ս կարող եք զբաղվել նման գործառույթներով:
-Ես հավես չունեմ, հա՞, խոսելու, հանգիստ թողե՛ք մարդկանց (կտրուկ անջատեց հեռախոսը):

Երեւանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի տնօրեն Ինգա Վարդանյան (խոստովանում է, որ թաղապետարանին է հանձնել ուսուցիչների եւ նրանց բարեկամների ցուցակները):
-Տիկի՛ն Վարդանյան, ինչո՞ւ որոշեցիք Հայաստանի հանրապետական կուսակցության համար ընտրողների ցուցակ կազմել, պարտադրե՞լ են դա անել, սպառնացե՞լ են հեռացնել դպրոցից:
-Ես, ճիշտն ասած, Ձեզ համար որեւէ մեկնաբանություն չունեմ:
-Ինչո՞ւ: Արդեն հրահանգել են որեւէ մեկի մոտ սրտներդ չբացե՞լ:
-Ուղղակի մեկնաբանություն ոչ մի պատճառով չունեմ:
-Ըստ մեր տեղեկությունների՝ նախօրեին քաղաքապետարան եք հրավիրվել, այնտեղ Ձեզ «դուխ են տվել», որ չմտածեք, նրա՞նք են հրահանգել Ձեզ ոչ մի հարցի չպատասխանել:
-Բացարձակ:
-Այդ դեպքում, ինչո՞ւ եք հրաժարվում որեւէ հարցի պատասխանել:
-Չեմ գտնում նպատակահարմար:
-Փաստորեն, մարդկանց ցուցակագրել նպատակահարմար էիք գտնում, իսկ դրա հետեւանքների հետ կապված պարզաբանումներ տալ՝ ո՞չ:
-Ես ասացի Ձեզ, որ ես մեկնաբանություն չունեմ, Դուք հիմա փորձում եք Ձեր խոսքերով ինձ հետ խոսել, բայց ես ասում եմ՝ մեկնաբանություն չունեմ:
-Ո՞վ է Ձեզ հրահանգել ցուցակագրել, վախեցնո՞ւմ էին, որ պաշտոնից կազատվե՞ք:
-Չու-նեմ:
-Բայց մարդկանց ցուցակագրելու համար ժամանակ եւ եռանդ ունեիք:
-Նորից եմ կրկնում՝ ես մեկնաբանություն չու-նեմ:
-Այնքան անհոգ ու կարծես ծիծաղով եք խոսում, Դուք Ձեզ վատ չե՞ք զգում, որ ամբողջ համացանցում Ձեր նկարներն են տարածված ու ամոթանքների հեղեղ՝ կապված այն ապօրինության հետ, որ Դուք եւ այլ տնօրեններ եք թույլ տվել:
-Դուք կարող եք այդ հարցը տալ նրանց, ովքեր այդ բանով զբաղվում են, լա՞վ:
-Դուք եք զբաղվում եւ այդ մասին խոստովանում եք ձայնագրության մեջ:
-Բացարձակապես: Ես Ձեզ համար որեւէ մեկնաբանություն չու-նեմ: Հա-ջո-ղու-թյուն:

Չարենցավանի՝ Ս. Ավանյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Խանսամանյան (ձայնագրության մեջ ասել է, որ 113 հոգանոց ցուցակը ուղարկել է շտաբ):
-Պարո՛ն Խանսամանյան, Դուք ինչպե՞ս եք կազմել այդ 113 հոգանոց ցուցակը, օրինակ՝ տնօրեններից մեկը խոստովանել է, որ ճնշումներ է գործադրել:
-Ինձ կներեք, ես արդեն հեռախոսներով չեմ ցանկանում խոսել, ներեղություն, հա՞:
-Ինչո՞ւ, որեւէ հրահանգ կամ դիտողություն են արե՞լ:
-Ո՛չ, ինչ նկատողություն, ինչ հրահանգ:
-Դուք աշխատանքի ժամի՞ն եք զբաղվել ՀՀԿ-ի համար ցուցակագրմամբ:
-Ո՛չ, աշխատանքից հետո: Կուսակցական եմ, ու ինձ Սահմանադրությունը թույլ է տալիս զբաղվել կուսակցական գործունեությամբ:
-Տնօրեններից մեկը խոստովանել է, որ վախեցրել են ծնողներին, Դուք էլ եք այդպես վարվե՞լ:
-Ես աշխատում եմ երկար տարիներ: Ծնողների վրա սպառնալը ո՞րն է: Ծնողն ի՞նչ կապ ունի ընդհանրապես:
-Այդ ցուցակում ծնողներ ընդգրկվա՞ծ չեն:
-Ծնողներ բնականաբար չեն կարող լինել:
-Ուսուցիչներ կամ հարազատնե՞ր:
-Համենայն դեպս, կուսակցական ակտիվիստներ են, այսօր Հայաստանում կուսակցական լինելը չի արգելվում, մարդիկ կուսակցական են, ամեն մեկը ցանկանում է իր կուսակցությանը օգտակար լինել: Մենք մեր աշխատանքի ժամին զբաղված ենք մեր հիմնական գործունեությամբ, մենք երեխա ենք կրթում եւ դաստիարակում: Եթե ես գնում եմ, օրինակի համար, ենթաշտաբներ, կա՛մ հանգստյան օրերին եմ գնում, կա՛մ աշխատաժամանակից դուրս: Վրդովված եմ նաեւ: Սա էլ մեթոդ չէ աշխատելու, իրենք կարող էին փնտրել եւ գտնել այնպիսի տնօրեններ, որոնք հակաօրենսդրական քայլեր են արել, թող էլի գտնեն, բայց այս ճանապարհով չի կարելի: Համենայն դեպս տհաճ է:

Զրուցեցին ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԳՈՒՅՔ՝ ՁԱՅՆԻ ԴԻՄԱՑ
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախագահ, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արման Սահակյանից Աջափնյակ վարչական շրջանում գտնվող թիվ 100 դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանը «ձայնի դիմաց» խնդրել է իր դպրոցին սպորտային պարագաներ նվիրել: Սահակյանն էլ չի կարողացել մերժել եւ դպրոցին նվիրել է բասկետբոլի եւ վոլեյբոլի «շիթ»: Ըստ մեր տեղեկությունների՝ «նվերը» կազմել է ընդհանուր 400 հազար դրամ: «ժողովուրդ»-ը տեղեկությունը ճշտելու նպատակով զրուցեց Անուշ Աբելյանի հետ. «Սիրելի՛ս, ինչի մասին է խոսքը: Նման բան չկա: Բացառվում է: Դուք սխալ տեղեկություն ունեք: Արման Սահակյանը թեկնածուներից մեկն է, իսկ Դուք չգիտե՞ք, որ դպրոցը քարոզչությամբ չի զբաղվում: Դպրոցն ինչ կապ ունի այդ ամենի հետ: Աշխատանքի ժամին Դուք ինձ խանգարում եք»,- պոռթկալով գոռաց երեխաներին կրթող տնօրենն ու անջատեց հեռախոսը: Դե, իհարկե, բացահայտված վերջին դեպքերը թույլ են տալիս ոչ միայն չհավատալ քաղաքականությամբ չզբաղվելու նրանց սուտ խոսքերին, այլեւ դպրոցների տնօրենների ցածր մակարդակն է ի ցույց դրվել:

 

 

 

ՀՎԿ-ԱԿԱՆ ՇԱՐՖԵՐԸ
Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի դադարում զարմացնել մարդկանց: Եթե նախկինում ՀՎԿ դարձած ՕԵԿ-ը մարդկանց նախընտրական շրջանում բաժանում էր մուրաբաներ, հեռախոսներ, ապա հիմա սկսել է ձմեռային ու գարնանային շարֆեր բաժանել. այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին քաղաքացիները: «Ժողովուրդ»-ը նաեւ ունի մարդկանց կողմից ուղարկված լուսանկարներ: Եւ չնայած սրան՝ ԱԺ ՀՎԿ պատգամավորության թեկնածու Էդգար Առաքելյանը հակառակը պնդեց՝ նշելով. «Դրանք սուտ լուրեր են: Ով ինչ ասես, կարող է լուսանկարել, ուղարկել»: Հիշեցնենք, որ Ամանորին էլ նույն կուսակցությունը մարդկանց նվիրել էր «Հայասի գրուպ» ընկերության կողմից արտադրված ալկոհոլային խմիչք՝ ռոմ, կոնյակ եւ մրգային բնական հյութեր: «Հայասի գրուպ»-ը պատկանում է Արթուր Բաղդասարյանին:

 

 

ՆԱԽԿԻՆՆ ԸՆԴԴԵՄ ՆԵՐԿԱՅԻ
Սյունիքի մարզում նախընտրական կրքերը գնալով թեժանում են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օրերս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիս քաղաքում երեք շտաբ է բացել՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Աշոտ Արսենյանին աջակցելու համար, եւ այս հանգամանքը դուր չի եկել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված մարզպետ Վահե Հակոբյանին եւ նրա թիմակիցներին: Ասել է, թե նախկին մարզպետը պատերազմ է հայտարարել գործող մարզպետ Վահե Հակոբյանին: Ինչով կավարտվի այս ամենը, սպասենք զարգացումներին:




Լրահոս