ՆԱԽԱՐԱՐԸ, ԴԻՏԵԼՈՎ ՖԻԼՄԵՐԸ, ՏԽՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի եւ 50 մշակութային ՀԿ-ների ներկայացուցիչների հանդիպումը: Վերջիններս նախարարին ուղղեցին իրենց ոլորտի խնդիրների շուրջ տարաբնույթ հարցեր, իսկ Ա. Ամիրյանն էլ փորձեց պատասխանել դրանց եւ հանդես եկավ առաջարկներով: «Ժողովուրդ»-ը ֆիքսել է մի քանի ենթաոլորտներին առնչվող խնդիրներ, որոնք նախարարի պարզաբանումների հետ ներկայացնում ենք ստորեւ:

Հուշարձանների պահպանության ոչ գոհացուցիչ վիճակ
ԻԿՕՄՕՍ կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանը մշակույթի նախարարից հետաքրքրվեց` ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը պատմամշակութային հուշարձանների պահպանման ուղղությամբ. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հուշարձանների պահպանման, վերականգնման խնդիրները պատշաճ մակարդակով չեն լուծվում: Մեծ մասամբ դա կախված է կառավարման համակարգի անկատար լինելուց»,-նկատեց նա, ինչին ի պատասխան՝ Ա. Ամիրյանը նշեց. «Շուտով քննարկելու ենք նոր կառույցի ստեղծման հարցը, այն կառույցի, որը զբաղվելու է պատմամշակութային հուշարձանների նորոգման եւ պահպանման հարցերով: Տարեկան 250 միլիոն դրամ է տրամադրվում 24 հազար հուշարձանի պահպանման համար: Եթե այդ 250 միլիոն դրամը փորձենք հավասարաչափ բաշխել բոլոր հուշարձանների վրա, ոչինչ դուրս չի գա: Այդ պատճառով մենք փոխել ենք մեր մոտեցումները` գումարները կենտրոնացնելով թվով քիչ հուշարձանների վրա, որպեսզի տարվա ընթացքում աշխատանքի արդյունք ունենանք: Մասնավորապես 2017-ին ավարտին ենք հասցնում 7 հուշարձանի ամրակայման աշխատանքները»:
Նոր կառույց է ստեղծվում
ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց նաեւ կինոոլորտին: Նախարարը հիշեցրեց, որ տարեկան 150 միլիոն դրամ տրամադրվում է «Կինոկենտրոնին», շուրջ 300 միլիոն դրամ` ֆիլմարտադրությանը. «Վերջին վեց ամիսների ընթացքում ինձ ստիպելով դիտել եմ 2015-ին եւ 2016-ին Հայաստանում արտադրված մի շարք ֆիլմեր եւ դեմքի տխուր արտահայտությամբ դուրս եմ եկել դահլիճից: Բայց պետք է դիտեի` հասկանալու համար` ինչի համար ենք գումարներ ծախսել: Եկանք այն եզրահանգման, որ ինչ արել ենք, թերեւս ճիշտ չենք արել: Որոշեցինք մեր որդեգրած քաղաքականության մեջ մոտեցումներ փոխել, ԱՄՆ-ից հրավիրեցինք հոլիվուդյան կինոարտադրության գիտակ, պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանին: Նա արդեն Հայաստանում է եւ զբաղված է մի կառույցի` կինոյի հանձնակատարի ինստիտուտի ստեղծմամբ, որը կորոշի` որ ֆիլմերին, ինչ պայմանների դեպքում պետք է պետությունը աջակցի, որքան գումար ենք արդյունքում շահելու, որքան տոմս է վաճառվելու, որքան մարդ է ֆիլմը նայելու: Մեր խնդիրն է հայ կինոն հանրահռչակել աշխարհում»,-մեկնաբանեց նա:
Պետության եւ մասնավորի
համագործակցության առաջարկ
Հայաստանի ժողովրդական վարպետ, «Կենաց տուն» ՀԿ ղեկավար Լալա Մնեյանը հանդիպման ընթացքում հանդես եկավ պետության եւ մասնավոր հատվածի ուժերի միավորման առաջարկով. «Մեր ՀԿ-ն (եւ ոչ միայն) ունի ներուժ` կապված սահմանամերձ շրջաններում ժողովրդական արհեստի տարբեր ճյուղերի ուսուցման հետ: Այսինքն` մենք տեղում կսովորեցնենք տարբեր արհեստներ (թաղիքագործություն, խեցեգործություն կարպետագործություն եւ այլն), եւ եթե լինեն շահագրգիռ մարդիկ, կֆինանսավորեն փոքրիկ արտադրություն մարզերում»,- շեշտեց նա: Նախարարը համարեց, որ առաջարկը լավն է, եւ խոստացավ ընթացք տալ դրան:
Ֆինանսավորում մարզեր
վերադարձողներին
Հանդիպման ընթացքում Արմեն Ամիրյանը, անդրադառնալով մարզերում մշակութային պասիվ կյանքին, հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Մշակութային բուհերի այն շրջանավարտները, որոնք պատրաստ են վերադառնալ հայրենի մարզ, գյուղ եւ ստեղծել մշակութային միավոր` պարախումբ, թատերախումբ եւ այլն, նախարարությունը պատրաստ է երկու տարի ֆինանսավորել: Բայց պետք է նախապես քննարկվի բիզնես պլանը: Նախագիծը պետք է երկու տարի անց ինքնաբավ լինի»,-ասաց նա: Նույնիսկ դահլիճում տեղի ունեցավ նախնական պայմանավորվածություն: Թատերական ինստիտուտի ուսանողներից մեկը, ով ծնունդով Չարենցավանից է, նշեց, որ իր քաղաքում թատրոն հիմնելու երազանք ունի, իսկ նախարարն էլ խոստացավ երկու տարվա ֆինանսավորում, եթե նա վերադառնա հայրենի քաղաք:
Պետությունը չի ֆինանսավորի, կաջակցի
Մշակութային ՀԿ-ների մի քանի ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են փառատոների կազմակերպմամբ, դիմեցին Ա. Ամիրյանին` ակնկալելով պետական աջակցություն: Նախարարը առաջարկեց հստակ ներկայացնել` ինչ նպատակով է անցկացվում տվյալ փառատոնը. «Եթե մենք ուզում ենք, որ տվյալ փառատոնը շարունակական լինի, պետք է հասկանանք, թե որն է լինելու դրա արդյունքը, մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալու ենք, թե ոչ: Հարկավոր է ձերբազատվել այն գաղափարից, որ փառատոնը պետք է ամբողջությամբ պետությունը ֆինանսավորի: Պետությունը կարող է աջակցել, այլ ոչ թե անընդհատ ֆինանսավորել: Եթե փառատոնը շարունակական չի դառնում, չի կարողանում ինքնաբավ դառնալ, թերեւս սխալ է կազմակերպվում»,-ասաց նա:
Կույրերի եւ խուլերի համար պայմաններ չկան
Հանդիպման ընթացքում նախարարին հարցրին` նախատեսվում է արդյոք մեր թանգարաններում ստեղծել սրահներ` խուլերի եւ կույրերի համար: «Կույրերի համար նախատեսել ենք, օրինակ, նոր գրքերի հրատարակում (Հ. Թումանյանի հեքիաթները երեխաների համար): Բայց թանգարանների սրահների մասին, անկեղծ ասած, չէի մտածել, կարող ենք խոսել այդ մասին: Ավելի վաղ քննարկել ենք թանգարանների պայմանները հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց հարմարեցնելու հարցը: Սա հսկայական ներդրումներ է պահանջում, որոնք, ցավոք, բյուջեով նախատեսված չեն: Բայց մենք փորձում ենք դիմել միջազգային տարբեր կազմակերպությունների եւ ստանալ դրամաշնորհներ, ինչու ոչ, նաեւ վարկային ռեսուրսներ»,-պատասխանեց Ա. Ամիրյանը:

 

 
ԽԱՌՆԱՇՓՈԹ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԳԻՇԵՐԸ

Օրերս Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում տեղի է ունեցել ռեժիսոր, սցենարիստ, դերասան Մհեր Մկրտչյանի պիեսի հիման վրա բեմադրված նոր` «Փշրված պատրանքի մի գիշեր» ներկայացման պրեմիերան: Գլխավոր դերերում հանդես են եկել Անի Խաչիկյանն ու Արծրուն Չոբանյանը, բեմադրության մեջ ներգրավված են նաեւ Գեորգի Հովակիմյանը, Լեւս Դավթյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը եւ այլք:

Արծրունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ներկայացման մեջ երիտասարդական թարմ շունչ կա: «Ամուսինների հարաբերություններում միշտ էլ կան խնդիրներ, որոնք պահանջում են լուծում, ուստի պիեսում արծարծվող թեման բոլոր ժամանակների համար էլ արդիական է»,-ասաց նա: Ի դեպ, փորձերին ներկա գտնված մարդիկ հավատացել են, որ Անին եւ Արծրունն իսկապես ամուսիններ են. «Եղել են մարդիկ, որոնք քննարկել են, հետաքրքրվել են` մենք ամուսիններ ենք, թե ոչ: Իհարկե, իրականում նման բան չկա»,-նշեց դերասանը: Մենք հարցրինք` ներկայացումը կին-տղամարդ հարաբերություններում առկա խնդիրների համար լուծումներ առաջարկո՞ւմ է, թե՞ ոչ. «Մեր հերոսները փորձում են լսել իրար եւ անկեղծ են միմյանց հետ. հենց սա է լուծումը»,- մեկնաբանեց Արծրունը` ընդգծելով, որ ներկայացումն, առհասարակ, իրեն գրավել է ասելիքի անկեղծությամբ:
Հավելենք, որ պիեսի գործողությունները տեղի են ունենում հյուրանոցի մի համարում, որտեղ իրենց ամուսնական առաջին գիշերն են վայելում գյխավոր հերոսները` պրոդյուսեր Արթուրը եւ Մերին: Անհաջող մի կատակի պատճառով կեսգիշերին նրանց սենյակ է ներխուժում դերասանուհի Աննան, որը ֆիլմում գլխավոր դեր ստանալու համար պետք է գիշերն անցկացներ Արթուրի հետ: Վերջինս փորձում է զավեշտալի այդ դրությունից դուրս գալու ելքեր գտնել, իսկ Մերին` պարզել ստեղծված անախորժ իրավիճակը: Արթուրի գործընկերոջ չար կատակը ոչ միայն հիասթափեցնում է Մերիին, այլ նաեւ փշրում նրա գեղեցիկ երազները: Գործողությունների ընթացքում ի հայտ են գալիս ուշագրավ մանրամասներ, անսպասելի լուծումներ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
«Sirusho Style» ՍԹԻՔԵՐՆԵՐ
Երգչուհի Սիրուշոն բջջային հեռախոսների համար սեփական սթիքերներ է թողարկել: Նա համագործակցել է աշխարհում հայտնի հայկական PicsArt ֆոտոխմբագրի հետ։ «Sirusho Style» սթիքերներն անվճար հասանելի են հավելվածում։ Դրանք պարունակում են դետալներ` Սիրուշոյի ամենահայտնի եւ թրենդային կերպարներից, ինչպես նաեւ` ազգային նախշեր ու աքսեսուարներ, որոնք դարձել են երգչուհու այցեքարտը։
Նշենք, որ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից հետո Սիրուշոն երկրորդ հայուհին է, որը ողողել է սոցցանցերն իր անվանական սթիքերներով։

 

 

ԿՀԱՇՏՎԵ՞Ն
Արդեն հայտնի է, որ դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին վերջապես միմյանց հետ շփվում են` առանց միջնորդների: Ինչպես տեղեկացնում է ibtimes.co.uk-ն, աստղերը, կարծես, փորձում են հաշտվել: Ըստ լրատվամիջոցի աղբյուրի` դերասանը չի պատրաստվում նոր սիրավեպ սկսել, քանի որ մտադիր է հանուն երեխաների հաշտվել Ջոլիի հետ. «Բրեդը հասկանում է, որ Էնջիի հետ հարգալից հարաբերություններ հաստատելը լավագույն բանն է, որ կարող է անել երեխաների համար»,- նշել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 19-ին Անջելինա Ջոլին ապահարզանի փաստաթղթեր ներկայացրեց Բրեդ Փիթի հետ շուրջ երկու տարվա ամուսնությունից եւ գրեթե 12 տարվա հարաբերություններից հետո:

 

 

ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ
Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ), որը կազմակերպում Է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը, կհետեւի, որը Ռուսաստանը մասնակցի միջոցառմանը: Այդ մասին Der Tagesspiegel գերմանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության կազմկոմիտեի ղեկավար Ֆրանկ-Դիտեր Ֆրայլինգը: Նա շեշտել է, որ «Եվրատեսիլ»-ին պետք է թույլատրվի բոլոր երկրների կատարողների մասնակցությունը:
Նշենք, որ մրցույթին Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Յուլյա Սամոյլովայի դիստանցիոն մասնակցության առաջարկը մերժել են թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը փաստաթուղթ էր պատրաստել, որով արգելվում էր երգչուհի, «Եվրատեսիլ-2017»-ի ռուսաստանյան ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովային մուտք գործել երկրի տարածք Ղրիմ այցելելու պատճառով:




Լրահոս