ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՀԻՇԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստ է, որ 2008թ. մարտի 1-ի ոճրագործության արդյունքում իշխանության եկած անձինք չեն բացահայտի ու պատասխանատվության չեն ենթարկի այդ հանցագործության մեղավորներին: Բայց իշխանությունները փորձում են ցույց տալ, թե այդ ուղղությամբ անում են քայլեր, առավել եւս, որ քրեական գործի նախաքննությունն ավարտված չէ: Երբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում իր ընտրության ժամանակ ելույթ էր ունենում, հրապարակավ խոստացավ, որ մարտի 1-ի գործը կլինի իր ծրագրային առաջնահերթություններից մեկը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազից հետաքրքրվել է, թե ի՞նչ է արվում այս քրեական գործով: Պատասխանը, խոստովանենք, այնքան էլ հուսադրող չէ: «Նախաքննության արդյունավետության նկատառումներից ելնելով՝ 10 անձի մահվան եւ 3 անձի մարմնական վնասվածքներ ստանալու փաստերով առանձին վարույթներ են առանձնացվել, որոնցով կատարվում է նախաքննություն: Մասնավորապես նշված քրեական գործերով հարցաքննվել են շուրջ 4000 անձինք, տուժող են ճանաչվել ոստիկանության 220 աշխատակից եւ զինծառայող, 58 քաղաքացիական անձ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական եւ դատահետքաբանական համալիր, դատակենսաբանական, համակարգչատեխնիկական եւ այլ 800-ից ավելի փորձաքննություններ, կատարվել են դեպքի վայրի զննություններ, մեղավոր անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու նպատակով տրվել են բազմաթիվ հանձնարարություններ, ու ձեռնարկվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Գործի համար նշանակություն ունեցող մի շարք հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով փորձաքննություններ են նշանակվել նաեւ ՌԴ ներքին գործերի նախարարության «Հատուկ տեխնիկա եւ կապ» գիտաարտադրական միավորումում եւ «Փորձաքրեագիտական կենտրոնում»»: Պարզ չէ՝ թվարկված գործողությունները, այդ թվում՝ հարցաքննություններն ու փորձաքննությունները վերջե՞րս են արվել, թե՞ նախաքննության առաջին օրվանից սկսած: Բայց փաստը մնում է փաստ, որ իշխանությունները շահագրգռված չեն բացահայտելու կատարվածը, այլապես վաղուց այն արած կլինեին:
Մինչ այդ, նկատենք, որ ԱԺ ընտրություններին մասնակից ուժերից միայն «Կոնգրես-ՀԺԿ», «Ելք» դաշինքները, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն են նախընտրական ծրագրում մարտի 1-ի գործի բացահայտման խոստում տվել: Մնացածների համար մեր նորագույն պատմության այս արյունալի էջը փակված է:

 

 

 
Համապետական նախորդ բոլոր ընտրություններից հետո հրապարակած զեկույցներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը նաեւ կոնկրետ հանձնարարականներ է տվել իշխանություններին: Հանձնարարականներ, որոնց իրականացումը կնպաստի «ԵԱՀԿ պարտավորություններին եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն»: «Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ հանձնարարականներից ոչ բոլորն են կատարվել: Մասնավորապես 2013թ. նախագահական ընտրություններից հետո տրված հանձնարարականում պահանջ կար պաշտոնյաներին ձեռնպահ մնալ վարչական միջոցները օգտագործելուց, նաեւ ասված էր, որ քարոզարշավի համար պաշտոնական դիրքի եւ վարչական միջոցների չարաշահումը քրեական օրենսգրքում պետք է սահմանվեն որպես հանցագործություն: Այնինչ՝ քր.օր.-ում նման հոդված այդպես էլ չամրագրեցին, իսկ ՀՀԿ-ի շուրջ վերջին սկանդալը, նաեւ վարչապետի ակտիվ մասնակցությունը քարոզարշավին ցույց է տալիս, որ վարչական ռեսուրսը լավ էլ կիրառվում է:

 

 

 
ԿԸՀ-ն առանձնակի խնամքով է թաքցնում ՀՀԿ ապօրինությունները: «Ժողովուրդ»-ը նախորդ համարներից մեկում գրել էր, որ մարտի 19-ին Լոռու մարզում ՀՀԿ քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանից խնդրել էր ժամացույց նվիրել իրեն: Վարչապետն էլ խորհրդականին հանձնարարել էր վերցնել քաղաքացու տվյալները, որ փոխանցեն ժամացույցը: Սա ընտրական օրենսգրքի 19 հոդվածի խախտում է, «Նախընտրական քարոզչության ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խոստացել էր արձագանքել կատարվածին, սակայն մինչեւ հիմա որեւէ քայլ չի արվել այդ ուղղությամբ: Երեկ էլ Մուկուչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդարանում էր, որ գերծանրաբեռնվածության պատճառով չի հասցրել ուսումնասիրել տեղի ունեցածը: «Նյութը փորձեցի գտնել, չգտա, անկեղծ ասած»,- անկեղծացավ ԿԸՀ նախագահը: Հարցին, թե վարչապետի հանդեպ շատ զգուշավոր եք, Մուկուչյանը նշեց. «Կարծում եմ, որ դա շատ թյուր կարծիք է»:

 

 

 

 
Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրքերը գնալով թեժանում են: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Խոզնավարում տեղակայված ընտրական հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Հրայր Ալավերդյանի մեքենայի վրա ինչ-որ մարդիկ խոտ էին դրել, շուրջբոլորը բենզին լցրել՝ հասկացնելով, որ հաջորդ անգամ կայրեն այն: Ալավերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կատարվածը կապել էր նախընտրական իրավիճակի հետ: Եւ ահա երեկ մեզ հայտնի դարձավ, որ Խոզնավարի դպրոցի տնօրեն Վոլոդյա Զախարյանը իր մոտ է կանչել հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Մանգասարյանին՝ ԲՀԿ-ական Ալավերդյանի կնոջը, ու պահանջել քվեարկել ՀՀԿ օգտին: Ուսուցչուհուն տնօրենն ասել է. «Դուք այս պահին պետական աշխատող եք, մենք վարձատրվում ենք պետությունից, պետության իշխանությունն էլ գտնվում է ՀՀԿ ձեռքում… Կասկածներ ունեմ, եթե տան ամուսինը ԲՀԿ-ից է, դու էլ ԲՀԿ-ից կլինես»: Նշենք, որ այս զրույցի ձայնագրությունը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում է:

 

 

 
ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին Մինսկում իր դիվանագիտական ծառայությունն ավարտող Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հրաժեշտի հանդիպման ընթացքում հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ: Նա, անդրադառնալով տարեսկզբին մեծ աղմուկ հանած բլոգեր Արելքսանդր Լապշինի արտահանձնման հարցին, տարակուսանքով ասել է. «Բայց Հայաստանն այստեղ ի՞նչ կապ ունի: Հայաստանը ինձ Լապշինի հարցով երբեք չի դիմել, ոչինչ չի ասել, Ադրբեջանի կողմից հետախուզում էր հայտարարվել, մենք էլ ձերբակալել էինք, ո՞ւմ պետք է հանձնեինք»: Հատկանշական է, որ Լուկաշենկոն դա արել է Արմեն Խաչատրյանի հետ հանդիպմանը, որը Լապշինի արտահանձնման ողջ պատմության ընթացքում ծպտուն անգամ չհանելով՝ արդեն բլոգերի՝ Բաքու տեղափոխելուց հետո արդարացավ, թե եթե Իսրայելն ու Ռուսաստանը չկարողացան ոչինչ անել, ինքն ինչ պիտի աներ:
Բայց հիմա Լուկաշենկոն փաստորեն ամրագրում է, որ ՀՀ դեսպանը /բարեբախտաբար՝ նախկին/ երբեւէ անգամ չի էլ փորձել որեւէ բան անել: Ավելին՝ Բելառուսի նախագահը նաեւ բացահայտում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը եւս ոչինչ չի արել, առհասարակ՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ բան չի արել: Մինչդեռ մենք հիշում ենք, թե ինչպես էր ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար հայտարարում, թե իրենք ինտենսիվորեն զբաղվում են Լապշինի հարցով: Զուգահեռաբար նաեւ իշխանական քարոզչությունը հանգստացնում էր, թե Ռուսաստանի եւ Իսրայելի դիվանագիտական խողովակները ինտենսիվ քննարկումներ են տանում Մինսկի հետ, եւ իբր թե հայկական կողմն էլ ակտիվորեն հետեւում է այդ ամենին: Լուկաշենկոն, սակայն, նաեւ այդ սուտն է բացահայտել՝ հայտարարելով. «Առաջին անգամ այս մասին հրապարակավ հայտարարում եմ՝ Լապշինը երեք երկրի քաղաքացի է, այդ երկրներից որեւէ մեկը չէր ուզում նրան վերցնել: Եւ արտահանձման հարցը հետագայում դարձավ շահարկման թեմա, ու այսօր յուրաքանչյուր կողմ այն օգտագործում է, ինչպես իրեն է ձեռնտու»:
Այսպիսով՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշում ունենալու մեջ մեղադրվող Բելառուսի նախագահը, փաստորեն, հստակորեն ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե իր դիրքորոշումն է, այլ հայկական կողմի՝ զանգ կախելու սիրահար Էդվարդ Նալբանդյանի եւ նրա վերադասի բացարձակ անգործությունը: Եվ կոնկրետ այս դեպքն աչքի առջեւ ունենալով՝ կարելի է վստահորեն պնդել, որ նույն՝ անգործության գործոնն է որոշիչը նաեւ մնացած երկրների հետ խնդրահարույց հարաբերություններում եւ մեր ունեցած խոշոր ձախողումների հիմքում: Սաֆարովի արտահանձնումը, ի դեպ, դրա մեկ այլ ցցուն դրսեւորումն էր:




Լրահոս