Բունդեսթագի թուրք պատգամավորները կոչ են արել «ոչ» քվեարկել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական Bild am Sonntag պարբերականը Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հարցրել է Բունդեսթագի թուրք ծագում ունեցող պատգամավորների տեսակետները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, վերջիններս իրենց մեկնաբանություններում կոչ են արել Թուրքիայում պահպանել ժողովրդավարությունն ու ազատությունները: Սոցիալ­դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ջանսել Քըզըլթեփեն նշել է. «Բոլորս պետք է պաշտպանենք ժողովրդավարական արժեքները և մեր ձայնը բարձրացնենք հանուն խոսքի ազատության»: Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզեմիրը, դիմելով գերմանաբնակ թուրքերին, ովքեր ևս ընտրելու իրավունք ունեն, կոչ է արել դեմ քվեարկել սահմանադրական փոփոխությանը`ասելով. «Այստեղ ձեր ունեցած ազատությունը մի խլեք Թուրքիայում գտնվող ձեր ընտանիքների ու ընկերների ձեռքից»:

«Ոչ» ասելու կոչ է արել նաև Կանաչների կուսակցության պատգամավոր Օզջան Մութլուն: «Այո» ասեք ժողովրդավարությանը` «ոչ» ասելով սահմանադրական հանրաքվեին»: Թուրքիայում ապրիլի 16-­ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին արտերկրում բնակվող քաղաքացիների քվեարկությունն արդեն մեկնարկել է: Գերմանիայում գործընթացը սկսվել է մարտի 27­-ից: Այստեղ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեն Թուրքիայի 1 միլիոն 400 հազար քաղաքացի, ովքեր կարող են քվեարկել մինչև ապրիլի 9-­ը Գերմանիայի 13 քաղաքում:




Լրահոս