Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. երկու դատապարտյալ փորձել են սպանել կալանավորի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված սպանության փորձի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրանքներ են առաջադրվել նույն ՔԿՀ-ի 2 դատապարտյալի։

2017 թվականի մարտի 25-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում բռնություն է գործադրվել կալանավորներից մեկի՝ Մ.Հարությունյանի նկատմամբ՝ կտրող-ծակող առարկայով պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները՝ կալանավորի նկատմամբ կատարված հարձակման պայմանները, եղանակը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ սպանության փորձ է իրականացվել նույն ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալի կողմից։ Զբոսանքի՝ օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ.Հարությունյանը։ Ապա՝ բացել է խցի դուռը և հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։

Քննությամբ նաև բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ կիրառված բռնությանը մասնակից են եղել նաև այլ դատապարտյալներ՝ սահմանափակելով նրա շարժումները, սակայն աշխատակցին հաջողվել է ազատվել նրանցից և շտապել դեպի կալանավորի խուց՝ այլ անձանց հետ միասին վնասազերծելով կալանավորի նկատմամբ ոտնձգություն իրականացրած դատապարտյալին։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երկու դատապարտյալի. նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ նույն ՔԿՀ-ի մյուս դատապարտյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը   հստակեցնելու ուղղությամբ:




Լրահոս