Ձայնագրությունների հետքերով. ինչ է ներկայացրել «Իգլա»-ի գործով կալանավորվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործը փակուղի է մտել: Բանն այն է, որ մարտի 24-ից նախաքննություն իրականացնող մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում:
Ինչպես հայտնի է՝ մարտի 22-ին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ հայտնաբերվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով:

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի /ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով/ եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով /խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով/ հարուցվել է քրեական գործ:

Կատարված քննչական գործողությունների արդյունքում հրթիռը Հայաստան տեղափոխելու մասով մինչ օրս կալանավորված է 4 անձ` Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը եւ եւս երկու հոգի, որոնց անունները նախաքննություն իրականացնող մարմինը գաղտնի է պահում: Ինչպես գրել էինք՝ ԱԱԾ-ի համար վերոնշյալ անձանց կալանավորման համար հիմք են դարձել հեռախոսային խոսակցությունները, որոնց ընթացքում վերջիններս խոսել են «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի մասին, սակայն Սամվել Բաբայանը եւ նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

«Ժողովուրդ»-ին այս գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ մինչ օրս գործով ընդամենը մեկ անձ է ցուցմունք տվել կալանավորված անձանց դեմ, մյուսները որեւէ ցուցմունք չեն տվել: Իրենքը՝ Սամվել Բաբայանը եւ իր մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, որեւէ մեկի դեմ ցուցմունք չեն տվել, իսկ նրանց դեմ ցուցմունք տվող անձը այլ մարդ է, որի անունը ԱԱԾ-ն դեռեւս գաղտնի է պահում:

Ինչեւէ: Անդրադառնանք այս գործով գաղտնալսումներին, որոնք, ըստ էության, հիմք են դարձել, որպեսզի իրավապահները կալանավորեն վերոնշյալ անձանց: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ նախաքննություն իրականացնող մարմինը գործով կալանավորվածներին է ներկայացրել հեռախոսային ձայնագրությունների գաղտնալսումները, որպեսզի ցույց տա, թե ով ինչ է խոսել:

Մեզ հայտնի դարձավ, որ ներկայացված ձայնագրությունների մեջ ընդհանրապես զենքի մասին խոսք չի եղել: Կալանավորվածները քննիչներին ասել են, թե ոչ մի զենքի, առավել եւս՝ «Իգլայի» մասին խոսակցություն չկա, սակայն ըստ մեզ հասած լուրերի՝ վարույթն իրականացնող մարմնի քննիչները ասել են, թե իրենք ենթադրում են, որ այն, ինչ խոսել են, կապված է հրթիռի հետ: Ստացվում է, որ իրավապահները ներկայացրել են այնպիսի ձայնագրություն, որտեղ անգամ խոսք չի գնացել զենքի մասին, եւ գործով անցնող անձանց կալանավորել են ենթադրությունների հիման վրա:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը հայտնեց, որ մարտի 24-ից մինչ օրս իր պաշտպանյալի մասով որեւէ քննչական գործողություն չի իրականացվել:

Ավելին՝ պաշտպանից տեղեկացանք, որ նա ապրիլի 3-ին գնացել է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ եւ հանդիպել իր պաշտպանյալի հետ.«Սանասար Բաղդասարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն վերջինս խոսք է ուղղել «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից, որը անպայման կցանկանայի փոխանցել. «Ավելի քան 20 տարի կռվել եմ հայրենիքի համար, լինելով փոխգնդապետ՝ պայքարել եմ հանուն Հայաստանի Հանրապետության անկախության, եւ շատ ցավալի է, որ այսօր իմ անձի հետ կապված մեղադրանքներ են հնչեցնում, թե ես պայթուցիկ սարք եմ բերել եւ ցանկացել եմ այդ սարքով պայթեցնել երկրի նախագահի ինքնաթիռը կամ պետությանը վնաս տալ: Շատ վիրավորական է, որ իմ հասցեին նման հայտարարություններ են արվում, ինքս ինձ երբեք նման բան թույլ չէի տա եւ անգամ մտքովս չէի կարող նման բան անցկացնել»:

Քնար Մանուկյան




Լրահոս