Հայաստանի պատմության մեջ ամենաթանկ ընտրությունները. միլիոնավոր դոլարներ են ծախսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները կարելի է համարել Հայաստանի պատմության մեջ ամենաթանկը: Այս ընտրություններն ամենաթանկն էին ե՛ւ օրինական, ե՛ւ ապօրինի եղանակով ծախսված գումարների առումով:
Ինչպես հայտնի է՝ ԱԺ ընտրությունները պատշաճ անցկացնելու նպատակով Հայաստանին հսկայական միջոցներ տրամադրեցին միջազգային կառույցները, մասնավորապես ԵՄ-ն ու ԱՄՆ-ը: Ընտրությունների կազմակերպման համար մեծ գումարներ տրամադրվեց ՀՀ պետական բյուջեից:  Եվ, վերջապես, ընտրություններին մասնակից որոշ ուժերի ռեյտինգային թեկնածուները՝ ՀՀԿ-ականների գլխավորությամբ, ահռելի գումարներ ծախսեցին՝ որպես ընտրակաշառք:

Եվ այսպես՝ միջազգային դոնոր կազմակերպությունները Հայաստանին մոտ 10 մլն եվրո էին տրամադրել՝ հիմնականում ընտրությունների անցկացման համար համապատասխան տեխնիկասարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Այդ գումարի առյուծի բաժինը՝ 7 մլն-ը, հատկացրել էր ԵՄ-ն. դեռ տարեսկզբին ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել էր՝ շուրջ 4 մլն եվրո հատկացվել է ընտրողների ինքնության հաստատման տեխնոլոգիայի ներդրման, 2 մլն եվրոն՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման համար, իսկ վերջին 1 մլն եվրոն կտան ընտրություններից հետո՝ կախված դրանց որակից ու արդյունքներից: Ընդ որում, Սվիտալսկին նաեւ շեշտել էր. «Ընտրություններին աջակցելու համար ԵՄ-ն այսքան գումար եւ այսքան քաղաքական վստահություն չի ներդրել, որքան ՀՀ-ում»:

Ընտրական այս պրոցեսների կազմակերպման համար զգալի գումարներ էին հատկացվել նաեւ ՀՀ պետական բյուջեից՝ մոտ 90 մլն դրամ կամ 160 հազար եվրո. այս գումարը տրամադրվել է բյուջեից ու վերջինիս պահուստային ֆոնդից՝ մաս-մաս: Դրանք հիմնականում ծախսվել են քվեարկության օրը ընտրական հանձնաժողովի անդամներին ու ինքնությունը ստուգող սարքերը սպասարկողներին աշխատավարձեր տալու եւ, ընդհանրապես, այդ սարքերը պահպանելու, տեղափոխելու նպատակով: Նշենք, որ միայն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները ստանում են մոտ 50 հազար, հանձնաժողովների նախագահները՝ 100 հազար դրամ, իսկ ինքնությունը ստուգող սարքերն աշխատացնողները՝ 60 հազար դրամ:

Եւ այս ամենից բացի՝ հսկայական գումարներ են ծախսվել՝ որպես ընտրակաշառք. յուրաքանչյուր ընտրողին 10 հազարական դրամի չափով: Մոտավոր հաշվարկներով ընտրակաշառքի չափը տատանվում է 8-9 մլրդ դրամի կամ 15-20 մլն դոլարի սահմաններում: Այդ գումարի ճշգրիտ չափը դժվար է միանշանակ գնահատելը: Սակայն կարելի է իրականությանը մոտ հաշվարկներ անել: Ընտրակաշառք բաժանած ուժերը /իսկ թե որոնք են դրանք, ինքներդ լավ գիտեք/ միասին վերցրած ստացել են մոտ ավելի քան 1.360 մլն ձայն:

Եթե նկատի ունենանք այն փաստը, որ նրանց ինքնակամ կամ ադմինիստրատիվ ճնշմամբ պատրաստ է եղել քվեարկել մոտ 30-40 տոկոսը՝ կուսակցությունների ակտիվը, թեկնածուների ազգական-բարեկամները, ապա ավելի քան 800-900 հազար մարդ պարզապես ընտրակաշառք է վերցրել: Իսկ այդ թիվը կազմում է 8-9 մլրդ դրամ՝ 15-20 մլն դոլար: Հետեւությունները թողնում ենք ընթերցողներին: Ու պետք է ասել, որ այս անգամ ընտրակաշառքը լիովին ծառայեց նպատակին: Նախորդ ընտրությունների փորձից արվել էին հետեւություններ, այս անգամ ընտրակաշառքը բաժանվեց առավել քան բյուրեղացված մեխանիզմով: Արդյունքում՝ մարդիկ վերցրին գումարն ու ընտրեցին իրենց վճարողին, շատ քչերին հաջողվեց խաբել կամ խույս տալ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այս անգամ ընտրակաշառքը բաժանել են «տասնապետները»՝ յուրաքանչյուրը 10, առավելագույնը՝ 15 հոգու:

Ընտրակաշառքը բաժանվել է մարդկանց տներում, ծայրահեղ դեպքում՝ շտաբներում: Սա, մեր աղբյուրների վկայությամբ, հնարավորություն է տվել նախ ընտրակաշառքը բաժանել աննկատ, քանի որ նախկինում այս ամենն արվում էր տեղամասերի մոտ՝ մեքենաների մեջ, որոնցով ընտրողներին «բերման էին ենթարկում», եւ լրագրողներն էլ «նենգաբար բռնացնում» էին հանցանքի վայրում, տեսանկարահանում, ի ցույց դնում փաստերը: Ընտրակաշառքը բաժանվել է քվեարկության նախորդող երեկոյան՝ հանձնարարականով, որ առավոտյան ժամը 8-9-ը մարդիկ ներկայանան քվեարկության: Դե, իսկ մի շարք ընտրատեղամասերում էլ պարզապես վերահսկվել է քվեարկության պրոցեսը, բաց քվեարկություններ են իրականացվել:
Ի դեպ, այս փաստն աննկատ չի մնացել միջազգային հանրության աչքից:

ԵՄ-ն այսպես է գնահատել ընտրությունների արդյունքները. «Ընտրությունները լավ կազմակերպված էին, եւ ընդհանուր առմամբ առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: Այդուհանդերձ, ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն առ այն, որ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների եւ մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը: Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը»:

Ընտրակաշառքի մասին ասված է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ. «ԱՄՆ դեսպանությունը համամիտ է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական գնահատման հետ, որտեղ նշվում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, եւ ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար ազատությունների հանդեպ՝ միաժամանակ նկատելով, որ «ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն» ու ընտրողների վրա գործադրված ճնշումները: Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում ենք աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այս մտահոգությունները»:

Այլ կերպ ասած՝ միջազգային կառույցների տրամադրած գումարները, որոնք պետք է օգնեին լավ ընտրություններ անցկացնելուն, իրենց նպատակին լիարժեք չեն ծառայել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս