«Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել. ի՞նչն է եղել իրական պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում երեկ երեկոյան մահացել է 29-ամյա դատապարտյալ Արսեն Գրիգորյանը: Վերջինս պահվել է Արթիկ ՔԿՀ-ի երկրորդ մասնաշենքի 13-րդ խցում: Նա ծնունդով Թալինի տարածաշրջանի Արագած գյուղից էր:

Դեռևս չհաստատված տեղեկություններով` դատապարտյալն իրեն երեկ վատ է զգացել, սակայն վարչությունից ասել են, թե հիվանդանոց տեղափոխվելու համար 4 հարյուր հազար դրամ է անհրաժեշտ: Չկարողանալով մուծել պահանջված գումարը` նա մնացել է այդ վիճակում, և տեղի է ունեցել դժբախտ դեպքը:

Ըստ որոշ տեղեկությունների` Արսեն Գրիգորյանը երեկ մեծ չափաբաժնով դեղորայք է ընդունել, ինչի արդյունքում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հաստատեցին ArmLur.am-ի տեղեկությունը` հավելելով, որ նախնական վարկածով դատապարտյալը հանկարծամահ է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ Արսեն Գրիգորյանը դատապարտվել է ազատազրկման ավազակային հարձակման համար: Ավելին, Արսեն Գրիգորյանի հայրն էլ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման քրեակատարողական հիմնարկ  վերջինիս համար թմրանյութ հասցնելու մեղադրանքով. վերջերս էլ ազատ է արձակվել:




Լրահոս