Երկու տերությունները թևակոխում են հակադրության մի նոր փուլ` սպառնալով կլանել աշխարհում գոյություն ունեցող ցանկացած հակամարտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային քաղաքական իրադրությունը զարգանում է շեշտակի արագությամբ: Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստի հայտնի դառնալուն պես ԱՄՆ նոր վարչակազմը շեշտակիորեն կոշտացրեց իր դիրքորոշումը Բաշար ալ-Ասադի ռեժիմի նկատմամբ: Սա լիովին անակնկալ էր թե՛ վերլուծաբանների, թե՛ աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների, մասնավորապես Ռուսաստանի համար:
Հաշվի առնելով նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը` պարզապես ապշեցուցիչ է, որ նախագահն ու նրա խորհրդականները, որոնք հակված էին ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորել ամեն գնով, ընդհուպ մինչեւ համաձայնելով Ասադի իշխանության պահպանմանը, երկու օրվա ընթացքում կտրուկ շրջադարձ կատարեցին:

Նախագահի, պետքարտուղարի եւ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի կոշտ ձեւակերպումները դեռեւս չէին համոզում, որ Թրամփի վարչակազմը ունակ կլինի գործնական քայլեր ձեռնարկելու: Այս առումով խնդիրն առնչվում էր թե՛ Սպիտակ տան նոր տերերի անկայուն հռետորաբանությանը, թե՛ Պուտինի նկատմամբ նրանց հանդուրժողականությանն ու դրանով պայմանավորված նաեւ ՌԴ շահերի դեմ անթաքույց կերպով չգնալու զգուշավորությանը:

Թրամփը քանիցս ապացուցել էր, որ իր խոսքը պահելու հարցում այնքան էլ վստահելի չէ եւ կարող է պահի ազդեցությամբ փոխել կարծիքը` ժողովրդահաճ երեւալու մղումով: Դրա հետ մեկտեղ նա հետեւողականորեն ձգտում էր չանցնել սահմանները Պուտինի հանդեպ քննադատություն հնչեցնելիս: Ավելին` արդեն նախագահի կարգավիճակով հարցազրույցներից մեկում, ի պատասխան լրագրողի պնդմանը, թե Պուտինը մարդասպան է, Թրամփը հակադարձել էր. «Ի՞նչ է, կարծում եք, մեր երկիրն ավելի՞ անմեղ է»: Սա ընդամենը մեկ պարզ դրսեւորում էր, որ ցույց էր տալիս, թե ինչպես էր ԱՄՆ նախագահը պատրաստ իր ղեկավարած երկրի արժեհամակարգը նույնացնել Պուտինի հետ:

Նմանօրինակ երեւույթների բազմակի կրկնությունն էլ հուշում էր, որ Թրամփը անընդունակ էր Պուտինի շահերի դեմ որեւէ քայլ կատարել: Հանուն արդարության հարկ է նկատել, որ նախընտրական շրջանում Թրամփը պնդում էր, որ ինքը Պուտինի հանդեպ կարող է շատ ավելի կոշտ լինել, քան մրցակից Քլինթոնը: Այս տեսակետը ընկալվում էր որպես պարզագույն պոպուլիզմ, սակայն ժամերի ընթացքում ԱՄՆ 45-րդ նախագահը սկսեց վերածվել ամերիկյան պարբերականների համար «իսկական նախագահական» կերպարի: Ի դեպ, Թրամփի գործողությունները ողջունել է նաեւ Հիլարի Քլինթոնը:

Թրամփը, կանխավ հայտարարելով, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը խորապես վշտացրել է իրեն, մեկ օրվա ընթացքում հանկարծակիորեն հրահանգել է հրթիռային հարվածներ հասցնել Սիրիայի ռազմաօդային ուժերի բազայի ուղղությամբ: Ավելի քան 50 թեւավոր հրթիռների հարվածներով ԱՄՆ-ն անմիջականորեն խառնվեց սիրիական ճգնաժամին: Նկատելի է, որ ռազմաօդային հարվածները հասցվել են Միջերկրական ծովում հանգրվանած ամերիկյան երկու ռազմանավերից: Թրամփը պարզաբանել է, որ ռազմական միջամտությունը պայմանավորված է ամերիկյան շահերով` առաջին հերթին կանխելու քիմիական եւ նմանատիպ այլ զենքերի տարածումը:

Ռազմական գործողությունների արդարացման հիմքում դրվում է «պաշտպանելու պատասխանատվության» (responsibility to protect) միջազգային քաղաքական սկզբունքն ու հանձնառությունը, երբ կոնկրետ երկիրը միջամտում է իր շահերի հետ չառնչվող որեւիցե կոնֆլիկտի` ելակետ ունենալով անմեղ բնակչության փրկումը ոչնչացման վտանգից: Թեեւ այս հայեցակարգը հաճախ օգտագործվում է մաքուր աշխարհաքաղաքական շահերից ելնելով, դրա նշանակությունը շարունակում է պահպանվել միջազգային ասպարեզում: Եվ պատահական չէ, որ Թրամփի վարչակազմը իր գործողությունները բացատրում է` հղում կատարելով հենց այդ սկզբունքին: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Հեյլին օրեր առաջ հայտարարել էր, որ եթե ՄԱԿ-ը միասնաբար քայլեր չի ձեռնարկում Սիրիայում կատարվող իրադարձությունների ուղղությամբ, ապա առանձին պետությունները ստիպված պիտի լինեն միանձնյա վերցնել պատասխանատվությունը:

Ուշագրավ է Ռուսաստանի դիվանագիտական կոպիտ թերացումը այս հարցում: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մի քանի օր շարունակ ԱՄՆ-ն փորձում էր անցկացնել Սիրիայի հարցով արտակարգ բանաձեւ եւ պայմաններ ստեղծել քիմիական զենքի կիրառման շուրջ համապարփակ հետաքննություն իրականացնելու ուղղությամբ: Ռուսաստանը ակնհայտորեն դեմ էր դրան` հայտարարելով, որ նոր բանաձեւը աննպատակահարմար է: Պուտինը կարծես համոզված էր, որ ՄԱԿ-ում վիժեցնելով ամերիկյան նախաձեռնությունը՝ կկարողանա կանխել աննպաստ զարգացումները: Ինքնավստահությունն ու Թրամփի մասին թյուր պատկերացումները մեծապես խառնեցին ռուսական հաշվարկը:

Պուտինը պետք է գլխի ընկներ, որ եթե իսկապես սիրիական իշխանությունները չեն քիմիական զենքի կիրառման հեղինակները, ապա պղտոր ջրում ձուկ որսացողները խաղադրույք են կատարել իր՝ հենց այսպիսի արձագանքի վրա: ՌԴ-ի արտաքին քաղաքական կանխատեսելիությունը այստեղ հակառակ ազդեցությունն ունեցավ` համոզելով Թրամփին, որ համագործակցային տարբերակով առնվազն ՄԱԿ-ում միասնական, թեկուզ եւ ոչ կոշտ դիրքորոշման հանգել հնարավոր չէ: Արդյունքում ԱՄՆ նախագահը որոշեց խաղալ ամերիկյան քաղաքականության դասական խաղը` ցույց տալով, որ միջազգային հարաբերություններում իրենից ակնկալվող մեկուսացման քաղաքականությունը ցանկացած պահի կարող է ի չիք դառնալ:

Զարմանալի չէ, որ հրթիռային հարձակումից անմիջապես հետո Պուտինը արտահայտեց իր դժգոհությունը ԱՄՆ-ի քայլերի առնչությամբ` դրանք որակելով իբրեւ «ագրեսիա Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ»: Այժմ Ռուսաստանը աշխատանքներ է տանում նաեւ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ հրավիրելու ուղղությամբ` նկատելով իր թույլ տված կոպիտ վրիպումը եւ հին մեթոդներով փորձելով շտկել սխալը:

Այն, կարծես, արժեցավ ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր կարգավորման փորձերի հիմնահատակ խաթարումը, այլեւ նոր անվստահություն բերեց երկու պետությունների միջեւ: Թվում էր` Թրամփի ընտրությունը եթե չլուծի, ապա առնվազն չի շիկացնի ԱՄՆ-ՌԴ հակասությունները: Այսօր արդեն կարելի է փաստել, որ երկու տերությունները թեւակոխում են հակադրության մի նոր փուլ` սպառնալով կլանել աշխարհում գոյություն ունեցող ցանկացած հակամարտություն:

Ն. Հովսեփյան




Լրահոս