ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԸՆՏՐԵԼ ՀՀԿ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի «Ագրագյուղացիկան միավորում» հասարակական կազմակերպության անդամ ֆերմերները «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը որոշել է այս խորհրդարանական ընտրություններին սատարել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Բանն այն է, որ Բերբերյանը ՀԿ-ի անդամ ֆերմերներին, որոնց թիվը շուրջ 17.000 է, «հորդորում է» քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի հետ:

-Պարո՛ն Բերբերյան, «Ժողովուրդ»-ը ֆերմերներից, հատկապես կարտոֆիլագործներից տեղեկացավ, որ մտադիր եք խորհրդարանական ընտրություններում սատարել ՀՀԿ-ին:
-Խոսքը վերաբերում է մեր միավորման անդամ ֆերմերներին:
-ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի հատկապես ո՞ր կետն է Ձեզ այդպես ոգեշնչել, որ Դուք տվյալ կուսակցությանը սատարելու կոչով եք հանդես գալու:
-Այն, ինչ մեր գաղափարները ժամանակին ասել, հնչեցրել ենք, խոսքը հակակարկտային ցանցային համակարգի ներդրման, գյուղատնտեսության ապահովագրության եւ այլնի վերաբերյալ է, իրենք որդեգրել են: Օգտվել են, շատ լավ են արել, մնում է իրականացնեն: Նրանց գաղափարների մեծ մասը ուղղակի մեր սրտով են, համահունչ են: Կարծում եմ, մեր միավորման անդամ ֆերմերների աջակցությունը իրենց կպարտավորեցնի, որ այդ ծրագրերը առաջիկա տարիների ընթացքում ի կատար ածվեն:
-Դուք մշտապես քննադատում էիք կառավարության, մասնավորապես գյուղատնտեսության նախարարության աշխատանքը, իսկ հիմա աջակցում եք իշխող կուսակցությանը: Ի՞նչ է փոխվել:
-Որ ասեմ՝ մենք հիացած ենք գյուղատնտեսության նախարարության այսօրվա աշխատանքով, դա այդպես չէ: Այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք պարարտանյութերի բաշխման հետ կապված: Քանի որ գարնանացանը սկսվել է, իսկ գյուղացիների մեծ մասը դեռ պարարտանյութ չի ստացել: Իսկ ԳՆ-ն բերեց կիսատ-պռատ ռեկլամային մի երկու վագոն ցույց տվեց: Մինչդեռ փետրվար ամսին պարարտանյութը պետք է կուտակած ունենայինք հանրապետությունում, որը չի արվել…
-Այս ամենը հաշվի առնելով է՞լ սատարում եք ՀՀԿ-ին…
-Մենք մտածում ենք, որ տարբեր կուսակցություններ, քաղաքական ուժեր այսօր ինչ-որ խոստումներ են տալիս, թող բարի լինեն, նաեւ ներկայացնեն կառավարության իրենց կազմը: Այսպես թե այնպես, ՀՀԿ-ն կառավարության իր կազմն ունի, բայց չնայած սրան՝ բարեփոխման կարիք ունի: Եղածներից «Հայկական վերածնունդ» կուսակցությանը հո՞ չենք պաշտպանելու, որ հետո գյուղատնտեսության նոր նախարար բերեն, խցկեն: Մենք պաշտպանում ենք ՀՀԿ-ին: Իսկ ընդհանրապես կարծում եմ, որ գյուղնախարարը պետք է քաղաքականացված չլինի: Ամեն դեպքում, գյուղատնտեսությունը բոլորի համար է:
-Մյուս քաղաքական ուժերը եթե ներկայացնեն կառավարության իրենց կազմը, դա ի՞նչ կփոխի Ձեր որոշման մեջ:
-Շատ կուսակցություններ իրենց լիդերի հույսին են, բայց էդ լիդերների նշանակած կադրերին էլ լավ տեսանք: Գյուղատնտեսության քաբաբ սարքող նախարար էլ ունեցանք: Ուղղակի անուններ չեմ ուզում հնչեցնել: Բոլոր կուսակցություններին խորհուրդ եմ տալիս առանց կառավարության կազմ ունենալու ընտրարշավի չգնան: Թաքցնելով կազմը՝ ոչնչի չեն հասնի:
-Պարո՛ն Բերբերյան, վերջերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակեց ՀՀ հարյուրից ավելի դպրոցների, մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները, որտեղ նրանք հայտարարում էին, որ ցուցակագրել ու ձայներ են հավաքել ՀՀԿ-ի համար: Դուք նույնպե՞ս ֆերմերներին ցուցակագրել եք:
-Ո՛չ, մենք այդպիսի խնդիր չունենք: Մենք միասնական թիմ ենք: Միայն այդ հարցը «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի խորհրդում քննարկել ենք ու արդյունքների մասին առաջիկայում մենք հանդես կգանք հայտարարությամբ:
-Քննարկել եք ու միաձայն որոշում կայացրել՝ սատարել ՀՀԿ-ի՞ն:
-Միաձայն չէ, միայն խորհրդի 70 տոկոսն է նման որոշմանը կողմ արտահայտվել: Այսինքն՝ 8 կողմ ունենք եւ 3 դեմ:
-Խնդրում եմ նշեք, թե միավորման անդամ ֆերմերները քանիսն են:
-Միավորման անդամ ֆերմերները 17 հազարն են՝ կարտոֆիլագործներն ու բանջարագործները:
-Այսինքն՝ ընտրական գործընթացների հետ կապված՝ իրենցից յուրաքանչյուրի հետ առանձին աշխատելո՞ւ եք…
-Իհարկե, մեր մարզային մասնաճյուղերը մեր որոշումը կփորձեն կյանքի կոչել: Մարդ կա՝ կողմ է, մարդ էլ կա՝ դեմ: Մենք ընդամենը կոչով ենք հադես գալու: Մենք միասնական թիմ ենք, հատկապես կարտոֆիլագործ ֆերմերները:
-Պարո՛ն Բերբերյան, Ձեզ ՀՀԿ-ն պաշտո՞ն է խոստացել, դրա համար եք սատարում կուսակցությանը:
-Ես այն տարիքում եմ, որ ինձ պաշտոնը չի հետաքրքրում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՑ ԱՐՑԱԽ ԵՆ ՏԱՆՈՒՄ
Մարտի 27-ին Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ գործող պատգամավոր, ՀՀԿ-ից Տավուշի մարզի տարածքային թեկնածու Հակոբ Հակոբյանը Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական զբոսայգում հանդիպեց քաղաքի ընտրողների հետ: Հ. Հակոբյանի ելույթից հետո Նոյեմբերյանի մի բնակիչ պատգամավորին բողոքեց, որ սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանից ժամկետային զինծառայության մեկնող զինակոչիկների 70-80 տոկոսին ուղարկում են Արցախ, ո՞րն է դրա պատճառը: Հակոբ Հակոբյանն ասաց, որ Արցախում բնակչության եւ զինակոչիկների թիվը բավական քիչ է: Նրա խոսքերով՝ շատ ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր զինակոչիկ ծառայեր իր մարզի տարածքում: Արցախը, ինչպես նաեւ Տավուշի մարզը, երկար եւ վտանգավոր սահման ունի Ադրբեջանի հետ: Հակոբյանն ասաց, որ Արցախի սահմանը պետք է պահվի, զինակոչիկները չեն կարող չգնալ, Արցախում որքան սահմանապահ զինվորի պահանջ կա, այնքան Հայաստանից ուղարկում են: Ակնհայտ է, որ Արցախ ուղարկվող զինակոչիկների թիվը, ըստ մարզերի, ռազմական գաղտնիք է, որին Ազգային ժողովի պատգամավորը չի տիրապետում: Հավելենք, որ նոյեմբերյանցիները բազմիցս դժգոհություն են հայտնել, որ սահմանամերձ այդ տարածաշրջանից զինակոչիկների բացարձակ մեծամասնությանը Ղարաբաղ են ուղարկում:

 

 

 

ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ՏՆԻՑ ՏՈՒՆ
Քանի մոտենում է ապրիլի 2-ը, այնքան նախընտարական պայքարը թեժանում է: Տավուշի մարզի բազմաբնակարան շենքերի, այլ կառույցների պատերին ազատ տեղեր չեն մնացել, դրանք պատված են կուսակցությունների, դրանց դաշինքների, թեկնածուների նկարներով: Բազմաբնակարան շենքերի բնակարանների առջեւ գցում են տարբեր կուսակցությունների եւ թեկնածուների բուկլետներ: Վերջին օրերին շատացել են բնակարաններում սոցիոլոգիական հարցումներ անցկացնող երիտասարդների այցերը: Նրանք ներկայացնում են սոցիոլոգիական կազմակերպություններ, որոնց անունները հանրությանը ծանոթ չեն: Իրականում այդ կազմակերպություների հարցումները պատվիրել են Տավուշի մարզի տարածքային ցուցակի որոշ թեկնածուներ, որոնք այդ կերպ փորձում են ճշտել իրենց իրական վարկանիշը, այն բարձրացնելու, պատգամավոր ընտրվելու համար նախընտրական վերջին օրերին ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար: Այդ հարցումների արդյունքները վստահելի չեն կարող լինել, քանի որ հարցվող տավուշցիները սովոր չեն վստահել իրենց անծանոթ հարցում կատարողներին եւ նրանց անկեղծորեն հայտնել, թե ապրիլի 2-ին որ կուսակցությանը եւ թեկնածուին են իրենք ընտրելու:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս