ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտություններ: Եւ կարելի է ասել, որ ՀՀ ԱԺ-ն «ձեւավորվեց» համատարած ընտրակաշառքի եւ ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործման շնորհիվ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքների վրա ամենաէական ազդեցությունը հենց այս գործոններն ունեցան, դրան գումարած ռեյտինգային թեկնածուների անձնական հեղինակությունը: Արդյունքում ստացվեց այնպես, որ իշխող ՀՀԿ-ն կայուն մեծամասնություն կազմեց՝ ստանալով 771 հազար 247 ձայն, նրանց բաժին հասավ ԱԺ 105 մանդատներից 55-ը: Հիմա ՀՀԿ-ն կարող է միայնակ ձեւավորել կառավարություն, թեեւ որոշված է ՀՅԴ-ի հետ շարունակել կոալիցիոն համաձայնությունը: Իսկ, ընդհանրապես, այս խորհրդարանում տեղ ունի չորս քաղաքական ուժ` երկուսն իշխանական, երկուսը` ընդդիմադիր ճամբարից. ՀՀԿ-ից բացի՝ օրենքով սահմանված անցողիկ շեմը հաղթահարել են «Ծառուկյան» դաշինքը` 27.3 տոկոս, «Ելք» դաշինքը` 7.7 տոկոս եւ ՀՅԴ-ն` 6.5 տոկոս: Այս ընտրություններում աննախադեպ շատ էր նաեւ մասնակիցների թիվը. քվեարկել է ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիների 60 տոկոսը` 1 մլն 577 հազար 323 հոգի: Սա տարօրինակ ցուցանիշ է, քանի որ 2012թ. ԱԺ ընտրություններում քվեարկել էր 1 մլն 573 հազար 53 հոգի: Պաշտոնական վիճակագրությամբ՝ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 150.000-200.000 քաղաքացի:
Արձանագրենք նաեւ, որ նոր Սահմանադրությամբ՝ Հայաստանում այլեւս խորհրդարանական կառավարման համակարգ է, առաջնային պետական մարմինն այլեւս ԱԺ-ն է: Ու, փաստորեն, այն մեծամասամբ ձեւավորվեց 10 հազար դրամ ընտրակաշառքով: Թեեւ մյուս կողմից էլ ընտրություններում պարտված մյուս 5 ուժերը պետք է իրենց հարց տան` արդյո՞ք ազնվորեն արեցին ամեն ինչ` հասարակության վստահությունը շահելու համար:
Ի դեպ, ԱԺ առաջին նիստը կկայանա ապրիլի 27-ին, ինչը նախատեսված է հին ԸՕ-ով:

 

 

 
Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը նոր երանգներ է ստանում: Մանախը, որ ձերբակալվել էր «Ելք» դաշինքի անդամների վրա հարձակման գործով, չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ավելին` պնդել է, թե իր վրա են հարձակվել: Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար եւ վերջերս էր ազատ արձակվել բանտից: Երեկ նրա փաստաբան Հայկ Ալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Իրական տուժողը նշված դեպքից Արթուր Այվազյանն է, իսկ զենքը, որը ցուցադրվում է այժմ համացանցում, իրենը չի: Նա տեսել է դրոշը ընկած, մոտեցել, վերցրել է, խրել հողի մեջ, ինչից էլ սկսվել է վիճաբանություն, քաշքշուկ»: Փաստորեն, խիստ հայրենասեր, ազնիվ մի կերպար է Մանախը` իսկական քաղբանտարկյալ: Զենքն էլ, թերեւս, մոտիկից չի տեսել:

 

 

 
Այս տարվա առաջին երկու ամսվա ընթացքում Հայաստանում նվազել են տների առքուվաճառքի գործարքները: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ այս տարվա փետրվարին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 12 հազար 247 գործարք, որոնցից ամենաշատը գրանցվել է մայրաքաղաք Երեւանում: Մինչդեռ նախորդ տարի իրականացվել է 13 հազար 333 գործարք: «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ հրապարակումից տեղեկացավ նաեւ, որ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից վաճառքը կազմել է 25.8 տոկոս, այլ պետական գրանցումները՝ 29 տոկոս: Պաշտոնապես այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում բնակարանների վաճառքը 3.4 տոկոսով նվազել է: Իսկ ահա բնակարանների, տների գրավադրումը այս տարվա փետրվարին կազմել է 13.1 տոկոս՝ ավելանալով 1.9 տոկոսով: Հետաքրքիր է նաեւ, որ բնակարանների, տների վարձակալությունը նույնպես նվազել է: Մասնագետների պնդմամբ, այս ցուցանիշները պայմանավորված են հանրապետությունում առկա տնտեսական իրավիճակով եւ բնակչության արտագաղթով:

 

 

 
Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի տարելիցի օրն անցկացված ԱԺ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իշխանական թեկնածուները առանձնակի ոգեւորությամբ են նշել այդ իրադարձությունը: Ապրիլի 3-ի գիշերը՝ ժամը 2-3-ի սահմաններում, երբ արդեն տեղամասերից ստացվել էին առաջին ամփոփիչ արդյունքները, Երեւանի տարբեր հատվածներում հրավառություն էր կազմակերպվել: Այդպիսի ահազանգեր «Ժողովուրդ»-ը ստացել է Կենտրոն, Նոր Նորք եւ Զեյթուն համայնքներից, Սիլիկյան թաղամասից: Ավելորդ է հիշեցնել, որ ՀՀ կառավարության 2012 օգոստոսի 9-ի որոշման համաձայն՝ գիշերային ուշ ժամերին արգելվում է հասարակական վայրերում հրավառությունները: Հրավառությունների հնարավորության կանխատեսումը դեռ ամիսներ առաջ էինք արել` գրելով, որ անթույլատրելի է ապրիլյան քառօրյա պատերազմի՝ 100-ից ավելի զոհերի հիշատակի օրը հրավառություն կազմակերպել: Բայց պարզվում է` չօգնեց: Իսկ ՀՀ ոստիկանությունը, որ համացանցի ամեն գրառման օպերատիվ արձագանքում է, փորձում է հրավառության խայտառակ փաստը չտեսնելու տալ: Համենայն դեպս, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից ասացին, թե տվյալ իրավախախտման մասին ահազանգեր չեն ստացել: Երեւի ընտրություններով զբաղված խլացել կամ կուրացել էին, եւ նույնիսկ շրջիկները չէին լսել հրավառության համազարկերը:

 

 

 
ԹԹՈՒ ԽԱՂՈՂԸ
Ապրիլի 2-ի ընտրություններում ընդամենը 1,65 տոկոս քվե ստացած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հայտարարել է, թե այլ արդյունք ակնկալելը կլիներ քաղաքագիտական անգրագիտություն. «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ»,- ասել է ՀԱԿ առաջնորդը: Անշուշտ, ընդհանուր առմամբ Տեր-Պետրոսյանն իրավացի է, սակայն այստեղ հարց է առաջանում. եթե ՀԱԿ-ում ի սկզբանե այդքան վստահ էին, որ հավաքելու են 25.863 ձայն եւ քաղաքագիտորեն այդքան գրագետ էին, որ այլ արդյունք չէին էլ սպասում, այդ դեպքում ինչու էին առհասարակ մասնակցում ընտրություններին, ինչու էին ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը, մարդկանց ինչ-որ խոստումներ տալիս, հանրահավաք հրավիրում, իրենց համակիրներին հույսով անում: Ավելին՝ ինչու էր Տեր-Պետրոսյանը մեկ շաբաթում ամբողջ երկու հարցազրույց տալիս տարբեր հեռուստաընկերությունների՝ փորձելով ընտրողներին համոզել, որ իր առաջարկած խաղաղության ծրագիրն ամենալավն է:
Իրականում պարտությունից հետո նման հայտարարություններ անելը բավականին տխուր է դիտվում: Էլ ավելի տխուր է այն, որ ՀԱԿ առաջնորդը հեգնում է խորհրդարան անցած ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր ուժին՝ «Ելքը»-ին՝ նշելով. «Մեզ մնում է սպասել, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ելքը» ինչպես են վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու Հայոց բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը եւ կարգավորելու մեր ժողովրդի առջեւ կանգնած գլխավոր խնդիրը՝ Ղարաբաղյան հակամարտությունը»։ Նկատենք, որ առնվազն «Ելքը»-ը անիրագործելի խոստումներ չի տվել, հակառակը՝ իր կազմակերպված եւ ակտիվ աշխատանքի շնորհիվ, փաստորեն, կարողացել է հավաքել 7,78 տոկոս ձայն: Մինչդեռ ՀԱԿ-ը գրանցեց տրամագծորեն հակառակ դինամիկան: Նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ անգամ փակվող մարզային ճանապարհների պարագայում Ազատության հրապարակը տասնյակ հազարավոր հավատավոր քաղաքացիներով լցնող ուժն այս քարոզարշավի ընթացքում, առհասարակ, որեւէ նախաձեռնողականություն, որեւէ ստեղծագործ մոտեցում չցուցաբերեց:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի՝ երեկ արած մյուս «անառարկելի արձանագրմանը», այն է՝ «Հայ ազգային կոնգրեսին» հաջողվեց ղարաբաղյան կարգավորման խնդիրը դարձնել ՀՀ-ի քաղաքական օրակարգի հրատապ հարց, ապա նշենք, որ այդ խնդիրը նորանկախ Հայաստանի քաղաքական օրակարգում միշտ է եղել հրատապ հարց, անցած ապրիլյան պատերազմից ի վեր՝ էլ առավել: Իսկ թե որքանով Տեր-Պետրոսյանին հաջողվեց մեծացնել այդ հրատապությունը, ցավոք, ցույց են տալիս «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ստացած 1,65 տոկոս ձայները:




Լրահոս