Կենտրոնական զինհոսպիտալի պետն ազատվել է պաշտոնից. ինչ կապ ունի դա ընտրությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է Զինվորական կլինիկայի պետի պաշտոնից: Ըստ դեռևս չհաստատված տեղեկությունների` վերջինիս ազատումը պայմանավորված է եղել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ: Բանն այն է, որ նույն տեղեկությունների համաձայն` Արամ Ասատուրյանից պահանջվել է կոնկրետ թվով ձայն ապահովել, սակայն նրան չի հաջողվել:

Թեպետ, Ասատուրյանը մինչև վերջին պահը վստահ է եղել, որ շեմն ապահովել է: Եվ, ըստ երևույթին, միայն հաշվարկից հետո է պարզվել իրական պատկերը:

ArmLur.am-ն այս առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ Ասատուրյանից, սակայն մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան:

Իսկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ի պատասխան մեր հարցի` ասաց, որ նման պաշտոնյաների մասին մամուլին մեկնաբանություններ չեն տրվում:

Սակայն նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ո՛չ հերքեց մեր տեղեկությունը, ո՛չ հաստատեց:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ զինհոսպիտալում իր կադրերին աշխատանքի տեղավորելու մտադրություն ունի այդ տարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված և հաղթանակած Հարություն Կարապողոսյանը:

Թե որքանով Ասատուրյանի` պաշտոնից ազատումը կապ ունի սրա հետ, պարզ կդառնա առաջիկայում:




Լրահոս