ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ ԵՆ ԾԱԽՍՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները կարելի է համարել Հայաստանի պատմության մեջ ամենաթանկը: Այս ընտրություններն ամենաթանկն էին ե՛ւ օրինական, ե՛ւ ապօրինի եղանակով ծախսված գումարների առումով:

Ինչպես հայտնի է՝ ԱԺ ընտրությունները պատշաճ անցկացնելու նպատակով Հայաստանին հսկայական միջոցներ տրամադրեցին միջազգային կառույցները, մասնավորապես ԵՄ-ն ու ԱՄՆ-ը: Ընտրությունների կազմակերպման համար մեծ գումարներ տրամադրվեց ՀՀ պետական բյուջեից: Եվ, վերջապես, ընտրություններին մասնակից որոշ ուժերի ռեյտինգային թեկնածուները՝ ՀՀԿ-ականների գլխավորությամբ, ահռելի գումարներ ծախսեցին՝ որպես ընտրակաշառք:
Եվ այսպես՝ միջազգային դոնոր կազմակերպությունները Հայաստանին մոտ 10 մլն եվրո էին տրամադրել՝ հիմնականում ընտրությունների անցկացման համար համապատասխան տեխնիկասարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Այդ գումարի առյուծի բաժինը՝ 7 մլն-ը, հատկացրել էր ԵՄ-ն. դեռ տարեսկզբին ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել էր՝ շուրջ 4 մլն եվրո հատկացվել է ընտրողների ինքնության հաստատման տեխնոլոգիայի ներդրման, 2 մլն եվրոն՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման համար, իսկ վերջին 1 մլն եվրոն կտան ընտրություններից հետո՝ կախված դրանց որակից ու արդյունքներից: Ընդ որում, Սվիտալսկին նաեւ շեշտել էր. «Ընտրություններին աջակցելու համար ԵՄ-ն այսքան գումար եւ այսքան քաղաքական վստահություն չի ներդրել, որքան ՀՀ-ում»:
Ընտրական այս պրոցեսների կազմակերպման համար զգալի գումարներ էին հատկացվել նաեւ ՀՀ պետական բյուջեից՝ մոտ 90 մլն դրամ կամ 160 հազար եվրո. այս գումարը տրամադրվել է բյուջեից ու վերջինիս պահուստային ֆոնդից՝ մաս-մաս: Դրանք հիմնականում ծախսվել են քվեարկության օրը ընտրական հանձնաժողովի անդամներին ու ինքնությունը ստուգող սարքերը սպասարկողներին աշխատավարձեր տալու եւ, ընդհանրապես, այդ սարքերը պահպանելու, տեղափոխելու նպատակով: Նշենք, որ միայն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները ստանում են մոտ 50 հազար, հանձնաժողովների նախագահները՝ 100 հազար դրամ, իսկ ինքնությունը ստուգող սարքերն աշխատացնողները՝ 60 հազար դրամ:
Եւ այս ամենից բացի՝ հսկայական գումարներ են ծախսվել՝ որպես ընտրակաշառք. յուրաքանչյուր ընտրողին 10 հազարական դրամի չափով: Մոտավոր հաշվարկներով ընտրակաշառքի չափը տատանվում է 8-9 մլրդ դրամի կամ 15-20 մլն դոլարի սահմաններում: Այդ գումարի ճշգրիտ չափը դժվար է միանշանակ գնահատելը: Սակայն կարելի է իրականությանը մոտ հաշվարկներ անել: Ընտրակաշառք բաժանած ուժերը /իսկ թե որոնք են դրանք, ինքներդ լավ գիտեք/ միասին վերցրած ստացել են մոտ ավելի քան 1.360 մլն ձայն: Եթե նկատի ունենանք այն փաստը, որ նրանց ինքնակամ կամ ադմինիստրատիվ ճնշմամբ պատրաստ է եղել քվեարկել մոտ 30-40 տոկոսը՝ կուսակցությունների ակտիվը, թեկնածուների ազգական-բարեկամները, ապա ավելի քան 800-900 հազար մարդ պարզապես ընտրակաշառք է վերցրել: Իսկ այդ թիվը կազմում է 8-9 մլրդ դրամ՝ 15-20 մլն դոլար: Հետեւությունները թողնում ենք ընթերցողներին: Ու պետք է ասել, որ այս անգամ ընտրակաշառքը լիովին ծառայեց նպատակին: Նախորդ ընտրությունների փորձից արվել էին հետեւություններ, այս անգամ ընտրակաշառքը բաժանվեց առավել քան բյուրեղացված մեխանիզմով: Արդյունքում՝ մարդիկ վերցրին գումարն ու ընտրեցին իրենց վճարողին, շատ քչերին հաջողվեց խաբել կամ խույս տալ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այս անգամ ընտրակաշառքը բաժանել են «տասնապետները»՝ յուրաքանչյուրը 10, առավելագույնը՝ 15 հոգու: Ընտրակաշառքը բաժանվել է մարդկանց տներում, ծայրահեղ դեպքում՝ շտաբներում: Սա, մեր աղբյուրների վկայությամբ, հնարավորություն է տվել նախ ընտրակաշառքը բաժանել աննկատ, քանի որ նախկինում այս ամենն արվում էր տեղամասերի մոտ՝ մեքենաների մեջ, որոնցով ընտրողներին «բերման էին ենթարկում», եւ լրագրողներն էլ «նենգաբար բռնացնում» էին հանցանքի վայրում, տեսանկարահանում, ի ցույց դնում փաստերը: Ընտրակաշառքը բաժանվել է քվեարկության նախորդող երեկոյան՝ հանձնարարականով, որ առավոտյան ժամը 8-9-ը մարդիկ ներկայանան քվեարկության: Դե, իսկ մի շարք ընտրատեղամասերում էլ պարզապես վերահսկվել է քվեարկության պրոցեսը, բաց քվեարկություններ են իրականացվել:
Ի դեպ, այս փաստն աննկատ չի մնացել միջազգային հանրության աչքից: ԵՄ-ն այսպես է գնահատել ընտրությունների արդյունքները. «Ընտրությունները լավ կազմակերպված էին, եւ ընդհանուր առմամբ առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: Այդուհանդերձ, ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն առ այն, որ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների եւ մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը: Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը»: Ընտրակաշառքի մասին ասված է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ. «ԱՄՆ դեսպանությունը համամիտ է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական գնահատման հետ, որտեղ նշվում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, եւ ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար ազատությունների հանդեպ՝ միաժամանակ նկատելով, որ «ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն» ու ընտրողների վրա գործադրված ճնշումները: Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում ենք աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այս մտահոգությունները»:
Այլ կերպ ասած՝ միջազգային կառույցների տրամադրած գումարները, որոնք պետք է օգնեին լավ ընտրություններ անցկացնելուն, իրենց նպատակին լիարժեք չեն ծառայել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Մարտի 30-ից մեկնարկել է մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումների փուլը: Մինչեւ ապրիլի 9-ը այն քաղաքական ուժերը, որոնք պետք է մասնակցեն ավագանու ընտրություններին, հնարավորություն ունեն փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ: Միայն թե երեկվա դրությամբ ԿԸՀ-ում դեռ որեւէ առաջադրում չկար. ամենայն հավանականությամբ, քաղաքական ուժերը փորձում են դուրս գալ խորհրդարանական ընտրությունների սթրեսային իրավիճակից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որեւէ քաղաքական ուժ հստակ չհայտարարեց, թե ով է լինելու իրենց թեկնածուն, եւ, ընդհանրապես, արդյոք մասնակցելու են ընտրություններին, թե ոչ: Կարելի է ենթադրել, որ ԱԺ մտնելու համար օրենքով սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններն ու դաշինքները կմասնակցեն այդ ընտրություններին, եւ հիմնական խնդիրը մյուս ուժերի հետ է կախված: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ամենակողնորոշվածը գտնվեց եւ հստակորեն տեղեկացրեց, որ իրենք չեն մասնակցելու այդ ընտրություններին, թե որն է պատճառը, կուսակցապետ Տաճատ Սարգսյանը որեւէ կերպ չպարզաբանեց: Նշենք նաեւ, որ ապրիլի 9-ից մինչեւ ապրիլի 14-ը ԿԸՀ-ն կիրականացնի ներկայացված ցուցակների գրանցումը: Ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 21-ից:

 

 

«ՏԱՇԻՐ»-Ը ԿԳՆԻ ՀԷՑ-Ի 69.99 ՏՈԿՈՍԸ
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69,99 տոկոս բաժնետոմսերը «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու համար: Վաղը տեղի ունեցող ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվելու լիազորել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին ՀՀ կառավարության անունից ստորագրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69,99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցման պայմանների համաձայնությունը:

 

 

ՉՑԱՆԿԱՑԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
«Սասնա ծռեր» խմբավորման անդամները բոյկոտել են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը եւ նրա որդին՝ Արամ Մանուկյանը, չնայած իրավունք են ունեցել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, սակայն հրաժարվել են գնալ ընտրության, որը իրականացվել է ՔԿՀ-ի ներսում: Ավելին՝ պարզեցինք, որ ապրիլի 2-ի ընտրություններին չի մասնակցել նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանը:

 

 
ՄԵԾ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը Tweeter-ի իր պաշտոնական միկրոբլոգում շնորհավորել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀԿ գրասենյակից: ԵԺԿ նախագահը, մասնավորապես, նշել է. «Իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարած մաքուր հաղթանակի առիթով: Մեծ վստահությունը ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որպեսզի իրականացվող բոլոր անհրաժեշտ բարեփոխումներից օգտվեն քաղաքացիները, եւ բարելավվի ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը»: Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը Եվրոպայի ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական ընտանիքն է, որ միավորում է աջակենտրոն եւ քրիստոնեադեմոկրատական 79 կուսակցություն 41 երկրներից: ԵԺԿ անդամ են հանդիսանում Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի եւ Եվրոպական խորհրդի նախագահները, Եվրահանձնաժողովի 13 հանձնակատար, ԵՄ անդամ 7 եւ ոչ ԵՄ անդամ 7 պետությունների ղեկավարներ: ԵԺԿ-ն ունի նաեւ ամենամեծ խմբակցությունը Եվրոպական խորհրդարանում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ անդամ է 2012 թվականից:

 

 

ՍԱ ԷԼ ԵՄ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Եվրամիությունը հայտարարում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը: «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ ընտրությունները լավ կազմակերպված էին, եւ ընդհանուր առմամբ առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: Այդուհանդերձ, ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն առ այն, որ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների եւ մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը: Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը: Չնայած որոշ ոչ նշանակալի տեխնիկական խնդիրների առկայությանը՝ դիտորդներն արձանագրել են քվեատուփերի լցոնման, բազմակի քվեարկության, քվեների հաշվարկի եւ աղյուսակավորման վերաբերյալ իրավախախտումների ավելի քիչ դեպքեր», – ասված է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հայտարարությունում:




Լրահոս