Աշտարակում ոստիկանը ծեծի է ենթարկել ցուցմունք տալ հրաժարվող քաղաքացուն

Աշտարակում ոստիկանը ծեծի է ենթարկել ցուցմունք տալ հրաժարվող քաղաքացուն

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Այսպես, հիշյալ գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով`  Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի տեսախցիկները կոտրելու դեպքի վերաբերյալ նույն գյուղի բնակիչ Ժորա Ն.-ի ահազանգով վերջինիս բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի երեք աշխատակիցներ` դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Սակայն Ժորա Ն.-ն, ով գտնվել է ալկոհոլ օգտագործած` ոչ սթափ վիճակում, հրաժարվել է բացատրություն տալուց, չի ենթարկվել ոստիկանների պահանջներին, վեճի է բռնվել և բռնություն գործադրել նրանց նկատմամբ, որի հետևանքով Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վարդան Թ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել: Ժորա Ն.-ն ձերբակալվել է:

Միջադեպից հետո Ժորա Ն.-ն, ինչպես նաև նրա կինն ու որդին ցուցմունքներ են տվել այն մասին, որ վիճաբանության նախաձեռնողը եղել է ոստիկանության օպերլիազոր Վարդան Թ.-ն, ով առաջինն է վիրավորել և հարվածներ հասցրել Ժորա Ն.-ին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել:

Այսպիսով, քրեական գործով օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: