Վարչապետը լավագույն դեպքում կարող է խաղալ արտերկրի հայ գործարարների հայրենասիրական զգացմունքների վրա. գործարարները երկար չեն դիմանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը պատրաստվում է «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային ֆոնդի հետ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրել: Կառավարության երեկվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց այդ հուշագրի նախագծի ստորագրման որոշումը, եւ ինչպես հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը. «Ֆոնդը ոչ միայն նպաստելու է ներդրումների ներգրավմանը, այլեւ բերելու է բիզնեսի նոր մշակույթ: Ֆոնդի անդամները բավականին ճանաչված, հաջողակ բիզնեսմեններ են, ունեն լայն շրջանակներ, բազմաթիվ գործընկերներ տարբեր երկրներում, եւ նրանք հանդիսանալու են կամուրջ մեր եւ այդ երկրների բիզնես համայնքի միջեւ: Մաքսիմալ աջակցություն ենք ցուցաբերում ֆոնդի կայացմանը ու սերտ համագործակցում»:

Հայտնի փաստ է՝ վերջին տարիներին Հայաստանում օտարերկրյա ներդրումները գնալով միայն պակասել են. մի հանգամանք, որը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Բավական է միայն նշել, որ 2014թ. օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 117 մլրդ 202.3 մլն դրամ, 2015թ. այդ թիվը նվազել էր՝ դառնալով 70 մլրդ 418.7 մլն դրամ, իսկ ահա 2016թ. հասել էր 62 մլրդ 679.3 մլն դրամի: Իսկ մի երկրում, որի տնտեսության մեջ ներդրումներ չեն արվում, բնական է՝ տնտեսությունը պարզապես չի կարող զարգանալ, դեռ ավելին՝ ետընթաց է ապրում: Այնպես որ, իշխանությունները պետք է ջանք ու եռանդ չխնայեն Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու եւ օտարերկյա ներդրողներին գրավելու համար: Մի բան, որ այսօր օդ ու ջրի նման հարկավոր է Հայաստանին:

Հիմա «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի հետ ստորագրվելիք հուշագրում խնդիր է դրված խթանել ներդրումները հետեւյալ ոլորտներում՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների եւ ծառայությունների զարգացում, էներգետիկայի եւ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացում, հանքարդյունաբերության զարգացում, քաղաքային ենթակառուցվածքների ու ծառայությունների զարգացում, ՏՀՏ-ի եւ ՏՀՏ ենթակառուցվածքների զարգացում, մշակող արդյունաբերության զարգացում:

Հուշագրում նաեւ նշված են այն իրականացնելու ուղիները, մասնավորապես «Ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրագործման նպատակով Ֆոնդը պարտավորվում է ուսումնասիրել թիրախային ոլորտները եւ ներգրավել համապատասխան ներդրումներ: Ֆոնդը պարտավորվում է վեր հանել եւ բացահայտել ներդրումների ներգրավման բոլոր խոչընդոտները եւ դրանք ներկայացնել կառավարության քննարկմանը» եւ այլն:

Սակայն արդյո՞ք նման հուշագրեր ստորագրելը կամ ստորագրված հուշագրում առկա դրույթների իրագործումը բավարար է ներդրողներին գրավելու եւ Հայաստան գումարներ բերելու համար: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Ի վերջո, 2015թ. հոկտեմբերին էլ կառավարությունը ներումային քաղաքականության հայեցակարգ ընդունեց, այնտեղ բավական գեղեցիկ խոսքեր ու խոստումներ գրեց, բայց միեւնույն է՝ իրավիճակը դրանից չփոխվեց, ընդհակառակը, ներդրումների ծավալները շարունակեցին նվազել:

Այստեղ շատ կարեւոր է ախտորոշել Հայաստանում ներդրումների նվազման պատճառները, որից հետո շատ ավելի հեշտ կլինի որոշել, թե ի՞նչ է պետք անել գումարներ բերելու ուղղությամբ: Իսկ Հայաստանում ներդրումները նվազում են մի քանի պատճառով. նախ՝ հարկային դաշտը Հայաստանում, մեղմ ասած, անբարենպաստ է, եւ 15 հարկատեսակի փոխարեն կարելի է սահմանել 5-6-ը: Լուրջ խնդիր է նաեւ տնտեսական ոլորտի օրենսդրական դաշտի անկայունությունը. ե՛ւ տնտեսագետները, ե՛ւ մամուլը շատ են խոսել այն մասին, որ տնտեսական ոլորտի օրենսդրությունն այս տարիներին պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների, ընդ որում՝ այդ փոփոխությունները շատ հաճախ կրել են հիմնավոր բնույթ:

Բավական է միայն նշել, որ այս գումարման խորհրդարանը տնտեսական ոլորտի օրենսդրության մեջ 200 փոփոխություն է արել: Օտարերկրյա ներդրողներին վանող հանգամանք էլ արդարադատության ոլորտում տիրող վիճակն է՝ անկախ դատական համակարգի բացակայությունը. իրավիճակ, որի պարագայում օտարերկրյա բիզնեսն իրեն պաշտպանված չի զգում: Եւ, վերջապես, ամենակարեւորը՝ ԼՂ խնդրի լուծված չլինելը, Ադրբեջանի հետ կիսապատերազմական վիճակում գտնվելը, հարեւան պետությունների հետ սահմանների փակ լինելը չի կարող օտարերկրյա ներդրողների համար որեւէ կերպ գրավիչ դարձնել երկիրը: Ի վերջո, ցանկացած մարդ առաջին հերթին ապահովություն է փնտրում, առավել եւս, ապահովություն է փնտրում, երբ փորձում է իր գումարները ներդնել որեւէ երկրում:  Իսկ մի երկրում, որտեղ մշտապես առկա է պատերազմի սպառնալիք, ապահովության մասին խոսելն անիմաստ է:

Ի դեպ, ստորագրվելիք հուշագրում դրույթ կա, ըստ որի, ներդրումային ֆոնդը «պարտավորվում է վեր հանել եւ բացահայտել ներդրումների ներգրավման բոլոր խոչընդոտները եւ դրանք ներկայացնել կառավարության քննարկմանը»: Ու վստահաբար կարելի է ասել՝ եթե կառավարությունը կարող է քաղաքական կամք ցուցաբերել, եւ ենթադրենք՝ տնտեսական, հարկային դաշտում, արդարադատության ոլորտում բարեփոխումներ անել, ապա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում անելիքներ ունի առաջին հերթին Սերժ Սարգսյանը:

Իսկ մինչ այդ կառավարությունը, վարչապետը կարող են լավագույն դեպքում, խաղալով արտերկրի հայ գործարարների հայրենասիրական զգացմունքների վրա, համոզել նրանց՝ ներդրումներ անել Հայաստանում, բայց այդ ներդրումները մեծ ծավալների չեն հասնի, եւ հետո՝ այս իրավիճակում գործարարներն էլ երկար չեն դիմանա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս