Աչաջրեցիններին «գցել են». գյուղացիները դատարան կդիմե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. սեպտեմբերին Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ Բարեղամ Բադալյանը մեկնել է Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր գյուղ, ուր որպես Գարիկ ներկայանալով՝ ծանոթացել, մտերմացել է Աչաջրում պարտաճանաչ մարդու համբավ ունեցող Նշան Գասպարյանի հետ: Բ. Բադալյանը նրան համոզել է համագյուղացիների մոտ միջնորդել, որպեսզի հետագայում վճարելու պայմանով իրեն արքայանարինջ վաճառեն: Ն. Գասպարյանը աչաջրեցիներ Գառնիկ Շահնազարյանին, Սվետլանա Ստեփանյանին, Կարեն Քոքոբելյանին, Հովհաննես Սարիբեկյանին, Նարինե Փիրումյանին, Էմիլյա Սաղաթելյանին, Լյուդմիլա Օհանյանին, Ռուբեն Սաքանյանին, Անահիտ Դովլաթբեկյանին, Սարիբեկ Ասլիբեկյանին, Գարեգին եւ Լիպարիտ Սարուխանյաններին խնդրել է, որ գումարը մի քանի օրից վճարելու պայմանով արքայանարինջ վաճառեն:

Նշված անձինք, վստահելով Ն. Գասպարյանին, ընդհանուր 1943 կգ արքայանարինջ են տվել Բ. Բադալյանին, որի դիմաց պետք է ստանային 371 հազար 800 դրամ: Բարեղամը, սակայն, անհետացել է, իսկ խաբված աչաջրեցիները ստիպված դիմել են ոստիկանություն: 2016թ. հունվարի 13-ին ոստիկանության Իջեւանի բաժնում ՀՀ քր. օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քր. գործ: 2016թ. հունիսի 8-ին Բ. Բադալյանը 178 հոդվածի 1-ին մասով նախատեսված 5 ավարտված հանցանքներ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել: Նկատի ունենալով, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, Բ. Բադալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նշված պատճառով 2016թ. հուլիսի 16-ին քր. գործով վարույթը կասեցվել է:

Արդեն 2017թ. հունվարի 20-ին քր. գործով վարույթը վերսկսվել է, Բ. Բադալյանը ցուցմունք է տվել, որ աչաջրեցիներից վերցված արքայանարինջը տեղափոխել է Արարատի մարզ՝ ավելի թանկ վաճառելու նպատակով, սակայն չի կարողացել, մրգի մի մասն էժան է վաճառել, մյուս մասը փչացել է, դեն է նետել: Նա հայտնել է, որ ինքը ցանկացել է աչաջրեցիների պարտքը վերադարձնել, սակայն գումար չի ունեցել, առաջին իսկ հնարավորության դեպքում այդ պարտքերը կմարի: 2017թ. փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա. Ղազարյանը տուժած աչաջրեցիներին հայտնել է, որ Բ. Բադալյանի կողմից խաբեությամբ արքայանարիջ հափշտակելու դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը կասեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Տուժած աչաջրեցիներն այդ որոշման դեմ բողոք են ներկայացրել Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանին, որը, սակայն, մարտի 13-ին մերժել է բողոքը: Տուժածներից Գ. Շահնազարյանը «ժողովրդին» հայտնեց, որ Բ. Բադալյանի խարդախություններից հանրապետության տարբեր բանկեր, վարկային կազմակերպություններ, ֆիզիկական անձինք են տուժել:

Բարեղամը մի եզդիից խաբեությամբ 50 ոչխար է հափշտակել, Աչաջուր գյուղից՝ 30 խոճկոր, 100 կգ տավարի միս, թթի օղի: Գ. Շահնազարյանը համոզված է, որ Բ. Բադալյանը հովանավոր ունի, որը հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից: Իրավապահները տուժած աչաջրեցիներին խորհուրդ են տվել վնասի բռնագանձման հայցով դատարան դիմել, սակայն Գ. Շահնազարյանը վստահ է, որ Բ. Բադալյանն անձնական ունեցվածք չունի, նրա գտնվելու վայրն էլ անհայտ է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս