Դաշտային մկները վնասում են զորավանցիների այգիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչները պայքարում են դաշտային մկների դեմ: Բանն այն է, որ դրանք վնասում են գյուղի բնակիչների պտղատու այգիները:

Զորավանի գյուղապետ Բաղդասար Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շտապեց հայտարարել, որ դաշտային մկների դեմ իրենք ամեն տարի պարտադիր միջոցներ են կիրառում: Սակայն մկների դեմ գյուղապետի կիրառած միջոցները այս գարնանը այդքան էլ արդյունավետ չեն եղել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դաշտային մկները վնաս են հասցրել զորավանցի Շանթ Սարգսյանի պտղատու այգուն: «Դրանց դեմն առնում ենք, ե՛ւ աշնանը, ե՛ւ գարնանը մենք պտղատու այգիներում դեղեր ենք դնում: Ուղղակի այդ բնակչի այգու ծառերին շատ էր վնաս տվել: Ըստ այդ բնակչի՝ իր այգու ծառերը մկները 70 տոկոսով վնասել են»,- ներկայացրեց Բ. Թովմասյանը: Նա, սակայն, զրույցի ընթացքում հայտնեց, որ գյուղապետարանը չի պատրաստվում փոխհատուցել Շանթի կրած վնասները:

«Պետք է ինքը հետեւի իր այգուն: Պետությունը ոնց կարող է գալ ու պահակ կանգնել քաղաքացու այգուն, որ մկները չկրծեն ծառերը: Բայց այս տարի մենք իրեն հատկացրել ենք համապատասխան դեղամիջոցները»,- տեղեկացրեց գյուղապետը:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ դաշտային մկների դեմ համապատասխան դեղամիջոցը յուրաքանչյուր տարի մարզպետարանները բաշխում են գյուղապետարաններին: Իսկ վերջիններս էլ իրենց հերթին ստացած մկնդեղը բաժանում են բնակիչներին, նրանց, ովքեր ունեն պտղատու այգիներ: Զորավանի գյուղապետի պատմելով՝ իրենք այս տարվա համար նախատեսված մկնդեղը մարզպետարանից արդեն ստացել են եւ բաժանել բնակիչներին: «Միշտ էլ մկներ եղել են, բոլոր գյուղերում էլ դրանք կան: Չկա մի գյուղ, որ մուկ չունենա: Ձյունը, որ հաստությամբ նստում է, մկները սկսում են ձյան տակ աշխատել, իրենք խնձորի ծառին են միայն մոտ գնում: Դրանք ծիրանի կամ տանձի ծառերին վնաս չեն տալիս, իսկ խնձորի ծառի կեղեւը քաղցր է, դրա համար են շատ խնձորի ծառ կրծում: Տարիներ շարունակ մկների դեմ միշտ էլ այդ պայքարը եղել է: Ուղղակի այս տարի մկները մի քիչ ակտիվ էին, դե, մենք էլ ակտիվ ձեւով պայքարել ենք դրանց դեմ»,- վստահեցրեց գյուղապետը:

«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ եղե՞լ են դեպքեր, երբ դեղն անարդյունավետ է գործել կամ էլ ժամկետանց է եղել: Հարցին ի պատասխան՝ գյուղապետն ասաց. «Նման բան չի եղել, դեղը լավ էլ օգնել է: Ուղղակի մարդիկ կան, որոնք դեղի նախատեսված չափաքանակից ավել են լցնում՝ մտածելով, որ շատ տան դեղ՝ մկները շուտ կսատկեն: Բայց եթե դոզան շատ է չափաքանակից տրվում, ապա մուկը հետ է տալիս ու այն չի ազդում: Դրա համար դոզան պետք է քիչ տաս, որ ուտի ու սատկի»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս