10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻՑ ԿԱԽՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների մասին միջազգային դիտորդական առաքելություններն ու Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանատները համակարծիք են. ընտրությունների արդյունքների վրա հիմնական ազդեցությունն ունեցել է համատարած բաժանված ընտրակաշառքը: Այդ մասին խոսել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ապրիլի 4-ի նախնական զեկույցում, այդ մասին շեշտել են ընտրություններից հետո իրար հաջորդած հայտարարություններում Եվրամիությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, իսկ երեկ էլ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարության մեջ էր նշված ընտրություններում ընտրակաշառքի ազդեցության մասին: «Մենք, այսուհանդերձ, հաշվի ենք առնում ընդհանուր ընտրական գործընթացին վերաբերող բողոքներն ու պնդումները եւ խրախուսում պատկան մարմիններին արդյունավետ կերպով ուսումնասիրել դրանք»,- ասված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան՝ երեկվա հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից մի քանի օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ դեսպանատները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով ընտրողներին ահաբեկելու, քվեները գնելու փորձերի եւ վարչական ռեսուրսի կիրառման փորձերի վերաբերյալ` նախազգուշացնելով, որ ընտրությունների մասին իրենց գնահատականը «չի սահմանափակվելու միայն քվեարկության օրն իրականացված ընտրական ընթացակարգերի դիտարկմամբ»: Ու, փաստորեն, իշխանությունները պարզապես անտեսեցին այս նախազգուշացումն ու շարունակեցին ընտրակաշառք բաժանելը: Ավելին` այսօր ընտրակաշառքի մասին ահազանգում են նաեւ նույն ՀՀԿ-ականները` ընդ որում, խոսելով ե՛ւ իրենց կուսակցության, ե՛ւ ուրիշ ուժերի կողմից ընտրակաշառքի բաժանման մասին:
Մեզ մնում է այսքանից հետո արձանագրել, որ Հայաստանի նոր խորհրդարանը, ըստ այդմ՝ նաեւ ՀՀ իշխանությունը, մեծապես ձեւավորվել է կոռուպցիայի միջոցով:

 

 
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարել է, թե կառավարությունն այսուհետ աշխատելու է արտակարգ ռեժիմով. «Մեր թիմը ստացել է փոփոխություններ անելու քվեն, այդ պատճառով իմ հորդորը բոլոր իմ թիմակիցներին՝ աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ՝ ե՛ւ պատասխանատվությունը, ե՛ւ համապատասխան ջանքերը, ե՛ւ բոլոր մեր գործողությունները: Այնպես որ, ուրախացնում եմ ձեզ՝ մեր աշխատանքային ռեժիմը ավելի է ծանրանում»: Սակայն վարչապետի թիմի նախարարները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել են, որ իրենք մինչեւ օրս էլ այդպիսի ռեժիմով են աշխատել: Ու տպավորություն է, թե վարչապետի հայտարարություններն ընդամենը PR-ի համար էր արվել: «Իմ կարծիքով, ուղղակի սա երեւի ազդակ էր, որ նույն տեմպերով շարունակենք»,- ասել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքերով. «Մինչեւ այդ էլ արտակարգ ռեժիմով ենք աշխատել, տենց էլ աշխատելու ենք, դա հիշեցում էր»:

 

 

 
Նախորդ տարի եւս նվազել են Հայաստանում օտարերկրյա ներդրումները: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ եթե 2015թ. ընթացքում իրականացվել էր 69 մլրդ 426.8 մլն դրամի ուղղակի ներդրում, ապա 2016թ. ներդրումների ծավալները նվազել են 6.7 մլրդ դրամով եւ կազմել 62 մլրդ 679.3 մլն դրամ: Ավելին՝ ինչպես «Ժողովուրդ»-ը պարզեց Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներից՝ նախորդ տարվա ընթացքում մեր հիմնական տնտեսական գործընկեր երկրներից ՌԴ-ն Հայաստանից դուրս է հանել իր կապիտալը: Ռուսական կապիտալի արտահոսքը կազմել է 26.2 մլրդ դրամ կամ մոտ 55 մլն դոլար: Ու, ընդհանրապես, Հայաստանից գումարների արտահոսքը գնալով միայն ավելանում է: Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ եթե 2015թ. ՀՀ-ից գումարի արտահոսքը եղել է 760 մլն 992 հազար ԱՄՆ դոլար, ապա 2016թ. այն ավելացել է` դառնալով 816 մլն 982 հազար դոլար. ցուցանիշներ, որոնք բավական մռայլ պատկեր են ստեղծում:

 

 

 
ԱԺ ընտրություններում Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի երկու ընտրատեղամասերում հավաքած ձայների թվով առաջին տեղում ՀՀԿ-ն է, երկրորդ տեղում՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: 14/51 եւ 14/52 ընտրատեղամասերում ՀՀԿ-ն հավաքել է 426 ձայն, իսկ «ՕՐՕ» դաշինքը՝ 178 ձայն: Այս արդյունքը հետաքրքիր է այն առումով, որ Ջրառատը նախընտրական քարոզարշավի ամենաթեժ կետերից էր. հիշում եք՝ իրար հաջորդեցին երկու միջադեպ ՀՀԿ-ական գյուղապետի, նրա թիմակիցների եւ մյուս կողմից՝ «ՕՐՕ» դաշինքի համակիրների միջեւ, իշխանության ներկայացուցիչներն անգամ գործի դրեցին հրազեն՝ երիտասարդներին հասցնելով մարմնական վնասվածքներ: Որոշ ժամանակ անց միջադեպի մասնակիցները հաշտության եկան, ու հիմա փորձ է արվում այդ կրակոցների գործը կոծկել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործով հարցաքննվել է փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը, որը միջադեպի մասնակից կողմերից մեկն էր, եւ բացատրել, թե հաշտվել են՝ «ամեն ինչ անցած է»: Իսկ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը, որն ինքնաձիգից կրակոցներ էր արձակել, դեռ կալանավորված է:

 

 

 
ԻՆՔՆԱԽԱԲՎԱԾՆԵՐԸ
Երբ անցած սեպտեմբերին հաջողվեց հասնել 4+4+4 ձեւաչափով երկրորդ համաձայնությանը՝ նոր ընտրական օրենսգրքի շուրջ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, հատկապես ՀԱԿ-ը որպես մեծ հաղթանակ ներկայացրին այն, որ իշխանությունը, ի վերջո, գնաց այդքան ցանկալի զիջմանը՝ համաձայնելով ընտրություններից հետո հրապարակել ստորագրված ցուցակները: Մինչդեռ այն ժամանակ արդեն շատ փորձագետներ նշում էին, որ այդ ցուցակների հրապարակումն առանձնապես մեծ բան չի տալու, քանի որ գործնականում հնարավոր չի լինելու կարճ ժամանակահատվածում ստուգել ամբողջ բազան եւ վեր հանել անհամապատասխանությունները:
Սակայն այդ ժամանակ ոչ միայն ընդդիմադիր պատգամավորները, այլեւ անգամ վերը նշված ձեւաչափով քննարկումներին մասնակցող քաղհասարակության ներկայացուցիչներից ոմանք նշում էին, որ դա շատ կարեւոր գործիք է, եւ ստորագրված ցուցակների հրապարակմամբ հնարավոր կլինի վեր հանել բոլոր անհամապատասխանությունները:
ԿԸՀ-ն, ինչպես հայտնի է, ապրիլի 4-ին հրապարակեց այդքան սպասված ստորագրված ցուցակները, եւ ի՞նչ: Քանի՞ քաղաքական ուժ կամ հասարակական կազմակերպություն կարողացան ուսումնասիրել այդ ցուցակներն ու արձանագրած անհամապատասխանությունների հիման վրա դիմել ԿԸՀ-ին բողոքարկելու համար: «Ժողովուրդի» հարցմանն ի պատասխան՝ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչներն էլ ընդամենը հայտարարել են, թե իրենք դեռ ուսումնասիրում են այդ ցուցակները եւ եզրակացությունները կասեն ավելի ուշ: Այստեղ են ասել՝ ուսումնասիրում եք, որ ի՞նչ անեք: Եթե ցուցակների բողոքարկման վերջնաժամկետը արդեն սպառվել-ավարտվել է, դուք էլ չեք հասցրել դրանցում առկա անճշտություններ գտնել, էլ իմաստը ո՞րն է, ո՞ւմ են պետք լինելու ճաշից հետո մանանեխի վերածված ձեր եզրակացությունները:
Իրականում ի սկզբանե էլ պարզ էր, որ բողոքարկման համար հատկացված մեկ օրից էլ պակաս ժամկետում պրակտիկորեն անհնար էր լինելու անճշտությունները գտնել եւ դրանց ընթացք տալ, սակայն ընդդիմությունը անհասկանալիորեն փոխանակ պնդելու, որ գոնե բողոքարկման համար ավելի շատ ժամանակ տրվի, ինքնախաբեությամբ տարված՝ տոնում էր իր «հաղթանակը» եւ հայտարարում, որ այս տեսքով ընտրական օրենսգիրքը ընտրակեղծիքները նվազագույնի հասցնող հեղափոխական փաստաթուղթ է:
Սա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանությունները շատ ավելի հեռատես եւ հաշվարկված էին իրենց քայլերում: Ի սկզբանե կարողանալով ընդդիմության ուշադրությունը սեւեռել երկրորդային կարեւորության հարցերի վրա, որոնց շուրջ ամիսներ շարունակ բանակցելով եւ անզիջող կեցվածք ընդունելով՝ ի վերջո արեցին ինչ-ինչ զիջումներ, այդ ընթացքում ամբողջովին մոռացության մատնեցին հարցերի հարցը՝ ռեյտինգային ընտրակարգը, որտեղ էլ հենց թաղված էր շան գլուխը:




Լրահոս