Որևէ օլիգարխի անպատվելու փոխարեն՝ լավ կլինի հանրային դիսկուրսը կենտրոնացնել աշխատանքային իրավունքների վրա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սաս գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի ղեկավարած ընկերության աշխատակիցների եւ տնօրինության նախընտրական ժողովի սկանդալային ձայնագրությունը շարունակում է մնալ հանրային քննարկումների առարկա: Այսօր շատ է խոսվում այն մասին, թե ով է մեղավոր այս իրավիճակում՝ «Սաս գրուպի» տնօրինությունը, որը պարտադրում էր Արտակ Սարգսյանի օգտին ձայներ հավաքագրել, թե այն աշխատակիցները, ովքեր թույլ էին տալիս իրենց հետ նման կերպ վարվել:

Ընդ որում, երկու դեպքում էլ ներկայացվող մեղադրանքների կողքին հնչեցվում են արդարացումներ առ այն, որ Հայաստանում այսօր բոլոր օլիգարխները, գործարարները, էլ չասած՝ պաշտոնյաները, հենց նման կերպ են վարվում իրենց կոլեկտիվի անդամների հետ, եւ պետք չէ առանձնապես թիրախավորել Սասի Արտակին: Մյուս կողմից էլ՝ շատերը նշում են, որ այսօրվա պայմաններում աշխատատեղ ունենալն արդեն իսկ մեծ բարեբախտություն է, եւ պետք է ըմբռնումով մոտենալ իրենց հանապազօրյա հացը կորցնել չցանկացող աշխատակիցների հնազանդությանը:

Այս քննարկումների ֆոնին, սակայն, բաց է մնում ամենակարեւոր խնդիրը. աշխատողների իրավունքների տոտալ ոտնահարումը անխտիր բոլոր ոլորտներում՝ սկսած մասնավորից, ավարտած պետական կառույցներով: Վերջինի դեպքում, իհարկե, ֆորմալ առումով ինչ-ինչ մեխանիզմներ ներմուծված են:

Քաղծառայողներին, օրինակ, այդքան հեշտ չէ կամայականորեն ազատել աշխատանքից: Սակայն, ինչպես մենք բոլորս գիտենք, Հայաստանում յուրաքանչյուր՝ անգամ ամենալավ օրենք, գործում է այնքանով, որքանով, իսկ քաղծառայողների դեպքում էլ կա հին ու բարի՝ սեփական դիմումի համաձայն ախատանքից ազատելու գործելաոճը: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ հարյուրտոկոսանոց անպաշտպան վիճակ է, եւ «Սաս»-ի աշխատակիցների այդ ժողովը դրա վառ, թեեւ ոչ ամենավատ դրսեւորումներից է:

Որն է այս իրավիճակը փոխելու ճանապարհը: Այս հարցում աշխարհը վաղուց արդեն գտել է լուծումը, մինչդեռ մեզանում դրա հեռավոր շողքն անգամ չկա: Բոլոր զարգացած եւ բազմաթիվ զարգացող երկրներում արհմիությունները ոչ միայն պաշտպանում են աշխատողների շահերը, այլեւ շատ դեպքերում իրենք են թելադրում գործատուներին խաղի կանոնները, հաճախ էլ ազդում ոլորտի քաղաքական որոշումների կայացման եւ ընդհանուր ռազմավարական օրակարգի ձեւավորման վրա:

Ինչու, ուրեմն, Հայաստանում այդպես էլ չեն ձեւավորվում արհմիությունները որպես ինստիտուտներ: Որն է պատճառը, որ այս հարցը դուրս է մնում նաեւ քաղաքական ուժերի տեսադաշտից: Ի վերջո, ինչպես կարելի է խոսել քաղաքացիների իրավահավասարության ու ազատությունների մասին, եթե համատարած կերպով ոտնահարված են նրանց հիմնարար՝ աշխատանքային իրավունքները: Սասի Արտակին կամ մեկ այլ օլիգարխի ու նրա կամակատար կոլեկտիվին այպանելու փոխարեն՝ ավելի լավ կլինի հանրային դիսկուրսը կենտրոնացնել այս հարցերի եւ դրանց պատասխանները գտնելու վրա:




Լրահոս