Ի՞ՆՉ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱՀԱՆԳԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր թիմը ստացել է փոփոխություններ անելու քվեն, այդ պատճառով իմ հորդորը բոլոր իմ թիմակիցներին՝ աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ՝ ե՛ւ պատասխանատվությունը, ե՛ւ համապատասխան ջանքերը, ե՛ւ բոլոր մեր գործողությունները: Այնպես որ, ուրախացնում եմ ձեզ՝ մեր աշխատանքային ռեժիմը ավելի է ծանրանում»,- այսպիսի «աչքալուսանքով» երեկ կառավարության նիստը սկսեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նկատենք, որ սա Կարապետյանի՝ արտակարգ ռեժիմով աշխատելու առաջին հրահանգը կամ հորդորը չէր: Վարչապետության անցած ութ ամիսների ընթացքում «դրայվասեր» կառավարության ղեկավարը մի քանի անգամ զգուշացրել է, որ պետք է օր ու գիշեր աշխատեն՝ արդյունք ստանալու համար: Սակայն հատկապես նախընտրական մեկ ամսվա ընթացքում գրեթե բոլոր գերատեսչություններում անսովոր խաղաղություն ու պասիվություն էր նկատվում: Պետական ապարատում աշխատողները՝ օգտվելով այն փաստից, որ իրենց ղեկավարներն ընկղմվել են քարոզչության թոհուբոհի մեջ, աչքաթող էին արել իրենց բուն պարտականությունները: Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը փորձեց գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել, թե ի՞նչ է փոխվելու վարչապետի այս հայտարարությունից հետո:

Լեւոն Ալթունյան, ՀՀ առողջապահության նախարար
-Պարո՛ն Ալթունյան, ի՞նչ է իրենից ենթադրում գերատեսչությունների արտակարգ ռեժիմով աշխատելը, եւ Ձեր նախարարությունը ի՞նչ է անելու արտակարգ ռեժիմով:
-Արտակարգ ռեժիմը նշանակում է, որ այդ ռեժիմի ներքո մենք աշխատելու ենք շաբաթական ոչ թե 40 ժամ, այլ 70, նշանակում է, որ շաբաթ եւ միգուցե որոշ կիրակիները բացակայելու են որպես հանգստյան օրեր:
-Այսինքն՝ աշխատելու եք նաեւ շաբաթ եւ կիրակի օրերի՞ն:
-Շաբաթ պարտադիր, կիրակի հնարավոր է:

Սուրեն Կարայան, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար
-Պարո՛ն Կարայան, վարչապետ Կարապետյանը արդեն որերորդ անգամ հրահանգում է աշխատել արտակարգ ռեժիմով: Հնարավո՞ր է, որ նախորդ հրահանգներից հետո նկատելի արդյունք չի եղել, դրա համար էլ եւս մեկ անգամ նման հրահանգ տվեց վարչապետը:
-Իմ կարծիքով, ուղղակի սա երեւի ազդակ էր, որ նույն տեմպերով շարունակենք:
-Դուք ո՞ր խնդիրներին եք արտակարգ ռեժիմով անդրադառնալու, արտակարգ ռեժիմով ի՞նչ աշխատանք եք կատարելու:
-Մեր բոլոր աշխատանքները:
-Նախընտրական քարոզչության շրջանում գրեթե բոլոր գերատեսչությունները մատնվել էին անգործության, եւ որեւէ շարժ չէր նկատվում…
-Ես մեր գերատեսչության մասին կարող եմ խոսել, եթե մեր գերատեսության կայքէջը նայեք, մենք երբեք պասիվ չենք եղել:
-Համենայն դեպս, ի տարբերություն նախորդ ամիսների՝ պասի՞վ չէիք:
-Ո՛չ, այդպես չէ:

Իգնատի Առաքելյան, ՀՀ գյուղատնտեսության նախարար
-Պարո՛ն Առաքելյան, վարչապետի՝ արտակարգ ռեժիմով աշխատելու հրահանգից հետո ո՞ր խնդիրներին եք անդրադառնալու, եւ ի՞նչ է իրենից ենթադրում գերատեսչությունների արտակարգ ռեժիմով աշխատելը:
-Բոլոր խնդիրներին էլ անդրադառնալու ենք: Մինչեւ այդ էլ արտակարգ ռեժիմով ենք աշխատել, տենց էլ աշխատելու ենք, դա հիշեցում էր:
-Նախընտրական շրջանում անգործության մատնվելու հետեւանք չէ՞ այս հայտարարությունը:
-Ո՛չ, ուղղակի որոշ գերատեսչությունների ղեկավարներ քանի որ արձակուրդում էին եւ զբաղվում էին ընտրություններով, դրա հետ էր կապված ընդամենը:
Վահան Մարտիրոսյան, ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
-Պարո՛ն Մարտիրոսյան, ինչի հետեւանք էր վարչապետ Կարապետյանի՝ արտակարգ ռեժիմով աշխատելու հրահանգը. հատկապես նախընտրական շրջանում նկատված անգործությա՞ն:
-Ո՛չ, նույն ձեւի ակտիվ աշխատել ենք առաջ, հիմա նորից հրահանգեց, որ այդ ակտիվությամբ շարունակենք եւ ոչ թե հանգստանանք:
-Բնականաբար կհիշեք, որ վարչապետը նման հրահանգներ էլի է հնչեցրել: Միգուցե դրանից հետո առաջընթաց չի՞ նկատել գերատեսչությունների աշխատանքներում:
-Ո՛չ: Նա ուղղակի միշտ նշում է, որ իր հսկողության տակ է, եւ պետք է աշխատենք շատ ակտիվ, լուծումներ գտնենք շատ արագ արձագանքենք ցանկացած հարցի, ուղղակի դա էր:
-Որքա՞ն է տեւելու արտակարգ ռեժիմը:
-Արտակարգ ռեժիմը տեւելու է ամբողջ մեր աշխատանքային գործունեության ընթացքում:
-Ի՞նչ խնդիրներ կան Ձեր ոլորտում, որոնք պահանջում են արտակարգ ռեժիմով աշխատանք եւ հրատապ լուծումներ:
-Շատ կան. ե՛ւ տրանսպորտային խնդիրներ, ե՛ւ ճանապարհային, ե՛ւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, խնդիրներ շատ կան, եւ լուծումները փորձում ենք արագ գտնել:
Հ.Գ. Գերատեսչությունների շատ ղեկավարներ չբարեհաճեցին անգամ կառավարության նիստից հետո իջնել ներքեւ եւ զրուցել լրագրողների հետ, թերեւս «ծլկեցին» իրենց սիրելի ետնամուտքով: Նկատենք, որ լրագրողներս արդեն մոռացել ենք, թե երբ ենք վերջին անգամ կարողացել կառավարության նիստերից հետո տեսնել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին եւ էլի մի քանի արտոնյալների: Համենայն դեպս, կարիք կա, որ վարչապետը եւս մեկ անգամ բոլորին հրահանգի լրատվամիջոցների հետ աշխատել բաց եւ թափանցիկ՝ պայմանով, սակայն, որ հրահանգելուց հետո իր օրինակով ենթականերին շփման ձեւը ցույց տա:

 

 

 

 
Ի՞ՆՉ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԿԱՏԵԼ ԿԸՀ-Ի ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Ապրիլի 4-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվեցին 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները: Եւ քանի որ թե՛ ընտրությունների ընթացքում եւ թե՛ արդյունքները հրապարակելուց հետո քաղաքական ուժերը հայտարարում էին, որ եղել են անճշտություններ, մասնավորապես կրկնաքվեարկություն, մահացածների փոխարեն ընտրելու դեպքեր, «Ժողովուրդ»-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից փորձեց պարզել՝ արդյո՞ք ուսումնասիրել են ցուցակները եւ արդյո՞ք նկատել են անճշտություններ:

Կոմունիստական կուսակցության անդամ Բորիս Գյուրջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ուսումնասիրել են այդ ցուցակները, բայց քանի որ դրանք նախնական են, զերծ կմնան որեւէ կարծիք հայտնելուց.«Մեր կուսակցությունը ավանդական կուսակցություն է, չենք ուզում շտապած լինենք եւ հայտնենք մեր կարծիքը, որ հետո չսխալվենք: Կիրակի օրը կհաստատվի ԿԸՀ-ի կողմից վերջնական ցուցակը: Երբ որ կհաստատի, մենք կնայենք եւ մեր կարծիքը կարտահայտենք»,- ասաց Գյուրջյանը՝ հավելելով, որ հրապարակված ստորագրված ցուցակներում անճշտություն չեն նկատել:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը եւս ուսումնասիրություն կատարել է, բայց կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի խոսքով՝ անճշտություն նկատելու համար պետք է ամբողջ բազային տիրապետես. «Իսկ դա, կարծում եմ, որեւէ մեկը չի տիրապետում, հնարավոր է՝ ուսումնասիրես միայն նրան, ում ճանաչում ես: Կարծում եմ, որ որեւէ կուսակցություն դա չի կարողանա անել, չի կարող ասել՝ մենք ուսումնասիրել ենք, ամեն ինչ հստակ է»,-ասաց Խաչատրյանը:
«Ելք» դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանն էլ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ուսումնասիրությունը ընթացքի մեջ է. «Դրա վերաբերյալ դեռեւս որեւէ բան չենք կարող հայտնել մամուլին»,- նշեց Զեյլանյանը:
Իսկ ահա ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց. «Ես հիմա հանձնարարել եմ, որ ուսումնասիրեն, ընթացքի մեջ է, առայժմ որեւէ բան չեմ կարող ասել»: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը եւս ուսումնասիրում է այդ ցուցակը, բայց վերջնական եզրակացության չի հանգել.«Ուսումնասիրում ենք, դեռ ուսումնասիրում ենք: Մենք մեր եզրակացությունը կհայտնենք»,- ասաց ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը: Նույն ընթացքի մեջ է նաեւ ՕՐՕ դաշինքը, որի անդամ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ այս պահին ուսումնասիրում են:
Իսկ «Ծառուկյան» դաշինքից եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից որեւէ կերպ հարցի պատասխանը ստանալ չհաջողվեց: Ընտրություններից հետո նրանք կարծես թե դեռ ուշքի չեն եկել:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Երեւանի ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանել Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում: Խիստ հսկողություն է սահմանված նաեւ ՀՀ պետական կառույցներում: Օրինակ` երեկ նկատեցինք, որ ՀՀ կառավարության շենքում ավելացվել է այն հսկող ԱԱԾ աշխատակիցների թիվը. եթե նախկինում երեք կամ 4 հոգի էին հսկողություն իրականացնում, ապա երեկ նրանց թիվը հասել էր 6-ի: Հիշեցնենք, որ 2015թ. Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի բացահայտումից հետո եւս ՀՀ բոլոր պետական կառույցներում խիստ հսկողություն սահմանվեց, եւ ԱԱԾ աշխատակիցները սկսեցին ինքնաձիգներով հսկել պետական կառույցները:

 

 

ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
Չնայած խորհրդարանական ընտրություններն անցել են, սակայն նախընտրական փուլում արձանագրված դեպքերի մասով հարուցված քրեական գործերը հետաքրքիր ընթացք են ստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ոստիկանության Գորիսի բաժին են հրավիրվել Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի ԲՀԿ հանձնաժողովի անդամ Հրայր Առաքելյանը եւ նրա կինը՝ Խոզնավար համայնքի դպրոցի ուսուցչուհի Արեւիկ Մանգասարյանը: Հիշեցնենք, որ համայնքի դպրոցի տնօրեն Վոլոդյա Զախարյանը իր մոտ էր հրավիրել իր ուսուցիչներից Արեւիկ Մանգասարյանին եւ պարզաբանում էր պահանջել առ այն, որ ամուսինը ԲՀԿ-ական է, ու եթե չի ուզում խնդիրներ լինեն, պետք է քվեարկեն ՀՀԿ օգտին: Եվ ահա երեկ իրավապահները Արեւիկ Մանգասարյանին կանչել էին հարցաքննության՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, չնայած հրապարակված ձայնագրությունում ամեն ինչ պարզ ու հասկանալի լսվում է:

 

 

ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են: «Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագնու ընտրություններին, որեւէ քաղաքական ուժից առաջարկ ստացե՞լ է, թե՞ ոչ. «Երբեք, բացի խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց, այլ բան չեմ նախատեսել: Չեմ բացառում, որ «Ելք»-ը նման առաջարկ նաեւ ինձ անի, բայց անկեղծ եմ ասում, որ ես բացարձակապես չեմ ցանկանում որեւէ մասնակցություն ունենալ»,- ասաց Սաֆարյանը: Իսկ նույն խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի՝ «Ելք» դաշինքի ցուցակով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին որոշման առնչությամբ Սաֆարյանը նշեց, որ օգնելու եւ ծափահարելու է Բախշյանին. «Հիմա եթե «Ազատ դեմոկրատներ»-ը չեն շարունակում իրենց պայքարը, իսկ Անահիտ Բախշյանը դեռեւս մեկ տարի առաջ գոնե առավելապես կողմնորոշված է եղել դեպի ավագանու ընտրություններ, բացարձակապես որեւէ բացասական կամ արատավոր բան չեմ տեսնում, որ այժմ մասնակցում է «Ելք»-ի հետ»,- եզրափակեց Սաֆարյանը:




Լրահոս