ԲՈՒՌՆ ԿՐՔԵՐ` ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՌԵՍՏՈՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս հայտնի դարձավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռեստորաններ, սրճարաններ բացելու նախաձեռնության մասին: «Օպերային թատրոնը պետք է ունենա ճաշելու եւ սնվելու իր բովանդակությանը հարիր հատված, որտեղ ե՛ւ թատրոնի արտիստները կսնվեն իրենց հատուկ սննդակարգով, ե՛ւ այցելուները կարող են համապատասխան միջավայրում ճաշել, եւ որտեղ հնարավոր կլինի հյուրեր ընդունել, կազմակերպել շնորհանդեսներ, տարբեր հյուրասիրություններ»,-նշել է նախարարը` հավելելով, որ նախագիծը մշակվում է եւ պատրաստ լինելուն պես անպայման կներկայացվի հանրության քննարկմանը։

Ծրագիրը, սակայն, դեռ կյանքի չկոչված` արժանացավ տարաբնույթ, երբեմն` ծայրահեղ մեկնաբանությունների: Հայ հանրության մի ստվար զանգված սոցցանցերում կարծիք է հայտնում, որ օպերային շենքում ռեստորանի բացումը հակաէսթետիկ եւ հակամշակութային ծրագիր է: Մյուս մասը շեշտում է, թե շատ կարեւոր է` ինչպես կիրականացվի տվյալ ծրագիրը: Նրանք տարակուսում են` որտեղ է լինելու ռեստորանի մուտքը, կստացվի արդյո՞ք օպերային շենքում բարձր մակարդակով ռեստորան կառուցել, որտեղ կհնչի իսկապես բարձրաճաշակ երաժշտություն, չի մատուցվի քաբաբ եւ խորոված, ինչպես հարկն է` կկատարվի օդափոխություն եւ ձայնամեկուսացում: Մարդիկ իրենց մտահոգությունը հայտնում են նաեւ` հաշվի առնելով նախկինում գրանցված «տխուր» փորձերը, ինչպիսին, օրինակ, Ֆիլհարմոնիկի շենքին հարակից բացօթյա սրճարանն է:
Այնուամենայնիվ, քիչ չեն այն քաղաքացիները, որոնք մատնանշում են օպերային թատրոններում ժամանցի վայրեր ստեղծելու ամերիկյան, եվրոպական եւ ռուսական փորձը: Նրանք բերում են Վիեննայի, Նյու Յորքի, Փարիզի, Սիդնեյի եւ այլ քաղաքների օպերային հայտնի թատրոնների օրինակները (դրանցում գործում են բարձրաճաշակ ռեստորաններ, որոնք զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող վայրերից են):
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, սակայն, այն համոզման է, որ թատրոնի շենքում ռեստորան կառուցելու գաղափարը որեւէ պայմանով իրականացվելու իրավունք պիտի չստանա. «Մենք պիտի վերջապես կարողանանք տարբերակել հոգեւոր կառույցը սննդի օբյեկտից, չի կարելի ամեն բան վերածել զվարճանքի ու խրախճանքի վայրի` հանուն երկու կոպեկ ավել գրպանելու մոլուցքի: Օպերայի շենքը միշտ եղել ու մնում է մեր մշակութային ձեռքբերումների խորհրդանիշը: Կարելի էր գոնե տարրական հարգանք ունենալ դրա հանդեպ, եթե չկա «ֆայմելու» քթածակը: Նույնիսկ բնակարանը, որ բնակարան է, իր մասնաբաժիններն ունի` ննջարան, հյուրասենյակ, խոհանոց, լոգարան: Ու երբեք որեւէ մեկը բնական չի համարի, եթե ուտելիքը պատրաստեն ննջարանում կամ հյուրասենյակում լողանալու գնան: Ուրեմն ինչո՞ւ, ո՞ր տրամաբանությամբ օպերայի շենքը պիտի դառնա մի կտոր հաց ուտելու տեղ: Այս ստամոքսային մտածողության արդյունքում մենք արդեն շատ ամոթալի նախադեպեր ունենք, եւ կարծես թե դրա վերջը չի երեւում: Արվեստն ու վաշխառուական մտածողության համատեղումը միշտ, բոլոր ժամանակներում միայն այլանդակներ է ծնել: Եվ ինձ համար անչափ զարմանալի էր լսել, որ նախարար Ամիրյանն ասում է, թե ինքը չի վախենում քննադատությունից: Քննադատությունը նրա համար չէ, որ ինչ-որ մեկին վախեցնի: Քննադատությանը պետք է ականջ դնել ու հետեւություններ անել, այլապես քաջ տղա երեւալու չհիմնավորված սեւեռումները ամեն անգամ իրենց ետեւից ավերակներ են թողնելու: Ավերակների վրա ինչպե՞ս պիտի թագավորի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց նա:
Իսկ հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը, անդրադառնալով այն հարցին, թե որտեղից է ծայր առնում թեմայի շուրջ դժգոհությունը, երկու պատասխան է առաջ քաշում. «Նախ` նման ծրագրերի հանդեպ չկա որեւէ վստահության ռեսուրս, մարդիկ համոզված են (բազմամյա դառը փորձից), որ իշխանության ներկայացուցչի կողմից եկող ցանկացած առաջարկի տակ պետք է փնտրել ոչ թե լավը անելու ձգտում, այլ նյութական շահի ակնկալիք: Հարցեր կան, որոնց պետք է անպայման պատասխանել. արդյո՞ք սրճարանը լինելու է այդպիսի մի համեստ, օպերային սազող վայր, արդյո՞ք հասույթը օպերային է գնալու եւ այլն: Երկրորդ, ու գուցե ավելի կարեւոր հարցը՝ այսօր մշակույթին առնչվող ցանկացած ձեռնարկի առաջին պլանում «մշակութակից» բիզնես գաղափարներն են, իսկ ավելի խորքային, համակարգային բազմաթիվ խնդիրներ մնում են ստվերում` քննարկման իրենց տեղը զիջելով սրճարանների ու հուշանվերների վաճառքի խնդրին: Իհարկե, կարեւոր է կարողանալ մշակութային բաղադրիչը համադրել բիզնես բաղադրիչի հետ ու փորձել գոնե մասամբ ֆինանսավորել մշակույթը` ինքնածախսածածկման միջոցով: Այնուհանդերձ, կա խնդիրների մի հսկա ցանկ, որոնք մեծ հաշվով այդ հարցի հետ ընդհանրություն չունեն, բայց մնում են որեւէ քննարկումից դուրս, նույնիսկ չի հասկացվում` կա արդյոք այդ խնդիրների խորության գիտակցումը մշակույթի ոլորտի պատասխանատուների մոտ։ Շատ հնարավոր է, որ կա, շատ հնարավոր է, որ փնտրվում են խորքային խնդիրների լուծումներ, սակայն, ցավոք, առայժմ ամենից առաջնահերթ խոսվում է սննդի կետերի ու ժամանցի այլ հնարավորությունների` մշակութային բաղադրիչի հետ համադրման մասին»:
Նա համոզված է, որ եթե մեկնարկի համապատասխան քննարկում հասարակության` մշակույթի խնդիրներով շահագրգիռ անհատների ու պետության միջեւ, այն ժամանակ նույնիսկ չենք էլ նկատի` ով որտեղ ինչ սրճարան կառուցեց: Լիլիթի խոսքով` երբ պետությունը ցույց տա, որ գիտակցում է խնդիրների խորությունն ու պատրաստ է գնալ լուրջ փոփոխությունների մշակութային քաղաքականության մեջ, այդ ժամանակ օպերային ներկայացման ընդմիջմանը մի բաժակ շոմպայն ըմպելն ու սենդվիչ համտեսելը միայն հաճելի կլինի։

 

 

 
ԱՐԱԲՈ ԻՍՊԻՐՅԱՆՆ ԱՆՑԵԼ Է ՆԱԵՎ 6/8-Ի

Ազգային, ժողովրդական երգերի կատարող Արաբո Իսպիրյանը ամռանը` հունիսին, առաջին անգամ հանդես կգա մենահամերգով: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում:

«Իհարկե, նախկինում բազմիցս ընդգրկված եմ եղել տարբեր համերգներում, բայց սպասվելիք ծրագիրն աննախադեպ է: Այն, միանշանակ, պարտավորեցնող է ինձ համար: Հանդիսատեսին սպասվում են լուսային հետաքրքիր շոուներ, նախատեսվում է սիմֆոնիկ նվագախմբի նվագակցություն: Համերգի ընթացքում կհնչեն մի շարք նոր երգեր, այդ թվում` դուետներ»,-ասաց Արաբոն:
Մենք հետաքրքրվեցինք` իր հայրիկի` երգիչ Ներսիկ Իսպիրյանի հետ դուետներ սպասվո՞ւմ են. «Իհարկե, ելույթ կունենամ նաեւ հայրիկիս հետ: Իսկ մյուս զուգերգերի մասին առայժմ մանրամասներ չեմ հայտնի, թող մնա որպես անակնկալ»,-մեկնաբանեց Արաբոն:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ապրիլի վերջին կթողարկի նոր տեսահոլովակ` հայրենասիրական երգի հիման վրա (հեղինակ` Էդգար Ալեքսանյան): Արաբոն խոստացավ ուշագրավ սցենարով տեսահոլովակ:
Հարցին, թե հեշտ է արդյոք միաժամանակ հանդես գալ ժողովրդական եւ փոփ ժանրերում, երգիչը պատասխանեց. «Ինձ համար` այո, դա, արդեն կախված է տվյալ կատարողից»:
Իսկ մեր այն դիտարկմանը, որ Արաբոն, կարծես, վերջին շրջանում սկսել է հանդիսատեսին ներկայացնել 6/8 չափի երգեր, վերջինս չհակադարձեց. «Այո՛, մի քանի երգ արդեն մատուցել եմ ժողովրդին եւ դրական արձագանքներ եմ ստացել»:
Արաբոն հավելեց նաեւ, որ ունի համերգների հրավերներ արտերկրից, այնպես որ պատրաստվում է աշնանը մեկնել շրջագայությունների:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՌՈՔ ՀԱՄԵՐԳ
Բրիտանական լեգենդար Napalm Death ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում: Մայրաքաղաքը վերջին շրջանում ռոքային տրամադրության մեջ է. դրա վառ օրինակը մարտի վերջին անցկացված «Music Drive» ռոք փառատոնն է: Իսկ սպասվելիք համերգը Zhesht Events-ի հերթական անակնկալն է ռոքի սիրահարներին: Grindcore-ի եւ Death Metal-ի լեգենդ համարվող խումբը ելույթ կունենա ապրիլի 20-ին՝ «Vitamin» ակումբում: 1981 թվականին հիմնադրված խմբի հետ հանդես կգան նաեւ ռուսական Tacit Fury-ն եւ վրացական DismoriaԼ խումբը:

 

 

ԴԻ ԿԱՊՐԻՈՆ ՀԻԱՑԵԼ Է
Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմում ներգրավված ողջ խմբին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը եւ Շառլոտ Լե Բոնը Թերի Ջորջի ռեժիսուրայում հիանալի կերպով են ներկայանում «Խոստումը» ֆիլմում: Ծափահարում եմ ողջ թիմին, ինչպես նաեւ իմ լավ ընկեր, լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյին, ում անսպառ տաղանդը, նվիրումն ու հանձնառությունը այս կարեւոր նախաձեռնությունն ու ծրագիրը կյանքի կոչեցին»,- նշել է նա:

 

 

THE BEATLES-Ի ԱՆՀԱՅՏ ԵՐԳ
The Beatles լեգենդար խմբի կիթառահար Ջորջ Հարիսոնի այրին` Օլիվիա Հարիսոնը, հայտնաբերել է նախկինում չձայնագրված երգի ձեռագիր: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այն կոչվում է «Hey Ringo» եւ նվիրված է խմբի թմբկահար Ռինգո Սթարին: Տեքստը գրվել է 1970-ական թվականներին: Հարիսոնը կյանքից հեռացել է 2001 թվականին: «Ես պատրաստվում եմ այդ ձեռագիրը դնել շրջանակի մեջ եւ նվիրել Ռինգո Սթարին»,- ասել է Օլիվիա Հարիսոնը:

 

 

XV ԴԱՐԻ ԲԱԺԱԿ
Հոնկոնգում` Sothebys աճուրդում, չինական Մին դինաստիայի ժամանակ պատրաստված ճենապակե բաժակը վաճառվել է $29,5 մլն-ով։ 23 սմ տրամագծով պատրաստված սպիտակ ճենապակե բաժակը զարդարված է կապուկ ձկան եւ լոտուս ծաղկի պատկերով։ 1963թ-ին այդ բաժակը ներկայացված է եղել Տոկիոյի Ազգային թանգարանում, իսկ 1966թ-ին` Kyoto International Manga թանգարանում։




Լրահոս