Այս խնդիրը պետք է լուծվի մինչև 2019թ.-ի ավարտը. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջարկած «Ազգ­ բանակ» հայեցակարգն ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակությանը Հայաստանի հասարակության մեջ: «Ազգ-­բանակ­2017» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Այսօրվա համաժողովն էլ հարթակ է, որն ամրացնելու է մեր հասարակության կապը զինված ուժերի հետ: Այսօր քննարկվելիք նոր նախաձեռնությունները ինչպես նաև տարիների կուտակած ներուժը լուրջ հիմք կստեղծեն զինված ուժերում մտավորական սպաների ներգրավման համար»,­ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ պետությունը շարունակելու է հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցների և նրանց ընտանիքների հանդեպ հոգատարություն ցուցաբերելու իր հանձնառությունը:

«Ես արդեն հանձնարարել եմ պաշտպանության նախարարին՝ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհապաղ ապահովել բնակարաններով: Այս խնդիրը պետք է լուծվի մինչև 2019թ. ավարտը»,­ նշեց ՀՀ Նախագահը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ազգ­բանակ­2017» խորագրով համաժողովը՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Համաժողովը կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովին մասնակցում են պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, ՀԿ­ ների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում նախատեսված է հագեցած մրցութային ծրագիր, սահմանված են հատուկ մրցանակներ հաղթողների համար: Կկազմակերպվեն նաև հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ: Համաժողովի ընթացքում կկազմակերպվեն քննարկումներ «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները ՀՀ­-ում», ««Ազգ-­բանակ. Անվտանգության բանաձև» թեմաներով:




Լրահոս