Հայ-թուրքական արձանագրությունների սառեցումը չարյաց փոքրագո՞ւյն. Սերժ Սարգսյանի անհեռատես քաղաքական ավանտյուրայի հետևանքները. խմբագրական

Հայ-թուրքական արձանագրությունների սառեցումը չարյաց փոքրագո՞ւյն. Սերժ Սարգսյանի անհեռատես քաղաքական ավանտյուրայի հետևանքները. խմբագրական

Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա սահմանադրական փոփոխությունների հնարավոր ազդեցությանը՝ Ստամբուլում հրատարակվող «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը հայտարարել է, թե միգուցե լավ է եւ բարեբախտություն, որ Հայաստանը եւ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել մինչ այժմ:

Ընդամենը երկու օրից, հիշեցնենք, լրանում է հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկի 8-րդ տարելիցը: 2009թ. ապրիլի 22-ին հայ հանրությունը մեկեն տեղեկացավ, որ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Շվեյցարիայի ԱԳ նախարարի միջնորդությամբ ստորագրել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը: Թե ինչ ընթացք ունեցավ այդ գործընթացը, հայտնի է բոլորին, եւ թերեւս Էստուկյանի հանգույն՝ պիտի կրկնենք, որ «միգուցե լավ է եւ բարեբախտություն», որ ֆուտբոլային կոչված այդ տխրահռչակ արկածախնդրությունը հենց նման հանգուցալուծում ունեցավ:

Այլապես դժվար է պատկերացնել, թե ինչ մարտահրավերների առջեւ կարող էր կանգնել Հայաստանը, եթե ունենար բաց սահմաններ ներկայիս Թուրքիայի նման մի երկրի հետ, որտեղ ահաբեկչական խմբավորումներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Արդյոք որեւէ մեկը կարող էր երաշխավորել, որ այդ դեպքում Թուրքիայից Հայաստան չէին ներթափանցի տարատեսակ ահաբեկչական տարրեր՝ փորձելով իրենց գործունեությունը ծավալել նաեւ Հայաստանի տարածքում: Նկատենք, որ Հայաստանում ապակայունացման օջախներ ստեղծելու հարցում շահագրգռություն ունեցողների պակաս չկա, եւ Թուրքիայից կամ առավել եւս՝ Ադրբեջանից բացի՝ այդ հնարավորությունից կշտապեին օգտվել նաեւ նույն Իսլամական պետության զինյալները եւ այլ ուժեր:

Մյուս կողմից էլ՝ Ցեղասպանության հարցում արձանագրություններում ամրագրված անընդունելի զիջման եւ սահմանների ճանաչման գնով գնալով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման՝ Հայաստանը վստահաբար կանգնելու էր կոտրած տաշտակի առաջ, քանի որ դա ոչ միայն տորպեդահարելու էր ճանաչման գործընթացը, այլեւ կարճ ժամանակ անց ամբողջովին փոփոխվելու էր էրդողանական սուլթանատի վերածվող երբեմնի ժողովրդավար այդ երկրի քաղաքակրթական վեկտորը՝ 0 խնդիրներ հաեւանների հետ կանցեպտի փոխարեն կանգնեցնելով 0 հարեւաններ՝ առանց խնդիրների իրողության առաջ: Սիրիայում ծավալվող արյունալի գործընթացը դրա ցցուն օրինակն է, եւ այն չէր կարող չունենալ իր չափազանց վտանգավոր ազդեցությունը Հայաստանի վրա՝ հաշվի առնելով նաեւ Սիրիայում հայկական համայնքի գործոնը:

Այնպես որ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի ստորագրումից 8 տարի անց ստիպված ենք արձանագրել, որ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի սառեցումը չարյաց փոքրագույնն էր՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած անհեռատես քաղաքական ավանտյուրայի հնարավոր հետեւանքներից: