Վերաքննիչ դատարանը քիչ հետո քննելու է Սամվել Բաբայանին կալանքից ազատ արձակելու հարցը

Վերաքննիչ դատարանը քիչ հետո քննելու է Սամվել Բաբայանին կալանքից ազատ արձակելու հարցը

Վերաքննիչ դատարանն այսօր, ժամը 17:00-ին քննելու է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը:

Նշենք, որ Բաբայանը ներկա է լինելու նիստին։

Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ Սամվել Բաբայանը ցանկություն էր հայտնել մասնակցել բողոքի քննությանը: Դատարանը բավարարել էր նրա ներկայությունն ապահովելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

Հավելենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները:

Պարզվում է` քննչական մարմնի աշխատակիցները, չնայած գործադրվող ջանքերին, այնուամենայնիվ, չեն կարողացել գործող անձանց եւ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի խողովակի հետ կապ գտնել: Դրա համար նշանակվել է փորձաքննություն, որպեսզի պարզեն` գոնե մատնահետքեր կա՞ն «Իգլայի» վրա:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն այս գործով նշանակել է մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունն արդեն ներկայացվել է կալանավորված անձանց: