Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) դատական հայց է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը:

ԺԴԿ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ահմեթ Յըլդըրըմը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի նախագահ Սադի Գյուվենի և հանձնաժողովի մյուս անդամների դեմ՝ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:

Անկարայի արդարադատության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Ահմեթ Յըլդըրըմը հայտարարել է, որ անհրաժեշտ է չեղյալ համարել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները:

ԺԴԿ պատգամավորը ընդգծել է, որ այս հանրաքվեն Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ, թերևս, ամենակարևոր հանրաքվեն էր: Նա հիշեցել է, որ ապրիլի 16-ին՝ ընտրությունների ավարտից կարճ ժամանակ անց ԿԸՀ-ն հանդես է եկել առանց կնիքի քվեաթերթիկների մասին վճռորոշ հայտարարությամբ:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու անդամները բացահայտորեն անտեսել են իրենց պարտականությունները և հենց իրենք են ստվեր գցել հանրաքվեի վրա: Քանի դեռ հանրաքվեի արդյունքները չեն չեղարկվել այս հանրաքվեն հասարակության կողմից օրինական չեն համարվի», – ասել է Յըլդըրըմը:

Պատգամավորը նկատել է տվել, որ երեկ Թուրքիայի մեջլիսը գործել է ընդամենը 4 ժամ, և մեջլիսի աշխատանքների հապշտապ դադարեցման նպատակն այն է եղել, որպեսզի օրակարգ չբերվի հանրաքվեի օրինականության հարցը: