Ինչ կապ ունի ազատ տնտեսական գոտու մասին պայմանագիրը Իրանի հետ ազատ առևտրային գոտի ստեղծելու նախաձեռնության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը երեկ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր է ստորագրել «Սյունիքի ազատ տնտեսական գոտի» անունը կրող ՍՊԸ-ի հետ:

Պայմանագիրն էլ ստորագրել են նախարար Սուրեն Կարայանն ու այդ ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Ղուկասյանը: Տեղի ունեցածը, սակայն, հետաքրքիր է մեկ այլ իրողության համատեքստում. Բիշքեկում ապրիլի 14-ին անցկացված ԵՏՄ բարձրագույն խորհրդի գագաթնաժողովին չէր ստորագրվել Իրանի հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը, եւ ինչպես նշել էր ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ԵՏՄ անդամ երկրներին չի բավարարել փաստաթղթի վերաբերյալ Իրանի պատասխանը: Ու, փաստորեն, այդքանից հետո ՀՀ-ն Իրանի սահմանամերձ մարզում ինքնուրույն նախաձեռնություն է ցուցաբերում, մի հանգամանք, որը հազիվ թե աննկատ մնա ռուսական կողմի աչքից:

Երեկ «Ժողովուրդ»-ը նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ստորագրված փաստաթուղթը կապ ունի Իրանի հետ ազատ առեւտրային գոտի ստեղծելու նախաձեռնության հետ: «Սյունիքի Ազատ տնտեսական գոտին մոտ է լինելու հայ-իրանական սահմանին. ակնկալում ենք, որ համագործակցություն կհաստատվի Իրանի «Արազ»ԱՏԳ-ի հետ: Իսկ Իրան-ԵԱՏՄ Ազատ սռևտրի համաձայագրի շուրջ բանակցությունները շարունակվում են», – փոխանցեց նա:




Լրահոս